«Պարզ է, որ սրա տակ մի բան կա»,- վստահ է Ժիրայր Սէֆիլյանը

31/03/2011

«Երբ ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հետ համաձայնաբար գնում է ընտրությունների, պարզ է, որ սրա տակ մի բան կա»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը` ընդգծելով, թե այսօր ընդդիմադիր դաշտում ավելի շատ գործում է իշխանության հետ գործակցելու, երկխոսելու տրամաբանությունը: Ժիրայր Սէֆիլյանի համոզմամբ` ռազմավարական առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի խմբերի մեջ տարբերություն չկա. նրանց մեջ տարբերությունը միայն մարտավարական մանր խնդիրների մեջ է: Ի դեպ, ըստ նրա, ստեղծված իրավիճակից Արեւմուտքն «օգուտ ունի». «Ուստի այն օրը, երբ հայ-թուրքական հարաբերությունները սկսեն բարելավվել, ապա հաջորդ հռետորական հարցը կլինի, թե ինչ են անում այստեղ ռուսական զորքերը: Ռուսաստանն այս օրերին ինչ-որ չափով գիտակցել է, որ ինքը խաբված վիճակում է, այսինքն` Սերժ Սարգսյանը շատ ավելի խորը ձեւով կապերի մեջ է Արեւմուտքի հետ, քան Ռուսաստանի»: Ըստ Ժ. Սէֆիլյանի` եթե Հայաստանում Ռուսաստանի միջամտությամբ ականատես եղանք իշխանական կոալիցիայի ծնունդին, ապա ընդդիմադիր դաշտի ներկա վերադասավորումները պետք է դիտարկել որպես Արեւմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի կողմից «թելադրված եւ վերահսկված գործընթացի»: Նրա խոսքով`արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական ալիքները ստիպել են աշխարհաքաղաքական կենտրոններին վերանայել իրենց դիրքորոշումն ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ մեր տարածաշրջանի վերաբերյալ: Ժ. Սէֆիլյանի համոզմամբ` աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ ոչ թե ռազմավարության, այլ մարտավարության փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը ենթադրում է ինչ-որ գործընթացների արագացում. «Ռուսաստանը շատ մտահոգ է արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխական ալիքից, եւ նրանք երբեք չէին ցանկանա, որ այդ ալիքը կյանքը ստանար Հարավային Կովկասում, ի մասնավորի` նաեւ Հայաստանում: Նրանք ամեն գնով իրենց ուժերը լարելով` փորձել են հասնել անցած ամիսներին Հայաստանում քաղաքական ստատուս-քվոյի պահպանմանը: Իսկ ինչ վերաբերում է Արեւմուտքին եւ ի մասնավորի` Միացյալ Նահանգներին, նրանք օգտագործելով այս խառը իրավիճակը, նույնպես փորձում են իրենց ռազմավարական նպատակին հասնել»:

Ժիրայր Սէֆիլյանը երեկ նաեւ կոչ է արել ՀԱԿ-ին` հետ կանգնել այն ճանապարհից, որով այժմ ընթանում են. «Այս օրերին մենք չպետք է նայենք, թե ինչ է ասում ՀԱԿ-ի ղեկավարությունը, այլ պետք է նայենք, թե ինչ է նա անում: Պետք է հրաժարվել միավորման, համախմբման կոչերից: Դրանք ես համարում եմ սին եւ անիմաստ: Քաղաքական միավորման որեւէ փորձ չպետք է անել, պետք է տեղի ունենա կոորդինացիա, պետք է համակարգել»,- ասել է նա` հավելելով, թե պետք է համակարգման կամ քայլերի պլանավորման փաթեթ ստեղծել, որի տրամաբանությունը չպետք է բխի «փոփոխություններ ընտրությունների միջոցով» գործողությունից: Ժ. Սէֆիլյանի կարծիքով` Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների միջոցով հասնել, ուստի փոփոխությունների հասնելու համար նախ` պետք է «պատրաստվել, հետո իջնել փողոց»: Ի դեպ, ըստ նրա` իր առաջարկած այս տարբերակը «հնարավորինս զերծ է բռնություններից»: Նրա խոսքով` իրենց առաջարկած տարբերակով «ռեժիմի տապալումից հետո պետք է ստեղծել ժամանակավոր կառավարություն, ապա անցկացնել օրինական ընտրություններ եւ ձեւավորել լեգիտիմ իշխանություն»: Ժ. Սէֆիլյանը ՀԱԿ-ին առաջարկել է ընդդիմադիր ուժերի համախմբման, համակարգման համար «Լեւոն, նախագահ» կարգախոսի փոխարեն` հնչեցնել համախմբող կարգախոսներ` ուղղված համակարգի հեռացմանը։ «Լեւոն, նախագահ» լոզունգը արդյունավետ չէ համախմբման համար»,- ասել է Ժ. Սէֆիլյանը: Մեկ այլ առաջարկով` նա ՀԱԿ-ին կոչ է անում բեմահարթակ հրավիրել բոլոր ընդդիմադիր միավորումներին ու ասել, որ ինքն այլեւս նախագահի թեկնածու չէ: «2008թ. օրերը չէ, որ մենք այսօր ապրում ենք: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. ասում էր, որ` ինձ օգտագործեք որպես գործիք եւ միաժամանակ նախագահի թեկնածությունն էր առաջադրում, ապա հիմա նա պետք է ասի` ինձ օգտագործեք որպես գործիք, որ ես կարողանամ բոլորիդ հետ միասին, լուրջ ծրագրի շուրջ, ժողովրդի նոր ուժի վրա հենվելով` օր առաջ ձերբազատվել այս ռեժիմից»,- Լ. Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տվել Ժ. Սէֆիլյանը: Նա նաեւ կոչ է անում Լեւոն Տեր-Պետրոսյանին` հարթակը տրամադրել երիտասարդներին: Ի դեպ, Ժ. Սէֆիլյանը երեկ հայտարարել է, որ ինքը ոչ հրապարակային հանդիպումներ է ունեցել ՀԱԿ-ի ներկայացուցիչների եւ ղեկավարների հետ ու ներկայացրել է իր վերոնշյալ առաջարկները:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, Ժ. Սէֆիլյանն ասել է, թե Լիբիայում տիրող իրավիճակի հետ կապված` իրենք Արցախում կարճատեւ պատերազմի վտանգ են տեսնում. «Կա վտանգ, որ եթե Արեւմուտքը համարձակվի ցամաքային զորքեր մտցնել Լիբիա, Ռուսաստանը Հարավային Կովկաս զորքեր կմտցնի: Մենք նաեւ ինչ-որ տեղեկություն ունենք այս բոլորի շուրջ: Իսկ Հարավային Կովկաս զորք մտցնելու համար միակ դուռն Արցախն է, ուրիշ դուռ չի մնացել: Այս իմաստով կարճատեւ պատերազմի վտանգ մենք տեսնում ենք»: Իսկ ինչ վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանը ռմբակոծելու մասին Ադրբեջանի հայտարարություններին, ապա նա ասել է, թե Իլհամ Ալիեւն այն մեծ «կալիբրի գործիչը չէ, որ ինքնուրույն կարողանա պատերազմ սկսել»: «Բարեբախտաբար, մեր ռեգիոնում աշխարհաքաղաքական կենտրոնների շահերն այնքան խաչաձեւված են ու լարված, որ այդ պատճառով արդեն երկար տարիներ հետաձգվում է պատերազմը, ու նաեւ հետաձգվում է կոնֆլիկտի լուծումը: Այս իմաստով ես ալիեւյան ճակատից պատերազմ սկսելու մտավախություն չունեմ»,- ասել է Ժ. Սէֆիլյանը։