Սպասված հանդիպում
Մարտի 26-ին կայացավ այդքան երկար սպասված Հայաստան-Ռուսաստան հանդիպումը: Այս հանդիպմանը արդեն մոտ կես տարի սպասում էին ոչ միայն ֆուտբոլասերները, այլ ամբողջ ժողովուրդը: Հանդիպման արդյունքը շատ կարեւոր էր: Եթե հայերը չպարտվեին, ապա առաջին անգամ լուրջ շանսեր էին ստանում դուրս գալու Եվրոպայի առաջնություն: Ժամը 19։00-ին հայերը տարված էին ֆուտբոլով: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն էր: Հանդիպումը մեկնարկեց: Խաղի առաջին րոպեներն անցնում էին մեր ընտրանու առավելությամբ, բայց առաջին խաղակեսի 25-րդ րոպեից նախաձեռնությանը տիրեց Ռուսաստանի հավաքականը: Բայց, միեւնույն է, առաջին խաղակեսն ավարտվեց 0։0 հաշվով: Երկրորդ խաղակեսում հայերը փորձեցին լավ գրոհել, բայց չստացվեց: Հակառակ դրան` մեր ընտրանին շատ լավ պաշտպանվում էր: Հաշիվն այդպես էլ չբացվեց: Չնայած նրան, որ մերոնք չկարողացան հաղթել` դեռեւս շատ լավ շանսեր կան: Հիշեցնենք, որ մերոնք իրենց հաջորդ հանդիպումը անցկացնելու են հունիսի 4-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Այս պահի դրությամբ մեր հավաքականը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը մեր խմբում:
Մեր մրցակիցները պարտություններ կրեցին
Մարտի 29-ին հանդիպումներ են կայացել ազգային հավաքականների մասնակցությամբ: Հանդիպումներ են անցկացրել Հայաստանի հավաքականի Եվրո-2012-ի ընտրական խմբի գլխավոր մրցակիցներ Իռլանդիայի, Սլովակիայի եւ Ռուսաստանի հավաքականները:Իռլանդիան եւ Սլովակիան մրցել են սեփական հարկի տակ, իսկ Ռուսաստանը հյուրընկալվել էր Քաթարին: Այժմ ներկայացնում ենք հանդիպման արդյունքները.
Իռլանդիա` 2 – ՈՒրուգվայ` 3
Սլովակիա` 1 – Դանիա` 2
Քաթար` 1 – Ռուսաստան` 1
Չնայած այս հանդիպումները կրում են ընկերական բնույթ` այնուամենայնիվ, մեր հավաքականը լավ շանսեր ունի այս թիմերին հաղթելու կամ չպարտվելու:
Յու. Մովսիսյան. «Ռուսներին շատ ծանր փորձություն է սպասվում»
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Հայաստան-Ռուսաստան հանդիպումից հետո հարցազրույց է տվել, որտեղ ասել է, որ Մոսկվայում ռուսներին շատ ծանր փորձություն է սպասվում: Նշենք, որ Ռուսաստանի հավաքականի հետ խաղում Մովսիսյանը ամենաակտիվներից մեկն էր խաղադաշտում, անգամ կարող էր գրավել ռուսների դարպասը: Յուրան ասել է, որ իրենք լավ մարզավիճակում չեն եղել ռուսների հետ խաղում: Մովսիսյանը հույս է հայտնել, որ իրենք ամռանը կգտնվեն փայլուն մարզավիճակում ու կկարողանան հաղթել ռուսներին: Իսկ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովն ասել է, որ ռուսները 100 տոկոսով կհաղթեն հայերին: Մի խոսքով, հունիսի 4-ին սպասվում է իսկական ճակատամարտ երկու թիմերի մասնակցությամբ:
Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ