Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որին ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, երեկ ՀՀ նախագահի հրամանագրով, հայ մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, օպերային երգարվեստի բնագավառում ունեցած ակնառու ձեռքբերումների համար Գեղամ Գրիգորյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Թեեւ Գրիգորյանի հոբելյանը լրացել էր դեռեւս հունվարի 29-ին, սակայն Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի խոսքով` նրա ծննդյան 60-ամյակի եւ ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանական հանդիսությունը այսօր է տեղի ունենում, քանի որ պետք էր դրան «նախապատրաստվել, ծրագիր պատրաստել»: Համերգին մասնակցում էին Օպերային թատրոնի մենակատարները, հյուրեր Վրաստանից, նրա լավագույն ուսանողներից մի քանիսը, ինչպես նաեւ` օպերային երգչի դուստրը, ով ժամանել է Լիտվայից: