«Սկած ապրում ենք»,- ասում են Ոսկետափի բնակիչները

31/03/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վերջին շրջանում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու իմիտացիոն շոուներն այնքան «ծեծված» են դարձել, որ դրանք սերտել են անգամ գյուղի բնակիչները: Նախ գյուղնախարարը, չգիտես ինչու կամ ում ինչ ապացուցելու համար, ավտոբուսով Սյունիք գնաց (վերջին անգամ սյունեցիներն ավտոբուսով, ավելի ճիշտ՝ իկարուսներով, Սյունիք գնացել են մոտ 10 տարի առաջ: Դրանից հետո ուղեւորափոխադրումները սկսեցին կատարվել միկրավտոբուսներով եւ մասնավոր տաքսիներով), հետո էլ ՀՀ վարչապետը գյուղական վայրում լրագրողների հետ շրջան կազմած քննարկեց գյուղատնտեսության ոլորտի խնդիրները: «Գարնանացանի ժամանակ միշտ էլ էդպիսի խոստումներ լինում են, ուղղակի սաղս վաղո՜ւց հոգնել ենք: Եղունգ ունես, գլուխդ քորի՝ ինչ նախարար, ինչ վարչապետ»,- երեկ մեզ հետ զրույցում այս դրամատիկ տեսարանների մասին ասացին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչները:

Ամեն առավոտ նախկին Շիրազլու գյուղի կնճռոտ ճանապարհների թումբերով անարգել անցնում է գյուղի 25 տարվա փոստատար Վահան Բարսեղյանը: Հեծանիվի առջեւի մասի կանաչ ցանցի մեջ դրած թերթերն ու նամակներն է բաժանում: Ասում է՝ վերջին տարիներին նամակներն ավելի շատ բանկերից, էլեկտրացանցերից, ջրային տնտեսություններից եկած ծանուցագրեր են, որոնք հերթական անգամ գյուղացիներին հիշեցնում են պարտքերի մասին: «Դե, մարդիկ հիմա թղթե նամակներ շատ չեն ստանում: Տեխնիկան զարգացել ա, բայց կյանքն է դժվարացել»,- նշում է նամակատարը, ում սպիտակ գլխարկի տակից ընդգծվում է սեւացած ու հոգնած դեմքը: Գյուղի փոստատարը, բացի իր բուն աշխատանքից, զբաղվում է նաեւ հողագործությամբ: 1 հա ցորենի ցանքատարածությունը մշակելու համար տարեկան ծախսում է մոտ 250.000 դրամ: «Էդ գումարի մեջ մտնում ա վարել-ցանելը, կոմբայնավարի գումարը, սերմացուն, տուն բերելը, ջրելը: Իսկ ստացված շահույթը շատ քիչ ա լինում, ասենք, 1 հա-ից ես ստանում եմ 4 տոննա: 1 տոննան արժե 100.000 դրամ, այսինքն՝ ցորենի 1 կիլոն 100 դրամով են ընդունում»,- նշում է հողագործ-փոստատարը: Ըստ նրա՝ այսօր գյուղացիների ամենամեծ խնդիրը ոռոգման ջրի թանկ լինելն է: Գյուղում հիմնականում օգտվում են արտեզյան ջրերից, որոնք աշխատում են ժամաքանակով: 1 ժամի համար գյուղացին վճարում է 1800 դրամ, մինչդեռ, ըստ գյուղացիների, ջրային տնտեսության հետ պայմանագիր կնքելու դեպքում վճարում են 1500 դրամ: Ընդ որում՝ նախորդ տարիներին 1 ժամ ջրելու համար գյուղացին վճարում էր 1200 դրամ: «Կնոպկեն սեղմում ես ու վերջ՝ ժամը գնում ա: Մի անգամ ջրելը, դե, ես իմ հողամասի մասին եմ ասում՝ մի 27.000 դրամ ա բռնում: Իսկ գյուղացին տարեկան գոնե 3 անգամ պարտադիր ջուր պիտի անի»,- շարունակում է Վահան Բարսեղյանը՝ ընդգծելով, որ բացի դրանից` այսօր թանկ գնով են ձեռք բերում նաեւ սերմացուն՝ 180-250 դրամով, իսկ պարարտանյութի 1 պարկն արժե 8300 դրամ: «Ախր, եթե գյուղացուն մի քիչ օգնեն, ամեն բան լավ կլինի: Հիմնականում ժողովրդին շատ ա նեղում պարարտանյութն ու ոռոգման ջուրը, մեկ էլ` վառելանյութը: Էսօր բենզինն ու սալյարկան ահավոր թանկ են: Գյուղացին ի՞նչ մեղք ունի, որ Սիրիայում ու Լիբանանում կռիվ ա, ստեղ սալյարկան են թանկացնում: Գյուղացուն խփում են: Մեկ էլ գալիս է բերքը իրացնելու ժամանակը, չենք կարում իրացնենք»,- ավելացնում է Ոսկետափ գյուղի բնակիչը: «Մենք ջրի մասին էնքա՜ն բողոք ունենք: Վեդի գետը, եթե հնարավորություն ունենան բերեն-հասցնեն գյուղին, գյուղացիները բավականին կթեթեւանան: Գյուղացիներ կան, որոնց բախչաները գյուղից հեռու են, ու մինչեւ էս Արտեզյան ջուրը առուներով հասցնում են տեղ՝ կարող ա մի 7 ժամ տեւի»,- ավելացնում են գյուղի մյուս բնակիչները: Նրանցից շատերն այնքան են հուսալքված ստեղծված իրավիճակից, որ ասում են, թե նման պայմանները շարունակվելու դեպքում, պատրաստ են թողնել հողերը: Նրանց ասելով՝ այս տարի կրկնակի թանկ է լինելու տրակտորի վճարը. ասում են՝ 20.000-ի փոխարեն ստիպված են լինելու վճարել 40.000 դրամ: Գյուղացիների հավաստմամբ՝ նախկինում գյուղն ուներ 1500 հա վարելահող, որից 800 հա-ն այսօր արդեն չի մշակվում: Իսկ նրանք, ովքեր մշակում են վարելահողերը կամ այգիները, մեծամասամբ գյուղատնտեսական վարկերից են օգտվում: «Վարկ չվերցնել չի լինի: Ամեն սեզոնին վերցնում են էնքան, ինչքան պետք է էդ հողը մշակելու համար: Հետո շատերի մոտ էլ կուտակվում են վարկերի տոկոսները, ու տակից չեն կարողանում դուրս գալ»,- նշում են գյուղի տղամարդիկ, որոնցից ոմանք զբաղվում են լոլիկի մշակմամբ: Ասում են՝ այսօր արդեն դժվար է գտնել կամ գրեթե վերացել է «Անահիտ» տեսակի հայկական ամենալավ պոմիդորը: «Պոմիդորի էդ տեսակը շատ փափուկ, հյութալի էր, բայց երբ գործարանները հերթ կանգնեցին, պոմիդորը փչացավ, կամաց-կամաց էդ տեսակն էլ վերացավ: Հիմի մենք պոմիդորի իմպըրտնի սերմն ենք առնում, ու հըլը չգիտենք էլ՝ կծլի՞, թե՞ չէ»,- ասում են գյուղացիները, ովքեր, մեղմ ասած` ծիծաղով էին խոսում վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին հայտարարությունների մասին: Ասում են՝ դրա մասին «դաժե» խոսելն է ամոթ, որովհետեւ իշխանությունը միայն մի բան գիտի. «Կորացած գյուղացու մեջքին մի մեծ քար դնել ու եզի պես աշխատեցնել: Ու հետն էլ խոսել, թե` տեսեք-տեսեք, գյուղացու մասին ո՞նց են մտածում: Վարչապետ, նախարար… Բա էն լավ սեզոնին, որ գյուղացին իրա ամբողջ քրտինքը կոպեկներով ա տալիս, ո՞ւր են: Բոլորս էլ գիտենք՝ խաղողը ոնց են մթերում, մնացած բերքն էլ ինչ կոպեկներով են առնում, ասենք, նույն պոմիդորը, 24 դրամով էլ ենք հանձնում»,- ասում են գյուղացիները: Գյուղի նախկին հողատերերն այսօր ստիպված են աշխատել հարեւանների դաշտերում՝ քաղհան անելով, բերք հավաքելով, կամ, ինչպես իրենք են ասում՝ գյուղական բանվորությամբ զբաղվելով: «Գյուղը քիչ-քիչ վերանում ա: Դեպի լավը չենք գնում, ոչ թե մենք ենք ասում, այլ կյանքն ա ցույց տալիս: Էդ ա իրականությունը, թե չէ գույնզգույն խոսքեր են ասում: Դե, երեւի իրանց դրա համար էլ փող են տալիս, հըլը չխոսա՞ն էլ: Գյուղացիք ոսկեղեն-մոսկեղենով էլ են վարկ վերցնում, ու վաաբշե սկած ապրում են: Դառնում ա լրիվ զրո»,- հանգամանորեն պատմում են ոսկետափցիները՝ փաստելով, որ եթե Արարատյան դաշտավայրի գյուղերում իրավիճակն այսպիսին է, ապա իրենք պատկերացնում են, թե Տավուշի կամ Շիրակի մարզերում գյուղատնտեսությունն ինչ աստիճանի ռեգրեսի է հասել: «Ամեն ինչ էլ մշակում եմ, բայց ավելի շատ պոմիդոր-վարունգ: Դե, ամեն ինչ անում եմ, որ վարկ չվերցնեմ: Ո՞նց եմ անում… 3 կիլո հաց ուտելու փոխարեն` 1 կիլո եմ ուտում: Բա ի՞նչ անեմ»,- ավելացնում է զրուցակիցներիցս մեկը: Մինչդեռ գյուղում կան տներ, որոնք ոչ միայն հողակտոր, այլեւ խմելու ջուր եւ տուն չունեն:

Գյուղի Բաղջաջախ թաղամասի հարեւանությամբ գտնվող քոթեջների բնակիչները, 1-2 տարի է, խմելու ջուր ունեն: Ասում են՝ յուրաքանչյուրն իր սեփական միջոցներով է ջուրը ձեռք բերել: Իսկ նրանք, ովքեր ֆինանսական միջոցներ չունեն, ջուրը կա՛մ գնում են, կա՛մ էլ հարեւանի ծորակից են օգտվում: Ընդ որում՝ գյուղացիների փոխանցմամբ՝ այսօր իրենց գյուղից շատ քչերն են ջուրը գնում՝ 1 դույլը 100 կամ 150 դրամով: Փառք են տալիս Աստծուն, որ իրենց հարեւան Այգեվան գյուղի բնակիչների պես չեն ապրում: Այդ գյուղում, ոսկետափցիների փաստմամբ, խմելու ջուրը բացառապես վաճառվում է: Իրենց ասելով՝ ջրավաճառ մեքենան անընդհատ պտտվում է գյուղում: «Էսօր գյուղացիների մի մասն ուղղակի գոյությունն է քարշ տալիս, իբր ապրում են»,- հեռավոր կետերի բազմությանը նայելով՝ նշում է Ոսկետափի բնակիչ Լուսինեն՝ թել ու ասեղը ձեռքին պտտեցնելով: Լուսինեն իր փոքրիկ ընտանիքով՝ ամուսնու եւ 2 երեխաների հետ, ապրում է 1 սենյակում: Նրանք, 15 տարի է, ապրում են վարձակալած տներում: Ասում է՝ 5-րդ տունն է, որ վարձել են: «Առավոտվանից ջուր եմ կրում: Գոնե յոլա գնանք: Ոչ ես եմ աշխատում, ոչ ամուսինս: Երկուսս էլ վիրահատվել ենք»,- ամոթխած, իր կարիքների պատյանի տակ կուչ եկած` պատմում է Լուսինեն: Խոսելու ընթացքում աչքի պոչով նայում է ամուսնուն, ով կնոջ պատմությունից գլխիկոր, շրջվում է դեպի գունավոր լվացքով պարանը: Ընտանիքը 2 անչափահաս երեխաների համար ընտանեկան նպաստ չի ստանում, որովհետեւ, կնոջ ասելով, իրենք բազմազավակ ընտանիք չեն: «Չգիտեմ, ի՞նչ անեմ: Մեկ-մեկ դաշտ եմ գնում, աշխատում եմ, դե, էլի մի 3000 դրամ տալիս են, բայց չի հերիքում: 5 րոպե արեւի տակ կանգնում եմ, վատանում եմ: Էս թվին 2 երեխա պահելն էլ դժվար ա: Երբ նպաստի մասին խոսում ենք, ասում են՝ 2 երեխեն ի՞նչ ա, որ չեք կարում պահեք: Ու սենց օդի մեջ ենք…..»,- հուզված ասաց Լուսինեն: Լուսինեենց 1 սենյակն ավելի շատ ունիվերսալ համալիր էր հիշեցնում՝ խոհանոց, հյուրասենյակ, ննջասենյակ, «չուլան»: «Բայց դե ո՞վ կօգնի մեզ: Ախր, արդեն չենք հավատում ոչ մեկին»,- ասում է Լուսինեն՝ նայելով փողոցի խրամատներ հիշեցնող փոսերին: «Գոնե լսեն մեզ…»,- ասում է նա։