Ա. Ամիրյանի հիմնադրած «Slideart» ընկերությունը պատրաստվում է միանգամից երկու նախագիծ եթեր թողարկել, որոնցից մեկը` երաժշտական, իսկ երկրորդը, որի նախնական նկարահանումներն արդեն իսկ կայացել են` ժամանցային` «Տուր ինձ հուշում» ծրագիրն է, որը «Շանթ» հեռուստաընկերության եւ «Slideart»-ի համատեղ նախագիծն է:
Ա. Ամիրյանն այս կապակցությամբ նշեց. «Տուր ինձ հուշումն» անգլիական` «Տուր ինձ բանալի» նախագծի հայկական տարբերակն է լինելու: Ռուսական տարբերակում այդ հաղորդումը կոչվում է «Կրակադիլ»: Երբ մի պահ պատկերացրեցի, որ մեր հայրենակիցները, «Տուր ինձ բանալիի» փոխարեն` ասելու են. «Տուր ինձ բալանի», հասկացա, որ «բանալի» բառը շտապ փոխարինել է պետք»:
– Հաղորդման ռուսական տարբերակում, մենք ականատես ենք, թե որքան անմիջական եւ ազատ են հաղորդման մասնակից ճանաչված դեմքերը, որոնք կարող են թույլ տալ իրենց անգամ «կապիկություններ» անել եթերում: Անկաշկանդ եւ անմիջական վարքագծից նրանց «շքանշանները» չեն ընկնում: Որքանո՞վ հաջողված կստացվի այդ ամենը մեր հայտնի դեմքերի պարագայում, որոնցից շատերը մեծամտությամբ են տառապում:
– Մենք եւս մտավախություն ունեինք այդ առումով, քանի որ, բացի մեծամտության փաստից, հայերիս մեջ գոյություն ունի նաեւ բարդույթավորված լինելու գործոնը: Մինչ հաղորդման հիմնական նկարահանումներին անցնելը, մենք հեռուստատեսության ոլորտի աշխատակիցների հետ փորձնական նկարահանումներ արեցինք` հասկանալու համար, թե որքանո՞վ մեզ մոտ կստացվի այդ նախագծի իրականացումը: Քանզի այդ հաղորդման հաջողության գրավականը թաքնված է բուն մասնակիցների անկաշկանդության եւ ճիշտ հաղորդավարի` մեր դեպքում` դերասան Լեւոն Հարությունյանի ընտրության մեջ: Լեւոնն արտակարգ իմպրովիզատոր է: Սկզբնական շրջանում կհրավիրենք հայտնի երգիչ-երգչուհիներ` հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար: Այնուհետեւ իրար հետ կմրցակցեն` թատրոնների, ակումբների, բիզնեսի տարբեր ճյուղերի, ինչպես նաեւ` տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներից բաղկացած թիմեր:
– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որ հանրությունը դադարի քեզ վերաբերվել` որպես Արմեն Ամիրյանի զարմիկի, ով առաջ է շարժվում հորեղբոր հովանու ներքո: Դու որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ ես այդ «պիտակից» ազատվելու համար:
– Ոչ, որովհետեւ դա պիտակ չէ: Ամիրյանն իմ ազգանունն է` եւ ես հպարտ եմ դրանով: Բնական է, որ նման խոսակցություններ պիտի լինեին եւ կլինեն դեռ շատ երկար: Յուրաքանչյուր մարդ միայն իր կատարած աշխատանքով է ունակ որեւէ բան ապացուցելու: Իսկ ես վաղուց արդեն, առանց ավելորդ աղմուկի, կատարում եմ իմ աշխատանքը: Խոսքը պրոդյուսերական գործունեությանն է վերաբերում:
– Ավելորդ աղմուկ ասելով` նկատի ունես արհեստական ճանապարհով ստեղծված «բարձր» վարկանի՞շը:
– Այն հիմարությունները, որոնց միջոցով շատ ու շատ մարդիկ փորձում են բարձրացնել իրենց վարկանիշը` ինձ չէին անհանգստացնի, եթե նմանատիպ «բարձր վարկանիշ» չպահանջեին նաեւ ինձանից: Ժամանակին, երբ եթերում էր իմ հեղինակած հաղորդումը, չեմ ուզում նշել, թե որ հեռուստաընկերության եթերով, ինձ ասում էին, որ պետք է բարձրացնել հաղորդման վարկանիշը` անձիս շուրջ արհեստական աղմուկ բարձրացնելով: Ինձ բառացիորեն ասացին. «Արի կռիվ կազմակերպենք, իբրեւ քեզ ծեծել են: Թող նկարեն ու տպեն թերթերում: Հետո էլ շռամով մտի եթեր»: Հասկանո՞ւմ եք, թե մտածելակերպի ինչպիսի «բարձր» մակարդակի վրա է հիմնված մեր հեռուստաեթերը:
– Դու ընտրել ես հեռուստատեսության բնագավառը, զբաղվում ես պրոդյուսերական գործունեությամբ: Բացի բողոքելուց, ի՞նչ ես անում այդ իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար:
– Նախ` որպես մարդ, չեմ իջնում վարկանիշ ձեռք բերելու նման մակարդակի: Երբեք անունս չեմ պախարակի, ինչ է թե` իմ մասին շատ գրեն: Երբեք փողոցային լեզուն եթեր չեմ բերի, միայն այն պատճառով, որ հեռուստատեսության ղեկավարության «հեղինակավոր» կարծիքի համաձայն` գրական հայերենը «մոդայիկ չի»: Որպես պրոդյուսեր` փորձում եմ եթեր բերել որակով ժամանցային հաղորդումներ, քանի որ այն համատարած ողբը, որ այսօր առկա է եթերում, արդեն սրտխառնոց է առաջացնում:
– Որքանո՞վ է Արմեն Ամիրյանն ազդում քո` որպես պրոդյուսերի, կայացման հարցում: Խոսքս եւ խորհրդատվական, եւ ֆինանսական աջակցությանն է վերաբերում: Ակնհայտ է, որ առանց «տանիքի», առանց աջակցության` այսօր շատ դժվար է մտահղացումներ իրականացնել:
– Արմեն Ամիրյանի խորհուրդները ես միշտ հաշվի եմ առնում: Սակայն բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ եթե մտքիս դրել եմ` պիտի իրականացնեմ: Եթե անգամ հորեղբայրս կարծում է, որ այսինչ նախագիծը չարժե կյանքի կոչել, ես, իհարկե, լսում եմ նրան, սակայն, միեւնույն է, իրականացնում եմ: Չնայած պետք է խոստովանեմ, որ շատ անգամ պարզվում է, որ իզուր չլսեցի նրա խորհուրդները: Ի դեպ, ես կարողանում եմ խոստովանել, որ սխալվել եմ: Յուրաքանչյուր մարդ դաս է առնում միայն իր գործած սխալներից: Ֆինանսական աջակցման հարցում հանգիստ կարող եմ խոստովանել, որ միայն հիմարը կհրաժարվի Ա. Ամիրյանի պես հորեղբոր աջակցությունից: Իհարկե, սկզբնական շրջանում նա ինձ օգնել է, սակայն այսօր արդեն ես ամուր կանգնած եմ ոտքերիս վրա:
– Քույրդ` Անին, վերջերս ամուսնացավ: Չե՞ս պատրաստվում հետեւել նրա օրինակին: Այսպես որ շարունակվի, շուտով կկորցնես ընկերուհիներիդ թիվը:
– Երբեք չեմ թաքցրել, որ ընկերուհիներ շատ եմ ունեցել, սակայն անկեղծ խոստովանում եմ, որ արդեն 7 ամիս է, ինչ ընկերուհի չունեմ: Ես դեռ պատրաստ չեմ հրաժարվելու իմ ազատությունից: Դեռ 25 տարեկան եմ, սակայն, կարծում եմ` երեք տարի հետո կասեմ. «Արդեն 28 տարիս լրացավ` ժամանակն է»: Տղամարդը պետք է կարողանա ճիշտ ժամանակին վերջ տալ իր ազատությանը: Եթե հիմա ամուսնացած լինեի, չէի կարողանա ընկերներիս հետ ժամերով նստել սրճարանում, գիշերը ժամը երկուսին տուն վերադառնալ…
Ամուսնությունն այլ ապրելակերպ է թելադրում, որտեղ դու պատկանում ես ընտանիքիդ, հետո նոր` քեզ:
– Քույրդ ասում է, որ դժվարությամբ ես համակերպվել իր ամուսնության փաստի հետ:
– Ընկերներիս, հարազատներիս, անգամ իմ ամուսնությունը պատկերացնում էի, սակայն միշտ խուսափել եմ այն մտքից, որ մի օր քույրս կարող է ամուսնանալ եւ հեռանալ տանից: Այն միտքը, որ ես գալու եմ տուն, իսկ նա այնտեղ չի լինելու, ինձ միշտ տխրեցրել է: Եվ նրա հարսանիքի օրը եւս, մինչեւ վերջին պահը, չէի կարողանում հավատալ, որ հարսանիքի ավարտին քույրս մեզ հետ տուն չի գալու, այլ գնալու է ամուսնու տուն: Միգուցե դա եղբայրական «սեփականատիրության» զգացողությո՞ւն է, սակայն ես այդ օրը փոքր-ինչ դժվար տարա: Միանշանակ ուրախ եմ քրոջս համար, հատկապես, որ նա ամուսնանալով` մեր տանից շատ հեռու չի գնացել, պարզապես տեղափոխվել է դիմացի շենք: