– ՀՀ իշխանությունները սկսել են ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը բարելավելու, գյուղացու հոգսը թեթեւացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու մասին հարցեր բարձրացնել: ՀԱԿ-ը ակտիվացրել է իր գործողություններն ու հանրահավաքները, «Ժառանգություն» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստերը, Ր.Հովհաննիսյանն արդեն երկու շաբաթ հացադուլ է անում: Ձեր կարծիքով` ներքաղաքական ի՞նչ իրավիճակ է Հայաստանում:
– Այն, որ երկիրը շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է, բոլորին է պարզ: Այն, որ ՀՀ բնակչության գոնե 90 տոկոսն անհամբեր սպասում է կտրուկ դրական փոփոխությունների, որովհետեւ համարում է, որ այսպես հնարավոր չէ շարունակել, բոլորին պարզ է: Տնտեսական ոլորտում ազատականացման են սպասում, խորհրդարանն իրենց աշխատասենյակ դարձրած բիզնեսմեններից ազատություն են ուզում, ուզում են լինի մրցակցային դաշտ, այնպիսի օրենսդրություն, որը պայմաններ կստեղծի փոքր բիզնեսի համար եւ արդարացի հարկեր կսահմանի եւ բարձր հարկեր` շռայլության, ցոփության մեջ ապրողների համար: Սոցիալական առումով պաշտպանվածություն են ուզում, արդարություն են ուզում: Հիմա ո՞վ պիտի այս սպասումներին ընդառաջ գնա, երկու սուբյեկտ կա` իշխանություն եւ ընդդիմություն: Իշխանությունն ի վիճակի չէ, որովհետեւ 3 տարի առաջ բռնազավթելով իշխանությունը` Սերժ Սարգսյանը բնականաբար պիտի փորձեր օրենքի, բարոյականության, Աստծո հետ խնդիրներ ունենալով` գոնե ժողովրդի հետ խնդիրները մինիմումի հասցնել: Եվ, բնականաբար, ինչքան էլ մենք չսիրենք իշխողներին, այդպիսի իշխող չկա, որ չուզենա ժողովրդի հետ խնդիրներ չունենալ: Էլ չեմ ասում, որ ոմանք երազում են սիրված լինել: Ուրեմն այդ մարդն օբյեկտիվորեն չի կարող դրական փոփոխություններ անել, որովհետեւ նախ` ինքն է հենց այդ ապօրինի համակարգի ծնունդ, երկրորդը` իր իշխանությունը եթե չհենվի հենց այդ մարդկանց, ուժերի վրա, որոնք այս երկիրն ապականում են, ապա այդ իշխանությունը չի լինի: Մնում է ընդդիմությունը, ով, ցավոք սրտի, չհաջողացրեց մարտյան հեղափոխությունը, իսկ դա հենց թավշյա պիտի լիներ: Դեմ առավ բռնի, կոպիտ ուժի, եւ դրանից, ըստ երեւույթին, նոր ուժ կամ համարձակություն չգտավ, որ ավարտին հասցնի սկսած գործը: Բայց հիմա խորացող ճգնաժամը եւ աշխարհում ընթացող բոլորովին նոր երեւույթը, որը կոչվում է արաբական աշխարհի ըմբոստություն, բերել է նրան, որ Հայաստանում ինչ-որ տեղ անկախ թատերաբեմում գործող ուժերի ցանկություններից` ստեղծվել է շատ ակնհայտ հեղափոխական իրավիճակ:
– Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն ու իշխանությունների ժողովրդահաճո հայտարարությունները կարծես թե միաժամանակ ակտիվացան: Այստեղ ինչ-որ ընդհանրություն տեսնո՞ւմ եք:
– Իհարկե, տեսնում եմ: Եթե դուք ավելի հեռվից հայացք գցեք, ապա կտեսնեք, որ այս տարածաշրջանի բոլոր բռնապետները սկսել են ինչ-որ հայտարարություններ անել: Երեկ Սիրիայի նախագահը, որը ժառանգաբար էր ստացել իր պաշտոնը, հայտարարեց, թե երկիրը պատրաստ է արմատական փոփոխությունների: Որ 50 տարի գործող արտակարգ իրավիճակը պետք է հանվի, որ ինչ-որ ազատություններ պիտի տրվեն: Պարզ է, չէ՞, որ հանկարծ ինքը բարի մարդ չդարձավ, ստիպված է այդ քայլին գնում: Ղազախստանում նույնն է, Թուրքմենիայում, Ուզբեկստանում նույնն է: Բոլոր բռնապետները վախեցած են այս ալիքից եւ ինչ-որ ստիպողական քայլեր են անում: Նույն շարքից է նաեւ Ս.Սարգսյանի վերջին մի քանի հայտարարությունները, որպեսզի ցույց տա, որ ինքը հակված է ինչ-որ դրական քայլեր անելու: Այն, որ դա խաբկանք է, պարզ է: Արդեն ասացի, որ եթե նա այդպիսի բաների ունակ լիներ, ապա երեք տարի առաջ կաներ:
– Միգուցե հիմա իսկապե՞ս ցանկություն ունի անելու` հատկապես որ, Ձեր նշած պատճառներով, իրավիճակի լարվածություն կա:
– Հիմա, իսկապես, այսպիսի վտանգ զգալով` կուզենար անել, բայց չի կարող հաջողել, որովհետեւ նրա իշխանությունը հիմնված է ստի, սպանությունների եւ այն տիպի գործիչների վրա, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ այդպիսի փոփոխություններ:
– Բայց վերջին մի քանի ամիսներին իշխանական համակարգում բազմաթիվ կադրային փոփոխություններ, հեռացումներ, չարաշահումների ու հանցագործությունների բացահայտումներ եղան:
– Դրանք լուրջ բաներ չեն, ժողովրդի վիճակը դրանից չտաքացավ: Իրավիճակը նույնն է ըստ էության:
– Տեսակետ կա, որ «Ժառանգությունն» ու Ր.Հովհաննիսյանն անկեղծ չեն իրենց բողոքի ակցիաների մեջ, կասկած կա, թե դա քաղաքական ինչ-որ խաղ է:
– Ես կարծում եմ, որ այդպես չէ, Ր.Հովհաննիսյանն ու իր կուսակիցներն անկեղծորեն ձգտում են նույն բանին, ինչին ձգտում է ժողովրդի 90 տոկոսը: Ձգտում են արագ, դրական փոփոխությունների, որպեսզի երկիրը փրկենք կործանումից:
– Նման կարծիք կա նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա գլխավորած շարժման դեպքում:
– Այդ տեսակետի հետ էլ համաձայն չեմ, որովհետեւ Լ.Տեր-Պետրոսյանը շատ բնական ցանկություն կարող է ունենալ, որ առանց ընդհարումների երկրում ստեղծի այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները ստիպված լինեն հրաժարական տալ, եւ լինեն արտահերթ ընտրություններ: Որքանով է նա իրատես, ես կարող եմ կասկածներ հայտնել, որովհետեւ, այնուամենայնիվ, չեմ պատկերացնում, թե նման զարգացումներն ինչպես կարող են բերել, ենթադրենք, 200-300 հազար ժողովրդի բողոքի ակցիայի: Միեւնույն ժամանակ` չեմ պատկերացնում, թե ինչ երաշխիքներ կան, որ դա տեղի կունենա անարյուն: Ես կարծում եմ, որ դա երաշխավորված չէ, եւ պետք է այլ միջոցների փնտրտուք եւս տեղի ունենա:
– Կարծիք կա, թե վերջին հանրահավաքներից հետո ժողովրդի մեջ հիասթափություն է առաջացել, քանի որ ավելի գործնական լինելու սպասումներ կային:
– Ես կարծում եմ, որ ժողովուրդն, այնուամենայնիվ, ինչ-որ քայլեր պարտադրում է հենց նույն ընդդիմությանը: Այդ հանրահավաքին ժողովրդի ակտիվ մասնակցությունը եթե չլիներ, ապա շատ ավելի թույլ գործողությունների ականատես կլինեինք: Իսկապես, այդպիսի սպասումներ կան, եւ ժողովուրդն այդ սպասումներն արտահայտում է իր ակտիվ մասնակցությամբ եւ ինչ-որ տեղ ընդդիմության առաջնորդին նաեւ պարտադրում է ակտիվ քայլեր: Վերջին հանրահավաքում քայլ կատարվեց` ազատվեց Ազատության հրապարակը: Հիմա մենք տեսանք, որ դա մեկօրյա ակցիա էր, եւ իշխանությունները նորից արգելեցին այնտեղ հանրահավաք անել: Ապրիլի 8-ի հանրահավաքը եթե մեկ քայլ ավելի չանի` պարզ վերանվաճումը հրապարակի, արդեն հիասթափեցնող կլինի: Եթե նույն հզոր հանրահավաքը լինի, առաջնորդները ստիպված են լինելու 1 քայլ առաջ գնալ նախորդից: Ժողովուրդը կարողանում է պարտադրել ընդդիմությանը, եւ վերջին հանրահավաքին հնչած հայտարարություններից տեսանք, որ ընդդիմությունն ու իր ղեկավարներն էլ դա զգում եւ համապատասխանաբար արձագանքում են:
– Եթե Ր.Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» եւ Լ.Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսը նույն բանն են ուզում, այդ դեպքում նրանց համագործակցությունն ինչո՞ւ չի ստացվում:
– Դա ամենացավալի իրողությունն է, որն անընդհատ խորանում է: Դուք էլ փոխանակ դրա վրա շեշտադրում չանեիք, կողմերը մի քիչ հանդարտվեին եւ ընդհանուր համագործակցության եզրեր գտնեին` փորձում եք մխրճվել այդ հարաբերությունների մեջ: Իհարկե, սխալ է տեղի ունեցել, որ նման խոսակցությունների առիթ տրվեց: Շատ ավելի փայլուն իրավիճակ կստեղծվեր, եթե Լ.Տեր-Պետրոսյանը ողջուներ Ր.Հովհաննիսյանի այդ քայլը, միգուցե կոչ աներ, որ գա ու կանգնի Կոնգրեսի կողքին, շատ ավելի իրատեսական ու հուժկու պայքար կսկսեին միասին, դրան անմիջապես կհաջորդեր ժողովրդի բուռն ոգեւորությունը, եւ կարծում եմ, որ դա միայն կնպաստեր ընդհանուր պայքարին: Եվ այս ցավալի նահանջը չէր լինի, որովհետեւ հիմա ես կարծում եմ, որ Կոնգրեսի ղեկավարությունը պետք է ջանքեր թափի ժողովրդի մի մասի մոտ այդ հիասթափական նոտաները մոռացնել տալու համար:
– Այդքանից հետո արդյո՞ք համագործակցություն հնարավոր է այդ երկու ուժերի միջեւ:
– Եթե կողմերն այն գիտակցության գան, որ միավորումն անհրաժեշտություն է, ապա դա հնարավոր է: Ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ շատ ավելի վատ երեւույթներ եւ մասնավոր դրվագներ են շրջանցվել հանուն ընդհանուր նպատակի: Իսկ տվյալ դեպքում այդ նպատակը սուրբ է, մեր երկրի փրկության հարցն է:
– Անցած շաբաթ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Ռոբերտ Քոչարյանին համեմատեց Լիբիայի առաջնորդ Կադաֆիի հետ, իսկ Ս.Սարգսյանին համարեց պրագմատիկ գործիչ, ով չի կրկնի Ռոբերտ Քոչարյանի արարքները, չի կրակի ժողովրդի վրա: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
– Ես հակված չեմ տարանջատել Ս.Սարգսյանին եւ Ռ.Քոչարյանին, որովհետեւ այդ սպանությունների պատասխանատվությունը նրանք երկուսով են կիսում: Ճիշտ է, Քոչարյանի պատասխանատվությունն ավելի մեծ է, որովհետեւ նա գործող նախագահն էր, բայց դա արվեց մյուսի համաձայնությամբ, որովհետեւ նրան էր հանձնվելու այդ չարաբաստիկ աթոռը: Ավելի՞ պրագմատիկ է: Չեմ կարծում, որովհետեւ պետք է մենք մեր գործողություններով ստիպենք, որ նման պրագմատիկություն ցուցաբերվի: Այն, որ հակված կլինեն նման լուծումների, ակնհայտ է, բայց եթե նորից ուզենան սեփական ժողովրդի վրա կրակել, պիտի այնպիսի սպառնալիք զգան, որ չանեն այդ բանը: Միայն այդ պատասխան հաշվեհարդարից վախենալը պիտի նրանց զսպի:
– Իսկ Ձեր կարծիքով` արտահերթ ընտրությունների հնարավորություն կա՞, չէ՞ որ հերթական ընտրություններին ընդամենը 1 տարի է մնացել:
– Դա կախված է մեր ժողովրդից, թե որքանով է վճռական, որքանով է պատրաստ իր շահերը պաշտպանել, որքանով ակտիվ կլինի, կստիպի թե իշխանություններին, թե ընդդիմությանը գնալու այդ պրոցեսներին: