Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

31/03/2011 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հույն դիվանագետների աքիլեսյան գարշապարները

Հին Հունաստանի` մեր թվարկած դիվանագիտական վրիպումներն ամենեւին չեն նսեմացնում այդ դպրոցի առավելություններն ու բարեմասնությունները: Հելլադայի դիվանագիտական համակարգն, իրոք, դեմոկրատիայի նվաճումներից մեկն է եւ արժանի է ընդօրինակման: Բոլոր անվանի տեսաբանները, որոնց թվում նաեւ` նշանավոր դիվանագետ, ռեֆորմատոր Հարոլդ Նիկոլսոնն, այս հարցում միակարծիք են: Այդ իսկ պատճառով, գոնե ինձ համար անակնկալ էր, երբ կարդացի նրա հետեւյալ սպանիչ հայտարարությունը. «Չնայած այդ հոյակապ սկզբունքներին (այսինքն` դեմոկրատիային.- Ա.Ն.) հույները պիտանի չէին որպես դիվանագետներ»: Նիկոլսոնն իր ոչնչացնող դատավճիռը բացատրում է երեք հիմնական պատճառներով, որոնք մեջ եմ բերում ամբողջությամբ: «Առաջին. նրանց հատուկ է այն, ինչը հույն պատմաբան Հեսիոդեսը (մոտավորապես 170-240 թթ.) անվանել է «հույների հին հայտնի հիվանդություն` սերը դեպի անհամաձայնությունը»: Նրանց մրցակցությունն այնքան սուր էր, որ կաթվածահարում եւ սպանում էր ինքնապահպանման բնազդը: Երկրորդ. իրենց խառնվածքով (տեմպերամենտ) հույները լավ դիվանագետներ չէին, նրանք վատ դիվանագետներ էին: Լինելով բացառիկ խելոք մարդիկ, հույները միեւնույն ժամանակ ամեն ինչից բարձր էին դասում բանսարկությունը, ինտրիգները եւ խորամանկությունը, դրանով իսկ սպանելով ամեն տեսակի լուրջ բանակցությունների հիմքերի հիմքը` վստահությունը: Բացի այդ, նրանք անտակտ էին եւ շաղակրատ, չունեին գործողությունների հարմար պահը որսալու զգացողություն, եւ աչքի էին ընկնում ծայր աստիճան պարծենկոտությամբ: Երրորդ. հույները չկարողացան ճիշտ սահմանազատել օրենսդրական եւ գործադիր իշխանությունների գործառույթները, ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին քաղաքականությունում: Նրանք այդպես էլ չհասկացան, թե ինչ կերպ դեմոկրատական հասարակության դիվանագիտական աշխատանքի մեթոդները դարձնել նույնքան արդյունավետ, որքան ավտորիտար հասարակության դիվանագիտական մեթոդներն են»: Թերությունների այս շարքը, Նիկոլսոնի կարծիքով, կործանեց հույներին: Ըստ իս, ամենամեծ վնասը հույների ազգային-պետական շահերին բոլոր դեպքերում հասցրել է առաջին պատճառը` անհամաձայնությունն ու երկպառակությունը: Մենք` հայերս, մեր պատմության շատ արհավիրքներ եւ դժբախտություններ կապում ենք հենց այդ հատկության հետ` համարելով այն մեր էթնիկական ամենամեծ թերություններից մեկը: Սակայն այլ ժողովուրդների պատմության հետ թռուցիկ ծանոթությունն անգամ վկայում է, որ բոլոր ազգերն էլ տառապել են նման կործանարար արատով: Այդ թվում` հույները:

…507 թվին աթենացիները կարեւոր պատվիրակություն ուղարկեցին Սարդես, որի սատրապը արքայի եղբայր Արտափրենեսն էր: Դեսպանների առաջ խնդիր էր դրված հասնել պարսիկների դաշնակցության` ընդդեմ Սպարտայի: Դա ճակատագրական աններելի վրիպում էր Աթենքի դիվանագիտության կողմից: Բացի այն, որ այդ քայլը կանաչ լույս էր վառում Պարսկաստանի էքսպանսիոնիստական քաղաքականության համար Հելլադայի նկատմամբ, ոչ միայն մասնատում եւ մերկացնում էր հելլենիստական ընդհանուր ճակատը պոտենցիալ հակառակորդի դեմ հանդիման, այլեւ վատ օրինակ էր ծառայում մյուս պոլիսների եւ հենց նույն Սպարտայի համար, որոնք տարբեր ժամանակներում եւ տարբեր առիթներով կրկնելու էին աթենացիների դիվանագիտական խաղը եւ բռնելու էին սեպարատիզմի ազգակործան ճանապարհը: Սատրապ Արտափրենեսի` այդ կոռումպացված եւ դաժան գործիչի ռեակցիան ակնթարթային էր: Եվ դա միակ ճիշտ ու անվրեպ տարբերակն էր, ինչպես պրոֆեսիոնալ սնայպերի կրակոցը: Սատրապը, որն արքայի զարմիկն էր, անգամ նրա կարծիքը չհարցրեց (այն ժամանակ շիֆրհեռագիր գոյություն չուներ եւ հարցն էլ պարզից պարզ էր): Նա վերին աստիճանի սիրալիր պատասխանեց, թե` իհա՛րկե, հույներին կտրվի նրանց խնդրած օգնությունը` ինչ չափի եւ ձեւի էլ որ նրանք այն ցանկանան: Հետո, ասես իմիջիայլոց, դրա դիմաց խնդրեց «մի փոքր ծառայություն». Պարսկաստանին զիջել «հող ու ջուր»: Դեսպաններն ականջներին չհավատալով եւ հազիվ զսպելով իրենց ուրախությունը` շտապեցին ստորագրել դեմ տված համաձայնագիրը: Վերջ: Թակարդը փակվեց: Ահա այսպես բանակցային կողմերից մեկի սխալը մեծ կորուստ պատճառեց սխալվողին եւ էլ ավելի մեծ հաղթանակ բերեց մյուս կողմին: Մինչդեռ աթենացիները շարունակում էին ցնծալ, իրար շնորհավորել, թե ինչը փոխեցին ինչի դիմաց. «Եվ որքան հաճելի մարդիկ են այս պարսիկները, եւ որքան միամիտ, երբ ռազմական օգնության փոխարեն` ընդամենն ուզում են ինչ-որ վերացական «հող ու ջուր»: Սա մեր դիվանագիտական փայլուն հաղթանակն է»,- հավանաբար այսպես են ասել հելլենները: Այսպես են, քսան տարի շարունակ, ամեն պատեհ եւ անպատեհ առիթով իրար շնորհավորում Հայաստանի դիվանագետները:

Իսկ պարսիկները բոլորովին այլ կերպ էին նայում Հելլադային եւ կործանարար որոգայթներ հյուսում նրա շուրջը: Պարսկաստանի արտաքին քաղաքականության հունական վեկտորը հիմնված էր փիլիսոփայական ծանրակշիռ եւ մշակված հայեցակարգի (դոկտրինա) վրա եւ կրում էր գենետիկական բնույթ` փոխանցվելով մի տիրակալից մյուսին: Նախ` կար հարցի աշխարհաքաղաքական եւ գլոբալ ստրատեգիական ասպեկտը: Գրեթե ողջ Ասիան ծնկի բերած Պարսկաստանը ձգտում էր դեպի Եվրոպա, որի ուղին անցնում էր Հելլադայի վրայով: Ուրեմն, հարկ էր այն ճզմել եւ ճամփա բանալ: Նույն պատկերն է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պանթյուրքիզմի ենթատեքստում: Իսկ գաղափարախոսական, հոգեբանական եւ կրոնական տեսանկյունից հարեւանների մեջ առկա էր անհամատեղության եւ անհանդուրժողականության ողջ մի համակարգ:

Ըստ Դարեհի, Հելլադան աշխարհին ներկայանում է որպես սատանաների, կեղծ աստվածների (դայվերի), ստի, ահաբեկչության եւ սադրիչների հայրենիք: Հարկ է մաքրել նրանց տաճարները կեղծիքից եւ խաբեությունից: Ռոնալդ Ռեյգանը նույն կերպ էր բնութագրում Խորհրդային Միությունը սառը պատերազմի տարիներին: Պարսկական կայսերական էքսպանսիան ի վերջո հանգեցնում էր Հելլադայի դեմ պատերազմի, որի նպատակը Աթենքի ոչնչացումն էր: Դարեհի որդին` Քսերքսեսը, ավելի կոնկրետ է իր արտահայտություններում, երբ արշավանքից առաջ դիմում է իր զորքին: «Արեւը չի ծագելու մեզ սահմանակից որեւէ երկրի վրա, քանի որ բոլոր այդ երկրները, Եվրոպան նվաճելուց հետո, ես կդարձնեմ մեկ երկիր` ձեր երկիրը»: Դարեր անց անգլիական գաղութարարները, ճիշտ է, նման կոչերով հանդես չեք եկել: Բայց կյանքի են կոչել պարսիկների երազանքը. եղել է մի շրջան, երբ արեւը մայր չի մտել Բրիտանական կայսրության երկնակամարում: Նույն նկրտումներն է ունեցել անցյալ դարի սկզբում` Լենինը, եւ մի երեսուն տարի անց` Հիտլերը: «Եթե մենք հաղթենք,- շարունակել է արքան,- ապա աշխարհում չի մնա ոչ մի քաղաք, ոչ մի ժողովուրդ, որոնք կհամարձակվեն ելնել ձեր դեմ: Այդպիսով, մենք ստրկության լուծը կդնենք եւ մեղավորների, եւ անմեղների վրա»: Քաղաքակիրթ Հելլադայի դեմ ահագնանում էր մահաբեր վտանգ:

Այն մասին, թե ինչպես Հելլադան խախտեց դեսպանների անձեռնմխելիությունը

Պարսից արքաներ Կյուրոսը, Կամբյուսեսը եւ Դարեհը ստեղծեցին ահռելի մասշտաբների կայսրություն, որը ձգվում էր Հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Հնդկաստան, Կովկասից` Պարսկական ծոց: Պարսկաստանի քաղաքական եւ վարչական կենտրոնը Սուսան էր (Շոշը): Այստեղ էր արքունիքը: Այստեղ էր նստում «բոլոր ժողովուրդների եւ բոլոր տարածքների արքան»: Այդ հսկայածավալ կայսրության գլխին կանգնած էր ինքը` մեծն արքան, Պարսկաստանի բոլոր տարածքների ժառանգական միապետը` օժտված երկնային իշխանությամբ:

Աստվածների կամոք նա բազմել էր Պարսկաստանի եւ Բաբելոնի գահերին, իշխում էր Եգիպտոսին: Իսկ հույների համար արքայից արքան բացարձակ բռնապետ էր առօրյա կյանքում, կրոնում եւ քաղաքականության մեջ: Մի խոսքով, նա հունական լիբերալիզմի եւ դեմոկրատիայի անտիթեզ էր, պատուհաս նրանց կրոնական սրբությունների եւ զգացմունքների համար: Պարսկական էքսպանսիան հիմնականում տարածված էր Հունաստանի Ասիական մասի վրա, սակայն այն սպառնում էր սողոսկել Արեւմուտք, իր տակ առնելով մայրցամաքային Հելլադան: Այդ ամենի ֆոնին պարսկական դիվանագիտությունը ցուցաբերում էր «բլիթի եւ մտրակի» քաղաքականության դասական օրինակներ: Իրենց իշխանության տակ ընկած երկրների նկատմամբ նրանք մի կողմից` իսկապես, ցուցաբերում էին կրոնական հանդուրժողականություն (տոլերանություն), չէին խառնվում տեղական սովորույթների եւ առեւտրի մեջ: Նույն քաղաքականությունն էին վարում պարսիկները Հայաստանի նկատմամբ` հիշեցնում է Համլետ Դավթյանն իր փայլուն «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքում: Սակայն պարսիկների լոյալությունը, չգիտես ինչու, կրում էր դասակարգային բնույթ. իրենց ենթակա պոլիսներում նրանք ամեն կերպ նպաստում էին բռնապետության (տիրանիա) իշխանության գալուն եւ փակում էին դեմոկրատիայի ճանապարհը: Այնպես որ, հույները` պարսիկների հետ իրենց հարաբերություններում, ավելի շատ նեղվում էին քաղաքական անկախության կորստից, քան այլ սահմանափակումներից: Մեկ էլ անկախ պոլիսներն ապրում էին մշտական վախի պայմաններում, երբեք չմոռանալով, որ պարսիկները սպառնալից հայացքներ էին գցում դեպի Եվրոպա` իրենց գլխի վրայով: Հետո հելլենները քաջատեղյակ էին պարսկական լոյալության բուն էությանը եւ այդ առումով ոչ մի պատրանք չունեին: Իրոք, պարսկական հանդուրժողականությունը եւ բարի կամքը խիստ առաձգական էր եւ ուներ իր հստակ գծված սահմանը: Եվ վայ նրան, ով քայլ կաներ գծից այն կողմ:

…Երբ սկյութների դեմ Դարեհի արշավանքը ձախողվեց, հունական մի քանի պետություններ Բոսֆորում եւ Հելեսպոնտոսում գլուխ բարձրացրին: Պարսիկների հաշվեհարդարը նրանց դեմ եղավ արագ ու դաժան: Ավելի դրամատիկ վախճան ունեցան մյուս ապստամբությունները: Այսպես, 499 թ. ոտքի կանգնեց Փոքր Ասիայի արեւմտյան ափում գտնվող Իոնիա նահանգի կարեւորագույն քաղաքներից մեկը` Միլետը: Նրան միացան մյուս պոլիսները: Մայր հայրենիքը` Աթենքը, նրանց օգնելու նպատակով գրավեց Սարդեսը եւ այրեց այն: Սա Հունաստանի արտաքին քաղաքականության ամենամեծ սխալներից մեկն էր, որը հետո նրա «քթից էր գալու»: Բանը նրանում է, որ պարսիկ սատրապների այդ նստավայրի բնիկները` լյուդիացիները, որոնք տրամադրված էին պայքարելու օկուպանտների դեմ, իրենց մայրաքաղաքի կործանումից հետո ատելության օբյեկտը տեղափոխեցին Աթենքի վրա: Իսկ Դարեհն, ուշքի գալով, անցավ հակահարձակման: Հույներն ի վիճակի չեղան գործել միասնաբար, եւ նրանց ռազմական մեքենան փուլ եկավ խավաքարտե տնակի պես: Վճռական ճակատամարտում առաջինը փախուստ տվեցին սամոսցիները, նրանց հետեւեցին Աթենքի մյուս դաշնակից զորքերը: Պարսիկների վրեժն ահավոր էր: Միլետը հրո ճարակ դարձավ. տղամարդկանց ցցահան արեցին, պատանիներին ամորձատեցին, կանանց բռնաբարեցին ու մորթեցին երեխաների աչքերի առաջ: Դարեհը չսահմանափակվեց ապստամբած պոլիսները վերանվաճելով: Վրեժխնդրություն եւ տարածքների ընդարձակում: Առաջնորդվելով այս երկու շարժառիթով` նա իրեն ենթարկեց Բալկանյան թերակղզին: Նշված դեպքերից հետո` ատելության կրակը սրտում անթեղ պահելու համար, արքան կարգադրեց արբանյակներից մեկին ամեն անգամ` իր ճաշի նստելուց առաջ արտասանել. «Տեր, հիշի՛ր աթենացիներին»:

Արդ` Դարեհը ձեռնարկում էր նոր արշավանք: Դեպի Աթենք: Դեպի Արեւմուտք: Նա լրիվ տիրապետում էր իրադրությանը եւ լավ ինֆորմացված էր, օժտված էր վերլուծական ունակություններով եւ գիտեր, որ հույների թույլ կողմը միասնականության դեֆիցիտն է: Սակայն գիտեր նաեւ, որ Աթենքի ու Սպարտայի դեմ դիվանագիտական դեմարշը որեւէ արդյունք չի տալու: Մյուս բոլոր պոլիսների վրա ազդելու միջոցներն անպակաս էին: Ե՛վ ոսկի կար, եւ՛ ռազմական ուժ: Այնպես որ, այդ պոլիսները ուշ թե շուտ ծնկի էին գալու իր առաջ: Ուրիշ էին աթենացիներն ու սպարտացիները. սրանք հունցված էին այլ խմորից: Սակայն որոշեց բոլոր դեպքերում փորձել: Նա դեսպաններ ուղարկեց Աթենք, թե` էսպես ու էսպես, ինձ «հող ու ջուր» եք պարտք, ասել կուզի` «իշխելու եմ ձեր վրա»: Ուրիշից «հող ու ջուր» ուզելը պարսից արքաների սիրած զբաղմունքն էր: Ով խաթրով չէր տալիս, վերցնում էին հրով ու սրով: Երեւի մեր Քաջ Նազարը նրանցից էր ազդվել, երբ վրդովվում էր, թե` «իրենց հողերը մեզ չեն տալիս»: Արդյունքները գերազանցեցին արքայի կասկածները: Աթենացիներն այս անգամ թքեցին բոլոր միջազգային կանոնների եւ իրենց իսկ ստեղծած անձեռնմխելիության օրենքի վրա: Նախ` դատեցին, հետո Ժողովրդական ժողովի որոշմամբ բոլոր դեսպաններին` ենթարկելով մահապատժի, գլորեցին անդունդը: Սպարտացիներն ավելի դաժան վարվեցին: Նույն առաքելությամբ այցելած դեսպաններին պարզապես նետեցին ջրհորը եւ իրենց հատուկ լակոնիկ տոնով հետեւներից ձայնեցին. «Ջուր խմեք, տակի հողը կերեք»:

Զգացմունքների նման պոռթկումը, որն արդյունք էր հույն-պարսկական հավանական պատերազմի պատճառով երկրում բարձրացող պսիխոզի, ամենեւին չէր նշանակում, որ հելլենները հրաժարվել էին քաղաքակիրթ դիվանագիական մեթոդներից: Մանավանդ` աթենացիները: Նրանք ակտիվացնում էին 478 թ. ստեղծված Աթենքյան միությունը, վարում էին բանակցություններ մյուս պոլիսների հետ, պատմության մեջ առաջին անգամ կազմակերպում էին գագաթաժողովներ, «մաքոքային» այցեր եւ այլն: Սպարտացիները որոշեցին հետ չմնալ աթենացիներից: Համահունական ճակատ կազմելու ուղղությամբ կարեւոր իրադարձություն հանդիսացավ նրանց նախաձեռնությամբ կազմակերպված արտակարգ համաժողովը Էլենիոն քաղաքում: Ճիշտ է, մայրցամաքային Հունաստանի յոթ հարյուր քաղաքներից համաժողովին մասնակցեց հազիվ երեսուն տոկոսը, սակայն արվեց կարեւորագույն առաջարկություն. հետայսու դադարեցնել միջպոլիսային թշնամական գործողությունները: Ի զարմանս շատերի, պատգամավորները համաձայնեցին առաջարկության հետ, իսկ Էգինան, որը փաստորեն կռվում էր Աթենքի հետ, ստորագրեց խաղաղության համաձայնագիր: Մյուս կողմից` պոլիսներում ակտիվ գործող աթենքյան լրտեսական ագենտուրան հաղորդում էր, որ պատերազմի դեպքում որոշ քաղաքներ կանցնեն պարսիկների կողմը: Չէին ուրախացնում ռազմական հետախուզության տվյալները հակառակորդի զինված ուժերի մասին: Հետախույզները հայտնում էին, որ Հելլադայի դեմ շարժվում է ահռելի չափերի ու հզորության ռազմական մեքենա-մոնստր:

Շարունակելի