Ակուտագավա Րյունոսկե. «Գաճաճի խոսքերը»

31/03/2011 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

ՆԱԽԱԲԱՆ

«Գաճաճի խոսքերը» միշտ չէ, որ արտացոլում են մտքերս: Դրանք սոսկ թույլատրում են հետեւելու այն բանին, թե ինչպես են մտքերը փոփոխվում: Գետնատարած բույսը ճյուղավորվում է միեւնույն արմատից եւ դրա հետ մեկտեղ` բազում շիվեր է տալիս:

ԱՍՏՂԵՐԸ

Դեռեւս հներն էին ասում` ոչինչ նոր չէ լուսնի տակ: Բայց ոչինչ նոր չէ ոչ միայն լուսնի տակ: Ըստ աստղագետների պնդման, երեսուն, վեց հազար տարի է պահանջվում, որպեսզի լույսը Հերկուլեսի համաստեղությունից հասնի մեր Երկրին: Սակայն նույնիսկ Հերկուլեսի համաստեղությունը չի կարող հավերժ լուսավորել: Եվ մի օր կդադարի հիասքանչ լույս ճառագել, վերածվելով պաղած մոխրի: Սակայն մահը միշտ իր մեջ կրում է նոր կյանքի սաղմը: Եվ միեւնույն Հերկուլեսի համաստեղությունը` դադարելով լույս ճառագել, իր թափառումներում անպարագրելի Տիեզերքով մեկ հանգամանքների բարեպատեհ բերումով կվերածվի միգամածության: Եվ դրանում կծնվեն նոր աստղեր:

Դե հենց Արեգակն էլ Տիեզերքում հածող կրակներից մեկն է: Բայց չէ՞ որ այն մեր Երկրի նախահայրն է: Սակայն այն, ինչ տեղի է ունենում Տիեզերքի ամենածայրին, այնտեղ, ուր ծավալվում է Ծիր Կաթինը… Ճանապարհը, փաստորեն ոչնչով չի տարբերվում այն բանից, ինչ կատարվում է մեր մեղսավոր երկրում: Կյանքն ու մահը, ենթարկվելով շարժման օրենքներին, մշտապես փոխարինում են միմյանց: Մտածելով այդ մասին, անհնար է չներթափանցվել ինչ-որ կարեկցանքով առ երկնքում սփռված անհամար աստղերը: Ինձ նույնիսկ թվում է, որ աստղերի առկայծումն արտահայտում է հենց նույն զգացողությունները, որոնք ապրում ենք մենք: Գուցե թե, այդ պատճառով էլ բանաստեղծներից մեկն այսպիսի ճշմարտություն է արտահայտել.

Ավազահատիկների պես երկինքը պատած աստղերից մեկը.

Միմիայն ինձ է լույս առաքում:

Սակայն այն, որ աստղերը, հանց մենք, կատարում են իրենց հավերժական շարժումը, այդուհանդերձ, փոքր-ինչ տխուր է:

ՔԻԹԸ

Գոյություն ունի Պասկալի հանրահայտ ասույթը` եթե Կլեոպատրայի քիթը փոքր-ինչ կարճ լիներ, պատմությունն այլ տեսք կառներ: Սակայն սիրահարները հազվադեպ են տեսնում ճշմարիտ պատկերը: Ընդհակառակը, մեկ անգամ սիրահարվելով, մենք ձեռք ենք բերում ինքնախաբեությամբ զբաղվելու անգերազանցելի ունակություն:

Անտոնիոսը նույնպես բացառություն չէ` եթե նույնիսկ Կլեոպատրայի քիթն ավելի կարճ լիներ, նա հազիվ թե դա նկատեր: Իսկ եթե նույնիսկ նկատեր, ապա այդ թերությունը լրացնող բազում այլ արժանիքներ կգտներ: Այդ ի՞նչ արժանիքներ են: Ես համոզված եմ, որ ողջ աշխարհում չկա մի կին, ով այնքան արժանիքների տեր է, որքան ձեր սիրեցյալը: Հավանաբար, Անտոնիոսը եւս, ինչպես եւ մենք, անշուշտ, Կլեոպատրայի աչքերում թե շուրթերում կգտներ առավել քան բավարար փոխհատուցում: Բացի այդ, գոյություն ունի «նրա հոգին»: Իրոք, կինը, ում մենք սիրում ենք, զարմանահրաշ հոգու տեր է` դա եղել է բոլոր ժամանակներում: Ավելին, նրա հագուստը, եւ նրա հարստությունը, եւ նրա սոցիալական դրությունը` այդ ամենը վերածվում է նրա արժանիքի: Կարելի է հիշատակել նույնիսկ ապշեցուցիչ դեպքեր, երբ արժանիքների թվին է դասվում այն փաստը կամ թեկուզ խոսքուզրույցը, թե անցյալում մեր գեղեցկուհուն սիրել է երեւելի մեկը: Եվ, բացի այդ, մի՞թե Կլեոպատրան շլացուցիչ պերճաշուքությամբ եւ առեղծվածայնությամբ պարուրված եգիպտական վերջին թագուհին չէր: Ո՞վ ուշք կդարձներ նրա քթի երկարությանը, երբ նա բազմում էր ծխացող անուշահոտությունների ամպի մեջ, շողշողալով թանկարժեք քարերով զարդարված թագով եւ լոտոսի ծաղիկը ձեռքին: Առավել եւս, եթե նրան նայենք Անտոնիոսի աչքերով:

Համանման ինքնախաբեությունը սիրով չի սահմանափակվում: Մենք բոլորս, հազվադեպ բացառություններով, մեր իսկ կամքով գունազարդում ենք ճշմարիտ պատկերը: Վերցնենք, դե, թեկուզ ատամնաբույժի ցուցանակը` այն աչքի է զարնում ոչ այնքան այն պատճառով, որ գոյություն ունի, որքան այն պատճառով, որ մենք համակված ենք այն տեսնելու ցանկությամբ, պարզ ասած` ատամնացավով: Անշուշտ, մեր ատամնացավը պատմության հետ ոչ մի կապ չունի: Բայց նմանատիպ ինքնախաբեությունը սովորաբար ներհատուկ է նաեւ քաղաքական այրերին, ովքեր ուզում են իմանալ ժողովրդի տրամադրվածությունը, եւ զինվորականներին, ովքեր կամենում են իմանալ հակառակորդի դիրքը, եւ արդյունաբերողներին, ովքեր ցանկանում են իմանալ իրավիճակը: Ես չեմ ժխտում, որ գոյություն ունի բանականություն, որը պետք է սրբագրի մեր զգացմունքները: Բայց միաժամանակ ընդունում եմ եւ առկայությունը «պատահականությունների», որոնք գերիշխում են մարդու գործած բոլոր արարքներին: Սակայն ամենայն կիրք հեշտությամբ մոռանում է բանականության մասին: «Պատահականությունը»` դա, այսպես ասած, աստվածների կամքն է: Հետեւաբար, ինքնախաբեությունը` համաշխարհային պատմությունն ուղղորդելու կոչված հավերժական ուժ է:

Այսպիսով, ավելի քան երկհազարամյա պատմությունը դույզն-ինչ կախված չի եղել այդչափ աննշանորեն չնչին բանից, ինչպիսին Կլեոպատրայի քիթն է: Այն ավելի շուտ կախված է աշխարհում ահագնացող մեր տխմարությունից: Ծիծաղելի է, բայց այն իսկապես կախված է մեր հաղթանակող տխմարությունից:

ԲԱՐՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Բարոյախոսությունը` հարմարվողականության այլ անվանումն է: Այն նման է ձախակողմյան շարժման:

***
Բարոյախոսության շնորհած բարօրությունը` աշխատանքի եւ ժամանակի տնտեսումն է: Բարոյախոսության գործած վնասը` խղճի լիակատար կաթվածն է:

***
Նրանք, ովքեր անմտորեն հերքում են բարոյախոսությունը, տնտեսագիտությունից գլուխ չեն հանում: Նրանք, ովքեր անմտորեն գլուխ են հակում դրա առաջ` կամ վախկոտ են, կամ անբան:

***
Մեզ իշխող բարոյախոսությունը` կապիտալիզմով թունավորված ֆեոդալիզմի բարոյախոսությունն է: Այն մեզ միայն վնաս է բերում, եւ ոչ մի օգուտ:

***
Ուժեղները ոտնահարում են բարոյախոսությունը: Թույլերին բարոյախոսությունը փայփայում է: Նրանք, ում այն ճնշում է, սովորաբար ուժեղների եւ թույլերի միջեւ միջանկյալ դիրք են գրավում:

***
Բարոյախոսությունը, որպես կանոն` հնամաշ հագուստ է:

***
Խիղճը, հանց մեր մորուքը, տարիքի հետ չի հայտնվում: Խիղճ ունենալու համար որոշակի դաստիարակություն է պետք:

***
Մարդկանց իննսուն տոկոսը բնատուր խղճից զուրկ է:

***
Մեր վիճակի ողբերգականությունն այն է, որ մենք կամ դեռեւս ջահել լինելու, եւ կամ թե թերի դաստիարակություն ստանալու պատճառով դեռ չենք կարողացել խղճի տեր լինել, մեզ արդեն մեղադրում են անխղճության մեջ:

***
Մեր վիճակի զավեշտականությունն այն է, որ այն բանից հետո, երբ մեզ կամ ջահել լինելու եւ կամ թե թերի դաստիարակություն ստանալու պատճառով մեղադրում են անխղճության մեջ, մենք վերջապես խղճի տեր ենք դառնում:

***
Խիղճը` լուրջ հափշտակվածություն է:

***
Հնարավոր է, խիղճը բարոյականություն է ծնում, սակայն բարոյականությունը մինչեւ այժմ երբեք չի ծնել այն, ինչը որ լավագույնն է խղճի մեջ:

***
Ինքը` խիղճը, ինչպես ցանկացած հափշտակվածություն, մոլի երկրպագուներ ունի: Այդ երկրպագուները հարյուրից իննսունի դեպքում` խելոք ազնվականներն են կամ հարուստները:

ՀԱԿՈՒՄՆԵՐԸ

Ինչպես հնորակ գինի, ես սիրում եմ հնամենի էպիկուրականությունը: Մեր արարքներին գերիշխում են ոչ բարին եւ ոչ էլ չարը: Այլ մեն միայն մեր հակումները: Կամ մեր բավականություններն ու անբավականությունները: Ես դրանում համոզված եմ:

Այդ դեպքում ինչո՞ւ ուրեմն նույնիսկ ներթափանց ցրտին, խեղդվող երեխա տեսնելիս, ջուրն ենք նետվում: Որովհետեւ փրկության մեջ բավականություն ենք գտնում: Եվ ուրեմն ի՞նչ չափանիշով կարելի է չափել, թե ինչն է լավ` սառը ջրի մեջ սուզվելու անբավականությո՞ւնը, թե՞ երեխայի փրկությունից բավականություն ստանալը: Չափանիշ է ծառայում առավել մեծ բավականության ընտրությունը: Սակայն ֆիզիկական բավականությունը կամ անբավականությունը եւ հոգեւոր բավականություններն ու անբավականությունները տարբեր չափանիշներով են չափվում: Ճիշտ է, բավականությունն ու անբավականությունը չեն կարող լիովին անհամատեղելի լինել: Ավելի շուտ դրանք միաձուլվում են ինչ-որ միաձույլ բանում, աղի ու անալի ջրերի հանգույն: Իսկապես, մի՞թե գերագույն բավականություն չեն ապրում հոգեզուրկ ազնվականները Կիոտոյից եւ Օսակայից, ախորժանք ապրելով բրնձով օձաձկից եւ բանջարեղենից, կրիայով արգանակը համտեսելուց հետո: Մի այլ օրինակ, այն փաստը, որ ցուրտն ու ջուրը կարող են հաճույք պատճառել, ապացուցում է սառցաջրում լողալը: Իմ խոսքերին կասկածողները կկամենան դա բացատրել մազոխիզմով: Իսկ այդ անիծյալ մազոխիզմը` բավականության կամ անբավականության հասնելու ամենասովորական ձգտումն է, որ առաջին հայացքից կարող է այլասեռում թվալ: Ըստ իմ համոզմունքի, քրիստոնյա սրբերը, որ բերկրանքով մահացնում էին մարմինն իրենց, ժպիտով խարույկին ընդառաջ էին գնում, մեծավ մասամբ մազոխիստներ էին:

Մեր արարքները կանխորոշում են, ինչպես հին հույներն էին ասում, հակումները, եւ ուրիշ ոչինչ: Մենք պետք է կենաց աղբյուրից գերագույն բավականություն քաղենք: «Մի եղեք մռայլ, հանց երեսպաշտները»` մի՞թե նույնիսկ քրիստոնյաները դա չեն ուսուցանում: Իմաստունը նա է, որ փշե ճանապարհն էլ վարդերով է պատում:

ԳԱՃԱՃԻ ԱՂՈԹՔԸ

Երբ ինձ հաջողվում է վառվռուն հագուստ հագնել եւ հասարակությանը զբաղեցնել թավալգլոր լինելով եւ անհոգ շաղակրատությամբ, ես ինձ երանյալ գաճաճ եմ զգում: Պաղատում եմ քեզ, կատարիր, խնդրում եմ, ցանկություններն իմ:

Խնդրում եմ, ինձ չքավոր մի դարձրու, ով հոգեպահուստ բրնձահատիկ անգամ չունի: Բայց խնդրում եմ, ինձ հարուստ էլ մի դարձրու, ով ունակ չէ կշտանալու իր հարստությունից:

Խնդրում եմ, այնպես մի արա, որ ես ատեմ աղքատ հյուղակում ապրող գեղջկուհուն: Բայց խնդրում եմ, մի արա եւ այնպես, որ ես սիրեմ շքեղաշուք ապարանքում ապրող գեղեցկուհուն:

Խնդրում եմ, ինձ հիմար մի դարձրու, որ ունակ չէ սերմնահատիկը մոլախոտից տարբերելու: Բայց խնդրում եմ, ինձ իմաստուն էլ մի դարձրու, ում հասու է նույնիսկ այն, թե որտեղից են գալու ամպերը:

Հատուկ խնդրում եմ, ինձ մի դարձրու անվեհեր հերոս: Ես իրոք որ երբեմն տեսնում եմ երազներ, որոնցում անկարելին եմ անում` անմատույց բարձունքներ եմ նվաճում, լողանցնում եմ անհաղթահարելի ծովերը: Ես միշտ աղոտ տագնապ եմ ապրում, երբ այդպիսի երազ եմ տեսնում: Ես ջանում եմ վանել այն ինձնից, ասես վիշապի դեմ եմ մարտնչում: Խնդրում եմ, թող մի տուր ինձ հերոս դառնալ, ով ուժ չունի մարտնչելու հերոս դառնալու ծարավի դեմ:

Երբ ինձ հաջողվում է մի կուշտ նորահաս գինի խմել, նրբին ոսկե թելերով հյուսել իմ երգերը եւ բերկրել այդ երջանիկ օրերից, ես ինձ երանյալ գաճաճ եմ զգում:

ԿԱՄՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Եթե հավատանք ճակատագրին, ապա հանցանք, որպես այդպիսին, չի կարող գոյություն ունենալ, ինչը որ հանգեցնում է պատժի իմաստի կորստյանը, եւ այդժամ մենք, անշուշտ, հանցագործի հանդեպ ներողամտություն կցուցաբերենք: Եվ միաժամանակ, եթե հավատանք կամքի ազատությանը, ծագում է պատասխանատվության գաղափարը, որ թույլատրում է խուսափել խղճի կաթվածից, եւ այդժամ մենք, անշուշտ, ինքներս մեր հանդեպ առավել տոկունություն կցուցաբերենք: Ինչի՞ն հետեւել:

Ուզում եմ օբյեկտիվորեն պատասխանել: Հարկ է կիսով չափ հավատալ կամքի ազատությանը եւ կիսով չափ` ճակատագրին:

Կամ թե կիսով չափ կասկածել կամքի ազատությանը եւ կիսով չափ` ճակատագրին: Ինչո՞ւ: Մի՞թե մեր ճակատագիրը չի կանխորոշում, թե ում ենք մենք կնության առնում:

Եվ միաժամանակ մի՞թե կամքի ազատությունը չի ստիպում մեզ կնոջ պատվերով խաորի եւ օբի գնել:

Անկախ կամքի ազատությունից եւ ճակատագրից` Աստված եւ սատանա, գեղեցկություն եւ այլանդակություն, անվեհերություն եւ փոքրոգություն, ռացիոնալիզմ եւ հավատ եւ բազում այլ համանման բաներ մենք պետք է հավասարակշռենք կշռաքարերով: Հները դա ոսկե միջին էին կոչում: Ոսկե միջինն անգլերեն արտահայտվում է «good sense» բառերով: Ըստ իմ համոզմունքի, չձգտելով good sense-ի, անհնար է երջանկության հասնել: Իսկ եթե հաջողվի էլ հասնել, ապա միայն ցուցադրական` տոթակեզ տապին ջերմանալ թավայի մոտ, սարսռեցնող ցրտին հովհար տարուբերել:

ԵՐԵԽԱՆԵՐԸ

Զինվորականները երեխաներից հեռու չեն գնացել: Հազիվ թե հարկ է այստեղ ասել, թե ինչպես են նրանք ուրախությունից սարսռում, կանխավայելելով հերոսական սխրագործությունները, ինչպես են հրճվում, այսպես կոչված, փառքով: Լոկ տարրական դպրոցում կարելի է տեսնել ինչպես են հարգվում մեխանիկական վարժությունները, ինչպես է գնահատվում կենդանական համարձակությունը: Զինվորականներն առավել քան երեխաներին են հիշեցնում, երբ առանց խորհրդածելու սպանդ են սարքում: Բայց ամենից շատ նրանք նման են երեխաներին, երբ շեփորի ձայնից ու զինվորական մարշերից ոգեշնչված, բերկրալի նետվում են թշնամու վրա, չհարցնելով, թե ինչի համար են մարտնչում: Ահա թե ինչու այն, ինչով հպարտանում են զինվորականները, միշտ նման է երեխայական զվարճանքների: Մեծահասակ մարդուն չեն կարող գրավել շողշողուն ասպազենքն ու սաղավարտը: Շքանշանները` ահա թե ինչն է ինձ հիրավի զարմացնում: Ինչո՞ւ են զինվորականները սթափ վիճակում շրջում, լանջքը շքանշաններով պատած:

ԶԵՆՔԸ

Արդարությունը զենք է հիշեցնում: Զենքը կարող է գնել եւ թշնամին, եւ ընկերը` բավ է սոսկ փող վճարել: Արդարությունը նույնպես կարող է գնել եւ թշնամին, եւ ընկերը` բավ է սոսկ առիթ գտնել: Վաղնջական ժամանակներից ի վեր, ասես արկերով, միմյանց վրա էին կրակում «արդարության թշնամի» մակդիրով: Սակայն համարյա դեպք չի լինում, որ հռետորությամբ տարվածները ջանան պարզել, թե ով է նրանցից իսկապես «արդարության թշնամի»:

Ճապոնացի բանվորները, միայն այն բանի համար, որ իրենք ճապոնացիներ են ծնվել, հրաման են ստացել լքել Պանաման: Դա հակասում է արդարությանը: Ամերիկան, ինչպես գրում են թերթերը, պիտի հորջորջվի «արդարության թշնամի»: Բայց չէ՞ որ եւ չինացի բանվորները, միայն այն բանի համար, որ չինացի են ծնվել, հրաման ստացան լքել Սոնձյուն: Դա նույնպես հակասում է արդարությանը: Ճապոնիան, ինչպես գրում են թերթերը… Ոչ, Ճապոնիան, ահա արդեն երկու հազար տարի, անփոփոխելիորեն «արդարության ընկերն է»: Արդարությունը դեռեւս ոչ մի անգամ հակասության մեջ չի մտել Ճապոնիայի հետաքրքրությունների դեմ:

Զենքից, որպես այդպիսին, վախենալ պետք չէ: Պետք է վախենալ մարտիկների արվեստից: Արդարությունից, որպես այդպիսին, վախենալ պետք չէ: Պետք է վախենալ սադրիչների պերճախոսությունից…

Դիմելով պատմությանը, ես ամեն անգամ մտածում եմ «Յուսյուկան» թանգարանի մասին: Նրա հինավուրց զենքի պատկերասրահներում շարված են զանազան «արդարություններ»: Հնամենի չինական սուրը հիշեցնում է արդարությունը, որ քարոզում էր կոնֆուցիականությունը: Հեծյալի տեգը հիշեցնում է արդարությունը, որ քարոզում էր քրիստոնեությունը: Ահա հաստաբեստ մահակ: Դա սոցիալիստի արդարությունն է: Եվ ահա զարդանախշերով պատված մի թուր: Դա ազգայնականի արդարությունն է: Նայելով այդ զենքին, ես պատկերացնում եմ աստվածային մարտերը, եւ սիրտս սկսում է արագ բաբախել: Սակայն, դժբախտաբար կամ բարեբախտաբար, ես չեմ հիշում, որպեսզի ես գեթ մեկ անգամ ձեռքս զենք վերցնելու ցանկություն ունենամ:

ՄԻԱՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս պատմությունը վերաբերում է 17-րդ դարի Ֆրանսիային: Մի անգամ Բուրգունդիայի հերցոգը աբբահայր Շուազիին այսպիսի հարց տվեց. «Կարլ վեցերորդը խելագար էր: Ինչպես, ըստ ձեզ, հարկ էր հաղորդել այդ մասին ամենանրբանկատ կերպով: Աբբահայրը պատասխանեց. «Ես կարճ կասեի` Կարլ վեցերորդը խելագար է»: Աբբահայր Շուազին իր պատասխանը համարում էր իր կյանքում ամենախիզախ արարքներից մեկը եւ միշտ հպարտանում էր դրանով:

17-րդ դարի Ֆրանսիան այնքան ներծծված էր միապետականության ոգով, որ պահպանել է նույնիսկ այս անեկդոտը: Սակայն քսաներորդ դարի Ճապոնիան միապետականությամբ դույզն-ինչ Ֆրանսիային չի զիջում: Հիրավի այն ոչ բերկրանք է բերում, ոչ էլ` երջանկություն:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Արվեստագետը, ես համոզված եմ, միշտ իր ստեղծագործությունը ստեղծում է գիտակցաբար: Սակայն ծանոթանալով հենց ստեղծագործությանը, տեսնում ես, որ նրա գեղեցկությունն ու այլանդակությունը կիսով չափ պարփակված են խորհրդավոր աշխարհում, որը արվեստագետի գիտակցության սահմաններից դուրս է: Կիսով չա՞փ: Իսկ մի՞թե, ավելի լավ չէ՞ ասել` հիմնականում:

Արդարանալով, մենք հենց դրանով մատնում ենք մեզ: Ուզում ենք թե ոչ, արարվող ստեղծագործություններում միշտ մերկանում է մեր հոգին: Մի՞թե «Հարվածը լայնաբերան դանակով` խոնարհում է» հինավուրց ասույթը չի խոսում անգիտակցականի սահմանների առաջ մարդկանց վախի մասին:

Ստեղծագործությունը միշտ խիզախում է: Այն բանից հետո, երբ մարդու ուժերը հատնում են, նա կարող է ապավինել միայն երկնքի կամքին` այլ բան տրված չէ:

Երբ ես երիտասարդ էի եւ գրել էի սովորում, ապա տառապում էի այն բանից, որ հարթ չէր ստացվում: Մի բան ասեմ` ջանքը սոսկ գործի կեսն է, միայն ջանքով կատարելության չես հասնի: Միայն ծերանալով, սկսում ես հասկանալ, որ համառությունը դեռ բոլոր երեք մասերը չեն` «մարդու գործը, յոթ մասով` երկնքի շնորհն է»: Այս տողերը «Լունշիից» հաստատում են իմ միտքը: Արվեստը` մռայլ անդունդ է: Եթե չլինի փողի ծարավը, եթե չլինի հափշտակվածությունը փառքով, եթե, ի վերջո, չլինեն տառապանքները ստեղծագործական եռքից, ապա, հնարավոր է, երեւի թե մեր խիզախությունը չբավեր մարտի մեջ մտնելու այդ չարագուշակ արվեստի դեմ:

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Գեղարվեստական ստեղծագործության գնահատանքը արվեստագետի եւ քննադատի համագործակցությունն է: Այլ կերպ ասած` վերլուծելով ուրիշի ստեղծագործությունը, քննադատը միմիայն ջանում է ստեղծել իր սեփականը: Այդ պատճառով էլ որոշ գործեր բոլոր ժամանակներում պահպանում են իրենց երեւելի նշանակությունը, քանզի անպայման ունեն բնորոշ գծեր, որոնք թույլ են տալիս ամենատարատեսակ քննադատական գնահատանքներ: Սակայն, Անատոլ Ֆրանսի խոսքերով, զանազան քննադատական գնահատանքների հնարավորությունը հազիվ թե նշանակում է մեկնաբանության թեթեւությունը, քանի որ ստեղծագործությունները ծնվում են ասես մշուշի մեջ: Ռոձան լեռան կատարի պես, ստեղծագործությունը տարբեր կետերից տարբեր կերպ է երեւում եւ գնահատվում:

ԴԱՍԱԿԱՆՆԵՐԸ

Դասականների երջանկությունն այն է, որ նրանք մեռած են:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Մեր եւ ձեր երջանկությունն այն է, որ նրանք մեռած են:

ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ

Քիչ արվեստագետներ չեն, որ ապրում են հիասթափությունների աշխարհում: Նրանք չեն հավատում սիրուն: Նրանք չեն հավատում խղճին: Հինավուրց մենակյացների նման, նրանք իրենց տունն են դարձրել ուտոպիայի անապատը: Այդ պատճառով նրանք, հնարավոր է, արժանի են խղճահարության: Սակայն հիասքանչ միրաժները ծնվում են լոկ անապատի սրտում: Հիասթափվելով մարդոց գործերից, արվեստից, նրանք, որպես կանոն, չէին հիասթափվում: Ընդհակառակը, միմիայն արվեստի մասին հիշատակելիս նրանց աչքերի առաջ ոսկե տեսիլքներ են ծնվում, որոնք հասու չեն սովորական մարդկանց: Նրանք նույնպես, խորհրդածելով հիասքանչի մասին, սպասում են իրենց երջանիկ պահին:

ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ

Ոչ ոք ունակ չէ մինչեւ վերջ ամեն ինչ խոստովանելու: Միաժամանակ առանց խոստովանանքի ինքնարտահայտումն անհնար է:

Ռուսոն մի մարդ էր, որ սիրում էր խոստովանել: Բայց նրա «Խոստովանանքում» լիակատար անկեղծություն անհնար է հայտնաբերել: Մերիմեն մեկն է, որ ատում էր խոստովանելը: Բայց մի՞թե «Կոլոմբայում» նա թաքուն կերպով ինքն իր մասին չի պատմում: Հստակորեն նշել սահմանը խոստովանական եւ մնացյալ այլ գրականությունների միջեւ անհնար է:

ԻՍԻԳՈՒՐՈ ՏԵՅԻՏԻ ԿՈՒՆՈՅԻ ԿՅԱՆՔԸ

Ուզածդ մարդ համոզված է, որ լողալ չիմացողին հրամայել «լողալ» անխոհեմ է: Նույնքան անխոհեմ է վազել չիմացողին հրամայել` «վազիր»: Սակայն մենք հենց ծնունդից ի վեր այդպիսի տխմար հրամաններ ենք ստանում:

Մի՞թե մենք կարող էինք, դեռեւս մոր արգանդում գտնվելիս, ուսումնասիրել այն ուղին, որով ընթանալու է մեր կյանքը: Բայց չէ՞ որ, հազիվ լույս աշխարհ եկած, մենք մեկեն կյանքն ենք մտնում, որը մրցասպարեզ է հիշեցնում: Անշուշտ, լողալ չիմացողը ինչպես հարկն է լողալ չի կարող: Վազել չիմացողը նույնպես վերջինը տեղ կհասնի: Այդ պատճառով մենք էլ մրցասպարեզից առանց վերքերի դուրս չենք գա:

Մարդիկ, հնարավոր է, ասեն. «Հարկ է նայել այն բանին, թե ինչ են գործել նախնիները: Դա ձեզ համար օրինակ կծառայի»: Սակայն, պարզապես նայելով բյուրավոր լողորդներին եւ հազարավոր վազորդներին` անհնար է լողալ կամ վազել սովորել: Եվ նրանք, ովքեր կփորձեն լողալ, բոլորն անխտիր ջուր կուլ կտան, իսկ նրանք, ովքեր կփորձեն վազել, բոլորն առանց բացառության փոշու մեջ կկորչեն: Նայեք աշխարհի հանրահայտ սպորտսմեններին` արդյո՞ք հպարտ ժպիտի ներքո նրանք չեն թաքցնում տառապանքի ծամածռությունը:

Կյանքը նման է գժի սարքած օլիմպիական խաղերի: Մենք պետք է սովորենք մարտնչել կյանքի համար, մարտնչելով կյանքի դեմ: Իսկ նրանք, ովքեր չեն կարողանում թաքցնել վրդովմունքը, տեսնելով այդ խաղի ողջ հիմարությունը, լավ է հեռանան մրցասպարեզից: Ինքնասպանությունը նույնպես լիովին համապատասխան միջոց է: Սակայն նրանք, ովքեր ուզում են կենալ կյանքի մրցասպարեզում, պիտի խիզախորեն մարտնչեն, առանց վերքերից վախենալու:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Կյանքը նման է լուցկու տուփի: Դրան լուրջ վերաբերվելը` տխմարությանց տխմարությունն է: Անլուրջ վերաբերվելը` վտանգավոր է:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Կյանքը նման է գրքի, որում շատ էջեր պակասում են: Դժվար է այն ամբողջական գտնելը: Եվ, այդուհանդերձ, այն ամբողջական է:

ԴՐԱԽՏԸ` ԵՐԿՐԻ ԵՐԵՍԻՆ

Դրախտը երկրի երեսին գովերգվում է բանաստեղծություններում։ Բայց, ավաղ, ես չեմ մտաբերում, որ այդպիսի բանաստեղծներից որեւէ մեկը ուզենա ապրել երկրի երեսի դրախտում: Քրիստոնեական դրախտը երկրի երեսին բավական տրտմալի տեսարան է: Դաոսական դրախտը նույնպես` սոսկ մռայլ չինական պանդոկ է: Առավել եւս ժամանակակից ուտոպիաները` հիշողությանս մեջ մնացել են Ուիլյամ Ջեյմսի սարսռաբեր գաղափարները:

Դրախտը երկրի երեսին, որի մասին երազում եմ ես, հարմարավետ ջերմոց չէ: Եվ դպրոցին կից ուտելիքի ու հագուստի բաժանման կետ չէ: Ապրել այդպիսի դրախտում` երբ ծնողները կյանքից հեռանում են, իրենց երեխաներին մեծացրած: Քույրերն ու եղբայրները նույնիսկ չարագործ ծնված, բայց ոչ երբեք` հիմար, միմյանց անհանգստություն չեն պատճառի: Կանայք ամուսնանալով, մեկեն դառնում են հեզ ու լսող, որովհետեւ նրանց մեջ բուն է դնում տնային կենդանու հոգին: Երեխաները, լինեն տղա թե աղջիկ, կամքին կամ ծնողների էմոցիաներին հլու, ունակ են օրը մի քանի անգամ դառնալու խուլ, համր, հեզ ու կույր: Ընկեր Ա-ն Ընկեր Բ-ից աղքատ չի լինի, եւ միաժամանակ` ընկեր Բ-ն ընկեր Ա-ից հարուստ չի լինի, եւ երկուսն էլ բարձրագույն երջանկություն են գտնում փոխադարձ գովերգման մեջ: Այնուհետեւ… ընդհանուր առմամբ, այդպիսի տեղի մասին հաճելի է երազելը:

Այդ դրախտը երկրի երեսին միայն ինձ համար չէ: Այն` աշխարհի երեսի բոլոր բարեպաշտ մարդկանց համար է: Բոլոր ժամանակներում սոսկ բանաստեղծներն ու գիտնականներն են իրենց խնդուն երազներում մտածել այդպիսի դրախտի մասին: Դրանում ոչ մի զարմանալի բան չկա: Լոկ երազանքները դրա մասին նրանց լեցնում էին ճշմարիտ երջանկությամբ:

P. S. Իմ զարմիկը երազում է ձեռք բերել Ռեմբրանդտի դիմանկարը: Բայց, ընդ որում, նա երազել անգամ չի համարձակվում, գրպանի ծախսերի համար, դե, թեկուզ մի տասը իեն ստանալու մասին` ահա թե ինչն է ունակ նրան երջանկությամբ համակելու:

Շարունակելի