Վեց երեխաների հայր 59-ամյա թոշակառուն միլիոնատեր է դարձել: Նա Ֆրանսիայի Ժաու դե Պոր Կրուեստի կազինոյում ռեկորդային գումար է շահել` 9 միլիոն 420.903 եվրո: Ի դեպ, նա կատարել է ընդամենը 1,5 եվրոյի խաղադրույք: «Կոմսոմոլսկայա պրավդայի» հաղորդմամբ` հաջողակ տղամարդը նույն երեկոյի ընթացքում իր բախտն է փորձել կազինոյի բազմաթիվ ապարատների մոտ, որտեղ իր խաղադրույքները եղել են 50 ցենտ: Այդ ապարատներից նա շահել է 300 եվրո, եւ որոշել է բախտը փորձել նաեւ «Կախարդական կազինո-Ջեք-փոթ» ապարատի մոտ: Երկու անգամ 1,5 եվրո խաղադրույք կատարելուց հետո, ապարատը հանկարծ բարձրաձայն հայտարարել է, որ ռեկորդային շահում է տեղի ունեցել: Կազինոյի ղեկավարությունը թոշակառուի շահումը նշել է շամպայնի շշեր բացելով, որով հյուրասիրել է բոլոր ներկաներին: Իսկ միլիոնատեր թոշակառուն որոշել է մեկական մլն եվրո նվիրել իր 6 երեխաներից յուրաքանչյուրին, ինչպես նաեւ իրականություն դարձնել իր երազանքը` շուրջերկրյա ճամփորդության մեկնել եւ գնել «Յագուար» ավտոմեքենա: