Բաց ու թափանցիկ

31/03/2011

«Հավասարների հավաք» կոչվող նախաձեռնությունն արձագանքել է Հայ Ազգային կոնգրեսի հայտարարություններին` առաջարկելով առաջիկա անելիքների վերաբերյալ հստակեցնել եւ հանրայնացնել ակնկալվող առաջարկների քննարկման, ընդունման ու հրապարակման սկզբունքները եւ մեխանիզմները: Հիշեցնենք, որ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ՀԱԿ առաջորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի` օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ: Իսկ մարտի 24-ին ՀԱԿ-ը հայտարարությամբ դիմել էր բոլորին` կոչ անելով նախապատրաստվել ապրիլի 8-ի հանրահավաքին եւ հանդես գալ այդ օրվա անելիքների վերաբերյալ առաջարկներով: «Արձագանքելով այս երկու հայտարարություններին` առաջարկում ենք հետեւյալը. հստակեցնել եւ հանրայնացնել ակնկալվող առաջարկների քննարկման, ընդունման ու հրապարակման սկզբունքները եւ մեխանիզմները` ոչ միայն առաջիկա հանրահավաքի անելիքների պարագայում, այլեւ` այսուհետ: Այսպիսով, Համաքաղաքացիական շարժման մասնակիցները կկարողանան ժողովրդավարական հիմունքներով ներգրավվել որոշումների կայացման գործընթացին: Համոզված ենք, որ միայն թափանցիկ, բաց, ժողովրդավարական գործելաոճը ի վիճակի կլինի ապահովել կայացվելիք որոշումների օրինականությունը եւ կհզորացնի Շարժումը»,- ասվում է «Հավասարների հավաքի» առաջարկում: