«ՀՀ-ում հեղափոխական իրավիճակ է ստեղծվել, եւ դա պայմանավորված է երկու հիմնական գործոններով` արաբական աշխարհում ընթացող պրոցեսները եւ, որը շատ կարեւոր է, աշխարհի փոխված արձագանքը: Երկրորդը` ուղղակի երկիրը տանուլ ենք տալիս, սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառով, դրան գումարենք նաեւ արտաքին քաղաքական մարտահրավերները: Ստեղծվել է հեղափոխական իրավիճակ, որին պետք է արձագանքել եւ լուծում տալ: Հիմա մենք այդ հանգրվանում ենք, եւ, ինչպես տեսնում ենք, իշխանություններն ու ընդդիմությունը ինչ-որ փնտրտուքի մեջ են, եւ առայժմ ինչ-որ դիրքային տեղաշարժեր են կատարվում, տեսնենք, թե դեպի ուր կզարգանա իրավիճակը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը: «Դիրքային տեղաշարժ» ասելով` ընդդիմադիր գործիչը նկատի ունի «այն նշանները, որ կողմերը միմյանց տալիս են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն իրենց ելույթներում, նկատի ունեմ նաեւ «Ժառանգության» ակտիվացումը, որոշ անորոշ ձեւակերպումներ, որոնք մատուցվում են ժողովրդին: Դա նշանակում է, որ ձեւակերպումներ տվողները դեռ փնտրտուքի մեջ են»: