Յոթ մասնակից՝ Մոսկվայում

31/03/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ապրիլի 8-9-ը Մոսկվայում տեղի կունենա «Նոր ալիք» երաժշտական մրցույթի երկրորդ փուլը, որին կմասնակցեն Հայաստանում կայացած առաջին նախընտրական փուլի 7 հաղթողները`Էրիկ Կարապետյանը, Սուրեն Առուստամյանը, Անի Արզումանյանը, Անուշիկ Ալավերդյանը, Օքսաննա Բաբուրյանը, Անահիտ Շահբազյանը եւ Աննա Աղամյանը: Վերջում 7 մասնակիցներից մեկը կմեկնի Յուրմալա` մասնակցելու «Նոր ալիք» երաժշտական միջազգային մրցույթին:

Երգի պետական թատրոնի մեներգչուհի, «Սլավոնական բազար 2010» երաժշտական մրցույթի 2-րդ տեղի մրցանակակիր Անահիտ Շահբազյանն, ի թիվս 7 մասնակիցների, մրցույթից օրեր առաջ կմեկնի Մոսկվա: Անահիտի հետ զրուցեցինք մրցույթի հետ կապված որոշ հարցերի շուրջ:

– Մոսկվան դասվում է աշխարհի ամենաթանկ քաղաքների շարքին: Ճի՞շտ է, որ նախընտրական փուլի մասնակիցներն անձամբ պետք է հոգան իրենց բոլոր ֆինանսական ծախսերը:

– Մեզ դեռ ոչինչ չեն ասել այդ հարցի վերաբերյալ: Կարծում եմ` մասնակցության ֆինանսական ծախսերը մասամբ մենք կհոգանք, մասամբ` կազմակերպիչները:

– Երբ Սոնա Շահգելդյանը հաղթանակած վերադարձավ «Նոր ալիք» մրցույթից, օդանավակայանում զարմանալիորեն քիչ էին նրան դիմավորողները: Երբ ցածր դիրքեր ենք զբաղեցնում` բողոքում ենք, թե «խաղը գնված է, դատավորն էլ` ծախված»: Իսկ երբ հաղթում ենք, կասկածի տակ ենք առնում մեր մասնակցի տարած հաղթանակի արդյունքները:

– Կասկածամիտ ազգ ենք: Մենք չենք կարողանում ուրախանալ միմյանց հաջողություններով` պարզապես չգիտենք, թե ինչպես է դա արվում: Լինելով արտերկրում, ականատես եմ եղել այլ վերաբերմունքի` սեփական երկրի ներկայացուցչի տարած հաջողությունների հանդեպ: Անկեղծորեն նախանձում եմ նրանց ուրախանալու կարողությանը: «Սլավոնական բազարը» երգի միջազգային մրցույթ է, որն իր պատմությունն ունի, որին ներկա են լուրջ պրոդյուսերներ, որի ժյուրիի կազմում են երաժշտական բնագավառում հեղինակություն վայելող անձինք: Կարծում եմ` այդ կարգի մրցույթում մասնակցելը եւ

2-րդ տեղը գրավելը փոքր հաղթանակ չէ, սակայն, երբ ես վերադարձա Հայաստան, իմ հարազատներից բացի, ոչ ոք ինձ չդիմավորեց: Ի դեպ, Սոնա Շահգելդյանը, ով 1-ին տեղն էր գրավել «Նոր ալիք» մրցույթում, եւս զարմացած էր, որ բացի հարազատներից եւ «Արմենիա» հեռուստաընկերության ներկայացուցիչներից` իրեն ոչ ոք չէր ողջունում: Խնդիրն իմ կամ Սոնայի անձը չէ, այլ հայերիս մտածելակերպը: Անձամբ ես` մասնակցելով մրցույթներին, փորձում եմ կայանալ որպես արտիստ, կրթել ինձ:

– Հնարավո՞ր է, որ դիտավորյալ թույլ մասնակից ընտրվի Մոսկվայում կայանալիք նախընտրական փուլի ժամանակ:

– Դա եւս հնարավոր քաղաքականություն է. դիտավորյալ ընտրել թույլ մասնակցի, որ տվյալ երկիրը չհաղթի: Անկեղծորեն ասում եմ, որ ուզում եմ անցնել հաջորդ փուլ, ես ինձ թույլ մասնակից չեմ համարում: Սակայն, եթե ոչ ես, ապա ի սրտե ցանկանում եմ, որ հաղթի կամ Սուրեն Առուստամյանը, կամ Անի Արզումանյանը: Նրանք արժանի մասնակիցներ են: