«Չնայած միջազգային հետաքրքրության աճին եւ Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն այս պահին քիչ իրական են»,- ասված է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) հրապարակած զեկույցում: Ըստ զեկույցի` 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու անկարողությունը ահազանգ է, իսկ քաղաքական փակուղին ամռանն ու աշնանը ուղեկցվել է բռնությունների աճով: ՄՃԽ փորձագետները նշել են, որ այս տարի իրենք պատրաստվում են մի քանի զեկույց պատրաստել ԼՂ հակամարտության վերաբերյալ:
Մեկը վերաբերելու է շփման գծում հրադադարի խախտման միջադեպերին եւ ռազմատենչ հայտարարություններին, մյուս զեկույցում ՄՃԽ-ն նախատեսում է ուղիներ առաջարկել լարվածության թուլացման եւ բանակցային գործընթացի առաջընթացի համար: Իսկ հաջորդ զեկույցը նվիրված է լինելու Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, նրանց քաղաքական, տնտեսական եւ սոցիալական պայմաններին: Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է պատրաստելու նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որտեղ կփորձի բացատրել գործընթացի սառեցման պատճառները: