Երեկ «Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Վերջին ամիսներին արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող ժողովրդական ընդվզումները եւ իշխանափոխությունների գործընթացները, աշխարհում, եւ ի մասնավորի` մեր տարածաշրջանում ռազմա-քաղաքական եւ ֆինանսա-տնտեսական որոշակի լծակներ ունեցող պետություններին պարտադրեցին մոտեցումների վերանայման: Այդ փոփոխություններն իրենց դրոշմը թողեցին նաեւ Հայաստանի Հանրապետության եւ՛ իշխանությունների, եւ՛ քաղաքական ընդդիմության գործունեության մեջ եւ մարտավարական քայլերում: Արձանագրում ենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծված նոր իրավիճակում դարձել է շատ ավելի կառավարելի եւ վերահսկելի օտարների կողմից: Ուստի երկրի եւ ազգի ապագան գործնականում օտարների ձեռքը տնօրինման հանձնելու գործելաոճը կործանարար է եւ հղի Հայոց պետականության կորստով: Օտարների բարեհաճությունը մուրացող որեւէ քաղաքական ուժի եւ ղեկավարի կեցվածքը, որը հենվում է սեփական անլիարժեքության բարդույթի վրա, արժանի է միայն հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացիների արհամարհանքին: 2012թ. եւ 2013թ. Հայաստանի Հանրապետությունում համապետական ընտրություններին այսօրվանից պատրաստվող թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմությունը հավասարապես կրում են պատասխանատվություն ժողովրդին հերթական անգամ խաբելու, ընտրությունները կեղծելու եւ իշխանությունը ժողովրդից խլելու ու մենաշնորհելու մեջ: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը մեկ անգամ եւս վերահաստատում է, որ կազմավորվող վերկուսակցական, համազգային եւ դիմադրական «Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու որեւէ համապետական ընտրության, քանի դեռ ժողովրդի կամքի պարտադրմամբ չի տապալվել իշխող ռեժիմը: Վերահաստատում ենք նաեւ, որ «Սարդարապատ» շարժումը չի հանդիսանում եւ չի հանդիսանալու որեւէ քաղաքական միավորման մաս»: