Ասպիրանտի կրթաթոշակն էլ կաճի

01/11/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

2006թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է 451,9 մլրդ դրամի չափով, ինչը 55,6 մլրդ դրամով ավելի է անցած տարվա ցուցանիշից: Սակայն ինչպիսի՞ն է լինելու պետական ծախսերի բաշխվածությունն ըստ ոլորտների, եւ որո՞նք են այն հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները, որ դրվել են ծախսերի ծրագրավորման հիմքում:

Սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն եւ ապահովագրություն) նկատմամբ պետությունը լինելու է շատ «առատաձեռն». ոլորտի տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի մեջ ամենաբարձրն է՝ 36,1%: Պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանն եւ ազգային անվտանգության ապահովմանը բաժին է ընկնում բյուջեի ծախսերի 23,4%-ը, տնտեսության ճյուղերին՝ 17,3%-ը, արտաքին տնտեսական աջակցությանն ու արտաքին քաղաքական գործունեությանը՝ 5%-ը, համայնքների բյուջեներին պետական բյուջեից պաշտոնական տրանսֆերտների տրամադրմանը՝ 3,3%-ը, պետական պարտքի սպասարկմանը՝ 2,4%-ը, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ձեւավորմանը՝ 0,97%:

Բերենք մի քանի հետաքրքիր փաստարկներ: Քաղաքացիական ծառայողների (ներառյալ՝ ՀՀ ԱԺ-ում պետական ծառայողների) աշխատավարձի ֆոնդը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով 30 հազ. դրամ բազային պաշտոնային դրույքաչափը՝ 2005թ. 20 հազար դրամի փոխարեն, հարկադիր կատարողներինը՝ 35 հազար դրամ՝ անցած տարվա 25 հազար դրամի փոխարեն: Պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող վարձու աշխատողների եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձերը բարձրանալու են 20%-ով: Սակայն ամենաշատը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ծառայողների «բախտն է բերելու». նախորդ տարվա համեմատ` նրանք ստանալու են 40%-ով բարձր աշխատավարձ: Պետությունը պատրաստվում է պետական համակարգում աշխատողներին ավելի հաճախակի գործուղումների եւ ծառայողական ուղեւորությունների ուղարկել, քանի որ այս մասով ծրագրավորել է 1063,3 մլն դրամի ծախս, ինչը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է 76,5 մլն դրամով: Էլեկտրաէներգիայի, վառելիքի եւ ջեռուցման ծախսերն աճելու են 279,3 մլն դրամով:

Հանրակրթական ուսուցման գծով բյուջետային ծախսերի նախատեսվող աճը պայմանավորված է հիմնականում ոլորտի աշխատողների աշխատավարձերի աճով՝ չնայած նրան, որ համակարգի ռացիոնալացման իրականացման եւ երեխաների թվաքանակի նվազման արդյունքում աշխատավարձի ֆոնդի գծով տնտեսվել է 806,7 մլն դրամ: Բացի այդ, դպրոցների վառելիքի ու ջեռուցման ծախսերն աճելու են 713,5 մլն դրամով, ինչը կապված է նոր կաթսայատների շահագործման եւ հեղուկ վառելիքի գնի աճի հետ: Հաջորդ տարվա բյուջեի նախագծում կա մեկ նախադասություն, սակայն թվային տեսքով որոշակիությունը բացակայում է. «Օպտիմալացման արդյունքում կրճատված ուսուցիչներին կտրամադրվի սոցիալական աջակցություն»:

Պետբյուջեն հաճելի անակնկալ է նախապատրաստում նաեւ ասպիրանտների համար. նրանց կրթաթոշակն այժմյան 6500 դրամի փոխարեն դառնալու է 10000 դրամ, իսկ հայագիտական մասնագիտությունների գծով ասպիրանտներինը՝ 15.000 դրամ:

Կենսաթոշակային ապահովման գծով բյուջեի հատկացումները կկազմեն 16.879 մլն դրամ՝ 1402,5 մլն դրամով ավելի, քան 2005թ.: Մեկ թոշակառուի միջին ամսական կենսաթոշակի չափը կկազմի 6050 դրամ (2005թ.՝ 4867 դրամ): ՀՀ կառավարության 2005թ. ընդունած որոշման համաձայն՝ երեխայի՝ հանրակրթական դպրոց ընդունվելու կապակցությամբ տրվելու է 20 հազ. դրամ, իսկ երեխայի ծնվելու հետ կապված՝ 35 հազար դրամ միանվագ օգնություն: