Այսօր լրանում է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում հայտարարած հացադուլ-ծոմի 14-րդ օրը: Երեկվա դրությամբ, Ր. Հովհաննիսյանը դեռեւս հաստատակամ էր այն շարունակելու հարցում: Սակայն մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է հացադուլը Ազատության հրապարակում` պահանջելով համապետական եւ գլոբալ հարցերի լուծում, նրա կուսակիցներից ոմանք արդեն ոչ Ազատության հրապարակում ավելի կոնկրետ քաղաքական խնդիրներ են լուծում: Կամ փորձում են լուծել: Օրինակ, երեկ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Վանաձոր եւ Գյումրի կատարած այցերից հետո հայտարարել է, որ առաջիկայում Հայ Ազգային կոնգրեսից որոշակի քաղաքական ուժեր ու գործիչներ կհամագործակցեն «Ժառանգության» հետ` «նպաստելով նոր ներքաղաքական իրավիճակի ձեւավորմանը»: «Կան այնտեղ մարդիկ, կուսակցության ղեկավարներ, որոնք համագործակցության ցանկություն ունեն: Բայց վերջում այն ելույթները, որոնք հնչում են պարոն Տեր-Պետրոսյանից, հակասում են այդ ցանկություններին»,- ասել է «Ժառանգության» փոխնախագահը` հրաժարվելով կոնկրետ անուններ նշել: «Մենք միտված ենք մեր քաղաքականությունը ուղղորդել, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի, եւ, իհարկե, կարեւոր գործոններից մեկն է ՀԱԿ-ը: Նաեւ մտածում ենք, որ, ի վերջո, եթե անձեր կան, որ չեն ցանկանում, չի նշանակում, որ ընդդիմադիր այդ ներուժը այդ անձի սեփականությունն է, եւ համագործակցության եզրեր չենք տեսնում»,- հայտարարել է Ռ. Հակոբյանը` միաժամանակ խոստանալով «դինամիկ» զարգացումներ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Այսինքն` գուցե նույնիսկ ոչ Ր. Հովհաննիսյանի գիտությամբ կամ համաձայնությամբ, նրա կուսակիցները «Ազատության ծոմի» արդյունքում ցանկանում են «նոր ներքաղաքական իրավիճակ ձեւավորել», որը հաստատ այն փոփոխությունը չէ, ինչի համար իրենց առաջնորդը հացադուլ է հայտարարել: Եվ դա փաստորեն ցանկանում են անել ՀԱԿ-ի հաշվին: Հետաքրքիրն այն է, որ Ր. Հովհաննիսյանի հացադուլի առաջին իսկ օրերից «Ժառանգության» անդամները ՀԱԿ-ի անտարբերությունը մեկնաբանում էին որպես ընդդիմության միավորմանը չաջակցելու քայլ: Հիմա, փաստորեն, նույնն անում են իրենք` ՀԱԿ-ից «մարդ փախցնելով»: Թե ով է շահում այս քայլերի արդյունքում, հաստատ եւ՛ ՀԱԿ-ում, եւ՛ «Ժառանգությունում» լավ գիտեն: Չնայած, գուցե գիտեն` դրա համար էլ անում են: