Հանց Մուրադ Փարսադանովիչ

31/03/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեր իշխանություններին ամենամտահոգողը գյուղատնտեսությունն է: Մեր վարչապետն առիթը (իմա` աշխատող տեսախցիկ ու ձայնագրիչ) բաց չի թողնում: Երկու-երեք շաբաթ է, հասարակությունն ըմբոշխնում է նրա կուլտուր-լուսավորական ելույթները: Վարչապետն ինքն է բացատրում գյուղատնտեսության նկատմամբ իշխանությունների մտահոգության պատճառը` 2010թ. «Մենք ունեցել ենք աննախադեպ անկում գյուղատնտեսության ոլորտում` 13,5 տոկոսանոց, ընդ որում, կային ճյուղեր, որտեղ անկումը մինչեւ 40 տոկոսի էր հասնում»: Ուստի վարչապետը բոլորիս պատմում է, թե կառավարությունը գյուղատնտեսությունը «ուշքի բերելու» ինչ ծրագրեր է մշակել: Բազմաթիվ ծրագրեր: Գյուղտեխնիկայի ոլորտից` մինչեւ պարարտանյութերի, սերմացուի ու անասնագլխաքանակի ներմուծում: Ամեն ոլորտում մի քանի ծրագիր է մշակվել: Եվ, որ ավելի սարսափելի է, դրանց մի մասն արդեն իրագործվում է: Գյուտեխնիկայի ոլորտում վարչապետն էական աջակցություն է համարում օրինակ այն, որ «Այս տարի կառավարությունը որոշում ընդունեց` նպատակ ունենալով գյուղտեխնիկայի բնագավառում նույնպես ստեղծել բարենպաստ պայմաններ: Պարտադիր պայմանը, ըստ որի` գյուղտեխնիկան պետք է անցնի տեխզննում, վերացրել ենք»: Ընդունեք, որ կարեւոր որոշում է: Մեր երկրում ոչ միայն գյուղտեխնիկան, այլեւ ցանկացած տրանսպորտային միջոցի տեխզննման ոչ չափանիշներ կան, ոչ համալրված կայաններ: Դրանք չկան, բայց տրանսպորտային միջոցների տեխզննումը պարտադիր է: Որովհետեւ այն մի քանի օլիգարխի ու չինովնիկի հսկայական գումար է ապահովում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է համարում նաեւ այն, որ «Էապես պարզեցրել ենք գյուղում գյուղտեխնիկայի վարորդական իրավունքներ ստանալու գործընթացը»: Երեւի կառավարությունում պարզել են, որ գյուղտեխնիկա շահագործելու համար հմտություններ արդեն պետք չեն: Գյուղատնտեսության տեխնիկական ու ֆինանսական ծրագրերը, ըստ վարչապետի, իրականացվում են Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Նախկինում մեր բարեփոխումների դոնորները նույն Համաշխարհային բանկն էր ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Դժվար է միանշանակ պնդելը, որ եվրոպական բանկն ասիականով փոխելը քաղաքական արժեհամակարգի փոփոխության արդյունք է: Նախորդ` անբարենպաստ տարվա հետեւանքների հաղթահարման շրջանակներում նաեւ սերմացու է ներկրվել: «Կարծում ենք,- ասում է վարչապետը – որ այն երկու հազար տոննա սերմացուն, որ արդեն ներկրվել է Հայաստան, պայմանագրով տրամադրելու ենք առնվազն 20 հազար տնտեսության»: Այսինքն` յուրաքանչյուր տնտեսության կտրվի մոտ 100 կգ սերմացու: Շատ է սա թե քիչ, հասկանալու համար գյուղացի կամ գյուղատնտես լինել պետք չէ: Հարկավոր է պարզապես կարդալ վարչապետի խոսքի շարունակությունը` «Նախորդ տարի մենք ներմուծեցինք շուրջ 1000 տոննա ցորենի սերմ: Պայմանագրով մենք այդ սերմացուն տրամադրել ենք 150 տնտեսության»: Նախորդ տարի կրկնակի պակաս են բերել, բայց յուրաքանչյուր տնտեսության մոտ 6,6 տ սերմացու են տրամադրել: Արդյունքը հավանաբար չի գոհացրել, ու հիմա ծրագրել են ընդամենը 100 կգ տրամադրել: Թե ինչ արդյունք են ակնկալում այս քայլից` պարզ չէ: Որովհետեւ 100 կգ սերմացուն 7-8 հարյուր քմ-ի կբավականացնի: Բայց որպես PR քայլ, վատ չէ: Կառավարության դավթարներն ու պատասխանատու լրատվամիջոցների էջերը կհեղեղվեն 20 հազար տնտեսության աջակցելու մասին լուրերով: Հաջորդ ոգեւորիչ հայտարարությունը, որ արեց վարչապետը, վերաբերում է անասնապահությանը: «Անասնապահության ոլորտում բյուջեից հատկացրել ենք 1200 երինջի ներկրման համար միջոցներ, դա շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ է կազմում, եւ նպատակ ունի բարձրացնել կաթնատվությունը եւ մսատվությունն անասնապահության ոլորտում»: Այսպես է բացատրում բյուջետային միջոցների մսխման սույն փաստը մեր վարչապետը, ով հավանաբար կաթնատվության ու մսատվության բարձրացման, անասնապահությունից զատ, այլ ոլորտներ էլ գիտի: Բայց կարեւորը սա չէ: Այլ այն, որ մեկ երինջի համար մեր բյուջեից 1 մլն 83 հազար դրամ է հատկացվել: «Միլիոնս տարան, միլիոնս»,- հավանաբար գոռացել են երինջ վաճառողները: Որովհետեւ երինջները վաճառել են «ոսկե հորթի» գնով: Սրանից հետո գյուղատնտեսության ոլորտում աջակցության արդյունավետության մասին ցանկացած խոսք պիտի որ պակաս արժանահավատ որակվի: Եթե դուք դեռ չեք ձանձրացել կառավարության պաշտոնական կայքից քաղված մեջբերումներից ու շարունակում եք ընթերցել սույն հոդվածը, ապա ասեմ, որ շարունակությունը միայն մեջբերումներ են: Մեջբերումներ, որ արժանի են տպագրության: Որպես ասույթների ժողովածու: Մեծ կերակրողի` Մաոյի հանրահայտ «Կարմիր գրքույկի» օրինակով: «Պարարտանյութի խնդիրն ունի էական նշանակություն մեր գյուղատնտեսության համար»: «Բնակլիմայական պայմանների ազդեցությունը գյուղատնտեսության վրա էական է ու մեծ»: «Շատ կարեւոր է, թե ինչպես է հողը մշակվում, երբ է սեզոնը սկսվում, ինչպես պետք է պահպանել բերքը»: «Երբ խոսում ենք գյուղատնտեսության զարգացման մասին, անպայման պետք է հաշվի առնենք, որ գոյություն ունեն նաեւ գյուղի խնդիրներ»: «Գյուղատնտեսությունը, բացի տնտեսական խնդիրներից, որի համար պետք է տնտեսապես շահավետ միջավայր ստեղծենք, նաեւ ունի լուրջ քաղաքական եւ սոցիալական բովանդակություն»: «Բոլոր ուղղություններով մենք սկսել ենք լայնածավալ փոփոխություններ, այսինքն` քարերը նետված են, եւ այդ բարեփոխումների արդյունքը զգալու համար մենք մի քանի փուլ պետք է անցնենք»: «Մենք, որպես պետություն, օժանդակում ենք այն ներդրողին, որն այդ կերպ նպատակ ունի ոչ թե ավելի շատ փող աշխատելու, այլ նոր ներդրումներ կատարելու, աշխատատեղեր ավելացնելու եւ այլն»: «Ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած մարդ ունի բնական ձգտում հողի հետ աշխատելու, որովհետեւ մարդ, երբ մեկուսանում է գյուղից, հողի մշակումից, հայտնվում է արհեստական միջավայրում, որը ստեղծում է բազմաթիվ խնդիրներ մարդու համար: Այդ բնական ձգտումը կա նաեւ իմ մեջ»: