Ապշերոնյան պաշտպանություն

01/11/2005 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Շարունակելով շախմատային թեման, մենք այսօր կփորձենք վերլուծել Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների պարտիան: Ելնելով այս օրերին Բաքվում տեղի ունեցած իրադարձություններից, հստակ կարելի է ասել, որ այս մրցաշարում խաղում են աշխարհաքաղաքական գրոսմայստերներ՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Այս պարտիան մեզ հետաքրքիր է այնքանով, որ նույն մրցաշարի հաջորդ պարտիան Հայաստանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է: Եվ, բնականաբար, գրոսմայստերները պետք է ամեն գնով ձգտեն, որ այս մրցաշարում իրենցից ոչ ոք տանուլ չտա: Իսկ դա նշանակում է, որ խաղի առնվազն ոչ-ոքի արդյունքը երկուսին էլ ձեռնտու է:

Հաշվի առնելով վերջին տարիներին հետխորհրդային մի քանի հանրապետությունների ընտրությունների փորձը, ադրբեջանական ընդդիմությունը խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Ղուլիեւի ղեկավարությամբ առաջինն արեց իր քայլը՝ ստիպելով Իլհամ Ալիեւին` ընդունել մարտահրավերը եւ գրավել ագրեսիվ-պաշպանողական դիրք:

Սպիտակների ճամբար

Թագավոր – Ռասուլ Ղուլիեւ
Թագուհի – ԱՄՆ եւ արեւմտյան այլ երկրների հատուկ ծառայություններ
Նավակներ – Ադրբեջանի ընդդիմության կողմն անցած իշխանության ներկայացուցիչներ
Փղեր – «Ազադլիգ» ընդդիմադիր միավորում
Ձիեր – արեւմտյան լրատվամիջոցներ
Զինվորներ -ուսանողական եւ երիտասարդական նորաստեղծ կազմակերպություններ

Սեւերի ճամբար

Թագավոր – Իլհամ Ալիեւ
Թագուհի – ՌԴ հատուկ ծառայություններ
Նավակներ – Ադրբեջանի ուժային կառույցներ
Փղեր – «Ենի Ազերբայջան» կուսակցություն
Ձիեր – ՌԴ լրատվամիջոցներ եւ Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցներ
Զինվորներ – չքաղաքականացված զանգված

Կարեն Քոչարյանը խաղում է սպիտակներով

Իրականում Ադրբեջանի ընդդիմության կողմից կատարած առաջին քայլը դասական e2-e4 քայլն էր, որտեղ նա, ինչպես եւ որեւէ պետության նորմալ ընդդիմություն, հայտարարեց, որ ուզում է գալ իշխանության: Մի տարբերություն կա. սպիտակների ճամբարից բավական շուտ ակնարկեցին, որ ուզում են կրկնել վրացական եւ ուկրաինական պարտիաները:

Կարեն Քոչարյանը խաղում է սեւերով

Ինձ անհասկանալի է միայն այն, որ Իլհամ Ալիեւը, որին առանց ակնարկելու էլ պարզ պետք է լիներ, որ ընդդիմությունը պետք է փորձի կրկնել վրացական ու ուկրաինական տարբերակները, միանգամից ագրեսիվ խաղ սկսեց: Այս տակտիկան կարելի է բացատրել միայն մի հանգամանքով՝ այն, որ նա շատ ուշ է իմացել սեւերի նավակների հնարավոր ակտիվության մասին (Ադրբեջանի ընդդիմության կողմ անցած իշխանության ներկայացուցիչների՝ ընդդիմությանը ֆինանսավորելու մասին), որոնց նա փորձեց չեզոքացնել իր նավակներով (Ադրբեջանի ուժային կառույցների միջոցով)՝ ազատելով աշխատանքից եւ ձերբակալելով:
 
Սպիտակներ

Սա, իհարկե, սպիտակների ճամբարի համար ծանր կորուստ էր, սակայն խաղի մեջ է սպիտակների թագուհին, որը պատրաստել է, ԱՊՀ տարածքում մինչ օրս չկիրառված, exit-polls տակտիկան. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դանիել Ֆրիդը հայտարարել է, որ եթե Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական տվյալների եւ իրենց կողմից անցկացվող exit-polls-ի տարբերությունը կազմի ընդամենը 2%, ապա ԱՄՆ-ը կճանաչի ընտրությունների արդյունքները:

Սեւեր

Սեւերի թագուհին, սակայն, նույնպես ունի դեպքերի զարգացման իր տարբերակը: Նա հասկանում է, որ Վրաստանից, Ուկրաինայից եւ Ղազախստանից բացի, եղել է Ուզբեկստան, երբ անհաջող փորձից հետո Իսլամ Քարիմովը ամերիկացիներին «խնդրեց» դուրս բերել իրենց երկրում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները: Իսկ Ադրբեջանում ամերիկացիներին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից ավելի, այսօր հետաքրքրում է Իրանի սահմանում ռազմաբազաներ տեղադրելու փաստը (որքան էլ նրանք դա հերքեն): Այսինքն, սեւերի թագուհին ամեն գնով (ինչի ականատեսն ենք մենք) փորձելու է վնասազերծել սպիտակների բոլոր ֆիգուրներին: Ինչ վերաբերում է զինվորներին, ապա մոտ ապագայում հազիվ թե նրանք հասցնեն դառնալ անցողիկ եւ վերածվել լուրջ ֆիգուրների:

Սպիտակներ

Վերջերս «Los Angeles Times»-ն իր հոդվածներից մեկում գրել էր, որ երբ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի քաղաքացիները կգնան ընտրատարածքներ, նրանց խնդիրն է լինելու` ոչ միայն իրենց ձայնը տալ նոր խորհրդարանի անդամներին, այլեւ նրանք կմասնակցեն այն ընտրություններին, որոնք, դա լավ է թե վատ, կդառնան ամբողջ աշխարհում ժողովրդավարության տարածման ԱՄՆ ճիգերի հանրաքվե: Այդ նույն հոդվածում նշված է, որ ազատ եւ արդար ընտրությունների ապահովումը կնշանակի, որ Իսլամը, նավթը եւ ժողովրդավարությունը կարող են համատեղելի դառնալ: Իսկ կեղծված կամ կասկածելի ընտրությունները ցույց կտան, որ Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի համար ժողովրդավարությունը լոկ գեղեցիկ բառ է, այն դեպքում, երբ խաղասեղանին է դրված ռազմաբազաների եւ նավթի խնդիրը:

Ամեն դեպքում, Ուկրաինայում ձերբակալված Ռասուլ Ղուլիեւի՝ ադրբեջանական իշխանություններին չհանձնվելու եւ ամենայն հանգստությամբ Լոնդոն վերադառնալու փաստը(Բաքու վերադառնալու երկրորդ փորձի ակնկալիքով), խոսում է այն մասին, որ սպիտակներն ամենեւին էլ չեն պատրաստվում հանձնվել: Ընդհակառակը, վերջնախաղում սեւերի համար նրանք բազմազան անակնկալներ են պատրաստել:

Սեւեր

Ինչ վերաբերում է սեւերին, ապա նրանք գործում են ԱՊՀ տարածքում բազմիցս օգտագործված ռազմավարության շրջանակներում՝ տոտալ հարձակվողական ոճով:

Ինչով կվերջանա այս պարտիան, բոլորս կիմանանք նոյեմբերի 7-ին (իմիջիայլոց, շատ խորհրդանշական օր է՝ Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության օրն է):

Շախմատային մեկնաբան Կարեն Քոչարյան

Այս ամենը չէր հետաքրքրի մեր շախմատասերներին, եթե այն անմիջական կապ չունենար Հայաստանի հետ: Թե ներքաղաքական կյանքում, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում սպասվելիք իրադարձությունները կարող են փոխել ուժերի դասավորությունը նաեւ մեր հանրապետությունում: Ներքաղաքական կյանքի առումով, եթե Ադրբեջանում որեւէ բան փոխվի (ինչը գործնականում, իմ կարծիքով, անհնար է), ապա աշխարհաքաղաքական ուժերը կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանում եւս ինչ-որ բան փոխվի (խոսքը հեղափոխության մասին չէ, որը տեսականորեն եւս չի բացառվում), քանզի այդ ուժերը սիրում են, երբ խաղատախտակին հավասարությունն է տիրում:

Իհարկե, այս պատմության մեջ կա մի հետաքրքիր, առաջին հայացքից` մանրուք թվացող նկատառում եւս. այսօրվա Ադրբեջանի թե իշխանական եւ թե ընդդիմադիր ճամբարները համարվում են Նախիջեւանյան կլանի հետնորդներ (որի հիմնադիրը համարվում է Հեյդար Ալիեւը): Սակայն երիտասարդ Իլհամ Ալիեւը գերադասում է ազատվել հոր վաղեմի մտերիմներից (ընդ որում, դա անում է բավական կոշտ մեթոդներով): Ձեր ուշադրությունը հրավիրեցի այս հանգամանքի վրա, քանզի հետագայում նույնը կարող է կրկնվել Հայաստանում: