Հայերի տվյալներ` թուրք լրագրողի մոտ

31/03/2011

Թուրքիայում «Էրգենեկոնի» հետաքննության շրջանակներում ձերբակալված «Hurriyet»-ի լրագրող եւ «Օda» TV կայքի սեփականատեր Սոներ Յալչընի աշխատասենյակից հայտնաբերված մի փաստաթղթում եղել են Դիարբեքիր նահանգի Լիջեյի շրջանում գրանցված հայերի անձնագրերի տվյալները: «Zaman»-ի փոխանցմամբ` «Oda» TV-ի դեմ իրականացրած գործողությունից հետո փետրվարի 17-ին Սոներ Յալչընը պատասխանել է «Էրգենեկոնի» գործով դատախազ Զեքերիա Օզի հարցերին: Հարցին, թե ինչ նպատակով է ինքը հավաքել եւ պահել իր մոտ ազգությամբ հայերի տվյալները, լրագրողը պատասխանել է, թե 1996-ին գիրք է գրել Բահչեթ Ջանթյուրքի հիշողությունների մասին, ում մայրը հայ է եղել, դրա համար էլ հավաքել է այդ տեղեկությունները: Նշենք, որ թուրքական ոստիկանության կողմից «Oda» TV-ում հայտնաբերված փաստաթղթերից մեկում նշված է եղել նաեւ Գյուլի մոր հայկական արմատներ ունենալու մասին լուրերի տարածման անհրաժեշտության մասին: Այդ ամենը «Oda» TV-ի գլխավոր խմբագրին էր հանձնարարել «Էրգենեկոնի» գործով անցնող մեղադրյալ Յալչըն Քյուչուքը: Այնուհետ Սոներ Յալչընը սկսել էր հրապարակումներ գրել Գյուլի մոր հայկական արմատների մասին: Ոստիկանության կողմից ձեռք բերված այլ փաստաթղթերում հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MIT) Արտաքին օպերացիաների վարչության պետը տեղեկություններ է հավաքել MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանի, իշխող կուսակցության կրոնական հենք համարվող եւ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլահ Գյուլենի մասին եւ դոսյեյի տեսքով դրանք տրամադրել Սոներ Յալչընին: Ի դեպ, նշենք, որ «Էրգենեկոնը» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնելը: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը: