Ոդիսական՝ առանց Ոդիսեւսի

31/03/2011

Մարգարիտա Խաչատրյանը «168 Ժամ» օրաթերթի 2011թ. մարտի 22-ին հրապարակված «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գիրք Ա հատորի ոդիսականը» հոդվածում ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին մեղադրում է որպես թե իրեն խաբելու եւ Սփյուռքի նախարարության կողմից Արամ Հայկազի երկերը տպագրելու առաջարկը մերժելու, նախարարության տրամադրած գումարը ետ վերադարձնելու մեջ, որով ինքը հարկադրված է տպարանին մուծել գրքի տպագրության վրա ծախսված 450.000 դրամը:

Առաջին հայացքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, որ հրեշավոր մի չարակամություն եւ նախանձ է ցուցաբերվել հոդվածագրի հանդեպ, ամեն ինչ արվել է, որ այս հատորը լույս չտեսնի, իսկ երբ հեղինակը ի հեճուկս ինստիտուտի տնօրինության հրատարակել է այս գիրքը, վերջինիս տպագրության համար նախատեսված գումարը տպարանին փոխանցելու փոխարեն` ինստիտուտը ետ է ուղարկել Սփյուռքի նախարարություն, եւ վերջինս էլ այն ետ է փոխանցել պետական բյուջե: Իրականությունը, սակայն, միանգամայն այլ է: Պայմանագիր կնքելու նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ, միաժամանակ որոշակի տարակույսներ են հայտնվել գրքի հրատարակության սկզբունքների մասին, սկսած վերնագրից: Գրքի «Մոռացված էջեր» անվանումը տարօրինակ էր հատկապես Արամ Հայկազի համար, ում գործերը, ըստ էության, ոչ թե մոռացված, այլ հիմնականում անհայտ էջեր են Հայաստանի ընթերցողի համար:

Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ ես ինքս Մ.Խաչատրյանից եմ իմացել, որ Սփյուռքում նման գրող է եղել: Իհարկե, իմ գիտելիքները չափանիշ չեն կարող լինել, սակայն վստահ եմ, որ «168 Ժամ» թերթի ընթերցողների 99.99 տոկոսի համար եւս Արամ Հայկազը միանգամայն անծանոթ հեղինակ է:

Ահա այս պատճառով Մ.Խաչատրյանին առաջարկվել է վերանայել հատորների կազմման ողջ սկզբունքը: Նախ ներկայացնել այս հեղինակի ընտրանին, որ Հայաստանում սկզբում նա իր լավագույն էջերով ներկայանա եւ ճանաչվի, ու հետո նոր` մոռացված: Ցավոք, հատորների կազմողը ոչ մի կարծիք հաշվի չառավ: Իր հիշատակած հուլիսի 16-ի գիտխորհրդի նիստում, այնուամենայնիվ, որոշակի զիջման գնալով` առաջարկել ենք, որ նա կազմի այս հատորները: Գիտխորհրդի այդ որոշման մեջ դրանից ավելի չի ասվել, եւ ըստ ակադեմիական ընդունված սկզբունքների` չէր կարող ասվել, քանի որ ընդունված կարգով գիտխորհրդի մի նիստում հանձնարարվում է տվյալ անձնավորությանը կատարել այդ գործը եւ հաջորդող գիտխորհուրդներից մեկում հաստատվում է այն` համապատասխան մասնագիտական քննության հիման վրա: Մ. Խաչատրյանը երբ ներկայացրեց իր կազմած առաջին հատորը, կատարվեցին մի շարք սկզբունքային դիտողություններ, որոնք նա հանձն չառավ կատարել տարբեր չփաստարկված պատճառաբանություններով, որոնցից երկու գլխավորներն էին, որ այդ ամենը կատարելուց հետո իր ներկայացնելիք նյութը չի կարող տեղավորվել նախատեսված հատորներում, եւ երկրորդ` առաջին այս հատորը չի հասնի նոյեմբերին ԱՄՆ-ում այդ հատորի նախատեսված շնորհանդեսին:

Մարդկայնորեն հասկանալով նրան եւ մի քանի սկզբունքային հարցերում անգամ ոչ թույլատրելի զիջումների գնալով, ես ինքս փորձել եմ ընդհանուր հայտարարի գալ, որը, սակայն, չի հաջողվել, քանի որ նա չի ցանկացել որեւէ փոփոխություն կատարել: Ինչ վերաբերում է պայմանագիր կնքելուն, կարող եմ վկայել, որ վերջում ինքն է հրաժարվել այն կնքելուց, հայտարարելով, որ գիրքն ինքը կտպագրի իր միջոցներով: Նույն ձեւով գրքի տպագրությունից հետո, որպես իր միջոցներով իրականացված հրատարակություն, նա գրքի ողջ տպաքանակը վերցրել եւ տնօրինել է իր հայեցողությամբ, տպաքանակի մի մասը ԱՄՆ շնորհանդեսին տանելով եւ ինստիտուտին նմուշի համար անգամ մեկ օրինակ չտալով, ու հիմա ասում է, որ Գրականության ինստիտուտը պետք է վճարի այն գրքի տպագրության համար, որը ոչ տպագրության է երաշխավորել եւ ոչ էլ գոնե մեկ օրինակ ստացել: Համանման ձեւով ինստիտուտի գիտխորհուրդն այն տպագրության երաշխավորելու հարցը չի քննել, եւ գրքի տիտղոսաթերթին նշված չէ` Գրականության ինստիտուտ: Ի դեպ, հատորը չունի նաեւ ինստիտուտի կողմից երաշխավորված մասնագիտական խմբագիր:

Այս հատորի շուրջը ծագած վիճաբանությունների պատճառն այն է, որ այդ գիրքը չի բավարարում հայ գրողների երկերի ակադեմիական հրատարակության համար առաջադրվող պահանջներին: Այսպես ասելով, որեւէ ցանկություն չունենք նսեմացնելու այս հրատարակությունը: Յուրաքանչյուրը կարող է ըստ իր ճաշակի եւ մոտեցման հրատարակել որեւէ հեղինակի գործը կամ գործերը, սակայն դրանք կլինեն իր անհատական մոտեցման արդյունք եւ ոչ` ակադեմիական հրատարակություն:

Ակադեմիական հրատարակությունը ենթադրում է հանգամանալից առաջաբան եւ տվյալ հատորում զետեղված ստեղծագործությունների բնութագրում: Երկուսն էլ, սակայն, չկան այս հրատարակությունում, այնինչ Արամ Հայկազի պարագայում դա ավելի քան հարկավոր էր:

Երկրորդ` ցանկացած գրողի երկերի ակադեմիական հրատարակությունը կազմվում է ըստ ժանրային բաժանման` վեպեր, վիպակներ, պատմվածքներ, հուշեր, նամակներ, եւ այսպես շարունակ: Մ.Խաչատրյանի կազմած առաջին այս հատորում, սակայն, հոդվածը հաջորդում է նամակին, վերջինս` պատմվածքին, ապա` հայրենիքից ստացված որեւէ տպավորության, եւ այսպես շարունակ:

Նույնը վերաբերում է ծանոթագրություններին, որոնք ավելի շատ ոչ թե վերաբերում են հրատարակված գործերին, այլ` Արամ Հայկազի գործերից կամ նրան նվիրված հոդվածներից կատարված ծավալուն մեջբերումներ են:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Մ.Խաչատրյանին թույլ չեն տալիս` որպես պլանային աշխատանք, Արամ Հայկազի գրական ժառանգությամբ զբաղվել, ապա հարկ է նշել, որ այստեղ որեւէ հատուկ դավ եւ չարակամություն չկա: Գրականության ինստիտուտը իրար զուգահեռ երկու մեծ հրատարակություններ է իրականացնում` «Հայ գրականության պատմության» ակադեմիական վեցհատորյակը եւ «Սփյուռքահայ գրականության հանրագիտարանը»: Այս աշխատանքներով զբաղված են համապատասխան բաժինների բոլոր աշխատակիցները եւ իրենց անձնական նախասիրություններից բխող մյուս բոլոր հետազոտական աշխատանքները կատարում են ինստիտուտի կողմից հաստատված պլաններից դուրս:

Վերն ասվածն առավել հանգամանալից եւ փաստարկված ձեւով կարող ենք հիմնավորել եւ ապացուցել ցանկացած թե՛ գիտական քննարկման ժամանակ եւ թե՛ անգամ դատական ատյանում, որտեղ տուժողը ինստիտուտի տնօրինությունը չէ, որ լինելու է: Այնպես որ, մեր գործընկերուհուն խորհուրդ կտայինք իր ուժերը` անիմաստ եւ անհեռանկար վատնելու փոխարեն` կենտրոնացներ իր պլանային աշխատանքների եւ գիտական մյուս նախասիրած թեմաների կատարման վրա:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն