ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մարտի 29-ից մեկնարկած Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական եւ արաբական կազմակերպությունների 3-րդ համագումարի աշխատանքներին: Արաբական եւ եվրոպական 45 բարձրագույն վերահսկիչ մարմինները քննարկել են տնտեսական, սոցիալական բնույթի տարածաշրջանային եւ ազգային մարտահրավերների ներկա վիճակը: ՎՊ մամլո ծառայության տրամադրած հաղորդագրության համաձայն` ՎՊ պատասխանատուները կարեւորել են վերահսկիչ պալատների աշխատանքի արդյունավետության բարձրացումը եւ նախանշել այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը, այդ թվում` կոռուպցիայի դեմ տարվող պայքարի օպտիմալացում, կենտրոնացում եւ հստակեցում, ինչպես նաեւ` վերահսկիչ պալատների գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության ավելի ամրապնդում: Աշխատանքային այցի շրջանակում Իշխան Զաքարյանն առանձին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Իսպանիայի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների վերահսկիչ մարմինների ղեկավարների հետ, եւ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ` ճշտվել երկկողմ այցելությունների կոնկրետ ժամանակացույցները: Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական եւ արաբական կազմակերպությունների 3-րդ համագումարի աշխատանքները կավարտվեն մարտի 31-ին: