Այս շաբաթվա վերջին Ռուսաստանում կարող են հայտնվել աշխատանքային ներգաղթյալների` երկրում գտնվելու նոր պայմաններ: Ինչպես պնդում են Դաշնային միգրացիոն ծառայության` ԴՄԾ ներկայացուցիչները, արմատապես կվերանայվի աշխատանքային միգրանտների նկատմամբ վերաբերմունքը: Մասնավորապես` խոսքը վերաբերում է Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացողների համար ներկայումս գործող աշխատանքի քվոտաների լիակատար վերացմանը եւ նրանց աշխատանքի տեղավորմանն առավելագույնս աջակցելու հնարավորությանը: Ենթադրվում է նաեւ, որ ընդունվելիք նոր օրենքներն անիմաստ կդարձնեն անօրինական միգրացիոն գործընթացները, այսինքն` ըստ էության կօրինականացնեն ներկայիս բոլոր անօրինական ներգաղթյալներին, իսկ ապագայում Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացողների համար ավելի հեշտ եւ շահավետ կլինի գործել օրենքի համաձայն, քան թե զանազան «հնարամիտ մանեւրներ» հորինել` աշխատանքի ընդունվելու համար, եւ թաքնվել միգրացիոն ծառայություններից: Միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգի հարցը մոտ օրերս կքննարկվի կառավարական հանձնաժողովի նիստում` ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի նախագահությամբ:
Այսօր Ռուսաստանում ներգաղթյալների իրավիճակը շատ խճճված է: Մի կողմից` շրջանները տնքում են գործազրկությունից կամ փաստացի գործազրկությունից. այսինքն` մարդիկ աշխատանք կարծես թե ունեն, սակայն աշխատավարձերն այնքան չնչին են, որ այն հավասար է աշխատանք չունենալուն, մյուս կողմից` աշխատուժի ավելցուկ է նկատվում խոշոր քաղաքներում եւ հումքով հարուստ շրջաններում: Ընդ որում` միգրանտները, որ մեծ մասամբ ԱՊՀ երկրներից են, հիմնականում զբաղվում են ծանր աշխատանքով, օրինակ` աշխատում են շինարարության ոլորտում, քաղաքային սանիտարական ծառայություններում: Ընդ որում` միշտ չէ, որ օրինական հիմունքներով: Եվ այստեղ երկակի իրավիճակ է ստեղծվում. բավական է իշխանությունները փորձեն նրանց տեղափոխել օրինական դաշտ, այսինքն` այս կամ այն ոլորտը մաքրել ապօրինի ներգաղթյալներից, անմիջապես խնդիրներ կծագեն: Բոլորն էլ հիշում են, թե ինչպես Մոսկվայի իշխանությունները հանկարծ հայտնաբերեցին, որ մայրաքաղաքի հավաքարարների մոտ 80%-ը Ղրղըզստանի քաղաքացիներ են: Շատերն աշխատում էին` շրջանցելով միգրացիոն օրենքները: Սկսվեց ԲՇՏ-ների եւ այլ կառույցների «մաքրումը»: Մի շաբաթ անց մոսկվացիները աղմուկ-աղաղակ բարձրացրին. ամենուրեք սկսեց զգացվել հավաքարարների պակասը` դրանից բխող հետեւանքներով: Իշխանությունները ստիպված եղան ետ դադարեցնել այդ գործընթացը, իսկ ղրղըզները վերադարձան իրնեց նախկին աշխատանքին:
Միգրանտների դեմ անսպասելի հայտարարված պայքարի մյուս պատճառն է՛լ ավելի անհեթեթ էր: Երբ էթնիկ հողի վրա կատարված սպանությունների մակարդակը հերթական անգամ շատ բարձրացավ (եթե, իհարկե, մարդկային կյանքը չափենք նման չափանիշներով), ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն անգամ հայտարարեց, թե իբր, եթե օտարերկրացիներ չլինեն, նման քանակի սպանություններ նույնպես չեն լինի: Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ ֆաշիստական տրամադրություններ ունեցող տեղի խաժամուժի համար առանձնապես մեծ տարբերություն չկա` ում սպանել` Միջին Ասիայի քաղաքացո՞ւ, հայի՞, ադրբեջանցո՞ւ, թե՞ թխահեր ուկրաինացու կամ մոլդովացու:
Մինչդեռ տնտեսագետները կոչ էին անում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Ռուսաստանի ՀՆԱ-ի մոտ 10%-ը ստեղծում են հենց աշխատանքային ներգաղթյալները, եւ այդ կապակցությամբ իշխանություններին հորդորեցին գոնե հստակ դիրքորոշում մշակել այդ հարցի վերաբերյալ. պե՞տք են ընդհանրապես աշխատողներ այլ երկրներից, թե՞ ոչ: Եվ այդ հարցին պատասխանելուց հետո միայն գործողությունների հետագա ծրագիր կազմել, ոչ թե ղեկավարվել այսրոպեական տրամադրություններով:
Կառավարության նիստում քննարկվելիք նոր հայեցակարգում առաջարկվում է պարզապես չեղյալ հայտարարել բոլոր սահմանափակումները` քվոտաները, քանի որ այդ քվոտաների որոշման մեխանիզմը գործունեության տարբեր ոլորտներում բացարձակապես անհասկանալի է: Իսկ եթե հաշվի առնենք, որ օտարերկրացիների աշխատուժն օգտագործում են հիմնականում փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, ապա քվոտայի գաղափարն իսկ դառնում է անհեթեթ: Բանն այն է, որ գործատուն համապատասխան քանակի աշխատուժ ստանալու համար պարտավոր է Դաշնային միգրացիոն ծառայությանը հայտ ներկայացնել տարեվերջից վեց ամիս առաջ: Հայտը բավարարվելու դեպքում նոր տարվանից նրա մոտ աշխատող օտարերկրացիները համարվում են օրինական աշխատանքային ներգաղթյալներ: Սակայն ո՞վ կհամարձակվի նման բան անել ներկայիս տնտեսական անկայունության պայմաններում: Կամ հակառակը, շտապ աշխատողներ են պահանջվում, իսկ ԴՄԾ-ն չի կարող տրամադրել, քանի որ քվոտան սպառվել է: Եվ ի՞նչ անի գործարարը, որը, ասենք, մրցույթում շահավետ գործ է շահել: Բնականաբար, նա աշխատանքի է ընդունում «ձեռքի տակ եղածներին», այսինքն` անօրինական ներգաղթյալներին` ստուգումների դեպքում խոշոր տուգանք վճարելու սպառնալիքն աչքի առաջ ունենալով:
Բացի վերը թվարկվածը` միգրանտների համար չափազանց դժվար է աշխատանքի օրինական իրավունք ստանալը. միայն զանազան տեղեկանքներ հավաքելու համար «կյանքի կեսը կգնա»: Բացի այդ, օրինակ, այս տարվա պաշտոնական քվոտան ըստ ԴՄԾ-ի` կազմում է ավելի քան մեկուկես միլիոն, իսկ իրականում աշխատանքային միգրանտների թիվը 5 մլն-ից պակաս չէ: Ինչպես մեզ հետ զրույցում նկատեց միգրացիոն հարցերով փորձագետ Ալեքսանդր Ժելենինը, ստեղծված իրավիճակը կարելի է անհեթեթ համարել: Ըստ նրա` ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանը հիմնականում ունի առանց վիզայի ռեժիմ, ինչից էլ օգտվում են ԱՊՀ երկրների քաղաքացիները եւ Ռուսաստան գալիս ոչ թե թանգարաններում շրջելու, այլ հենց աշխատանք գտնելու նպատակով: Իսկ պաշտոնապես դա անելը նրանց` օտարերկրացիների համար, շատ դժվար է: «Փաստորեն, Ռուսաստանի օրենսդրությունը նրանց դրդում է օրինազանցության»,- ասում է Ժելենինը: Եթե միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգն ընդունվի, իրավիճակը կփոխվի: Համաձայն դրա` այժմ գործատուն ընդամենը պետք է տեղյակ պահի միգրացիոն եւ հարկային ծառայություններին, որ իր կազմակերպությունում աշխատող օտարերկրացիներ կան, եւ վճարի բոլոր անհրաժեշտ հարկերը: Իսկ աշխատանքային միգրանտներից միայն մի բան է պահանջվում` չխախտել Ռուսաստանի օրենսդրությունն` ընդհանրապես, եւ անձնագրային-անցագրային կարգը` մասնավորապես:
Բացի այդ, ներգաղթյալների` երկրում գտնվելու օրինականացումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ նաեւ Ռուսաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա: Գաղտնիք չէ, որ աշխարհի այս ամենամեծ երկրին չի հաջողվում գոնե կանգնեցնել բնակչության թվի նվազման գործընթացը. դրա համար անհրաժեշտ է, որ ամեն տարի Ռուսաստան բնակության գա մինչեւ կես միլիոն մարդ: Մի խոսքով` միգրացիոն նոր հայեցակարգի ընդունման համար բոլոր հիմքերը կան: Սակայն կընդունվի՞ այն արդյոք, թե՞ ոչ, այլ հարց է: Ռուսաստանյան պաշտոնյաները վաղուց են մեզ սովորեցրել իրենց ոչ ռացիոնալ գործողություններին: