Եթե ասելիք ունենան, Րաֆֆին կլսի

29/03/2011

Երեկ լրացավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 13-րդ օրը: Նրա խոսքով` իր ինքնազգացողությունը շատ լավ է: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ «Կիրակին բարի անցավ, առողջապահական բոլոր ցուցանիշները նորմալ են»,- ասել է Ր. Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ դեռեւս չգիտի, թե երբ կդադարեցնի հացադուլը: «Ես ընդհանրապես խորը վերլուծող, ծրագրավորող, ռազմավարական հեռանկարը շոշափող մարդ եմ, բայց այս դեպքում կարող եմ ասել, որ «մաստեր պլան» չկա, որով պիտի շարժվեմ: Ինչպես ասել եմ` կշարունակեմ հացադուլն այնքան, որքան Աստված ուժ կտա»,- ասել է նա: Տարբեր պաշտոնյաների այցելությունները նա համարում է որպես քաղաքավարական` ասելով. «Իշխանությունները գիտեն այդ մեծատառ

Ս-ով սխալի մասին, որի մեջ մենք ապրում ենք, եւ ինչ քայլեր իրենք պետք է կատարեն` նոր ընտրություններից մինչեւ սոցիալ-տնտեսական քաղաքականության փոփոխություն, արտագաղթի կանխում, Հայաստանում քաղաքական բանտարկյալների ազատագրում եւ ընդհանրապես Հայաստանի իրավական երկիր դարձնելու հրամայականը: Պատրանք չեմ տածում, դա մի օրվա կամ մի շաբաթվա խնդիր չէ, բայց ես ակնկալիք ունեի, որ մեր իշխանությունները կհասկանան, որ իրենք տակավին ունեն պետական պատասխանատվության վերջին պաշարը եւ պարտքը, խիղճ ու գիտակցություն` արմատական քայլեր եւ լուծումներ տալու այս օրհասական վիճակին»,- երեկ ասել է Ր. Հովհաննիսյանը: Խոսելով իրեն զորակցողների մասին, նա ասել է. «Երբ մտա Ազատության հրապարակ, ես չունեի նման ակնկալիք, որ պետք է լիներ հասարակական նման վերաբերմունք, նման կոչեր եւ հորդորներ: Դրանք ինձ ջերմացնում են: Չնայած իշխանական ճամբարից որեւէ էական շարժ չկա, բայց գոնե Ազատության հրապարակում եւ այս հրապարակից դուրս կարծես հասարակության զգալի հատվածի մոտ կա գիտակցության եւ ոգու տեղաշարժ, որ մի մոմ վառվեց, մի սերմ ցանվեց ապագա հունձքի համար, եւ դա ինձ ուրախացնում է»: Իսկ հարցին, թե ի՞նչ քայլի դեպքում դուրս կգա հացադուլից, Հովհաննիսյանը պատասխանել է. «Որպես օրինակ, ոչ որպես ինչ-որ գիտակցական պահանջ, եթե լինեին կոնկրետ բովանդակային ուղերձներ` նոր ընտրություններից մինչեւ բովանդակային այլ առաջարկներ, իհարկե, ես կարող էի անգամ տեղում վերանայել: Բայց եթե ինքը (խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է.- խմբ.) ուներ նման բան ասելու, ինձ թվում է, որ երկու շաբաթը բավարար ժամանակ էր, որ գոնե ոչ միայն մարդկայնորեն, այլ նաեւ քաղաքականապես` որպես պետականություն կրող, ինձ ասելիք ունենար»: Ր. Հովհաննիսյանի խոսքով` եթե իշխանություններն առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում իրեն ասելիք ունենան, ապա ինքը սիրով կլսի նրանց: «Ժառանգության» առաջնորդի կարծիքով` Սերժ Սարգսյանը դրական հատկանիշներ ունի, սակայն էական «քաղաքական սխալներ» է կատարել կոալիցիոն հուշագիրը ստորագրելով եւ արտաքին քաղաքականության մեջ: Չնայած սրան, նա այն կարծիքին է, որ Ս. Սարգսյանը կկարողանա քայլեր կատարել եւ ժողովրդին հեռու պահել «վաղվա վտանգներից»։ «Հետաձգելով այսօրվա պայթյունավտանգ վիճակը` մենք միայն բարձրացնում ենք արյան հնարավորությունը, որ բնավ ցանկալի չէ մեր պետության եւ ժողովրդի համար»,- ասել է Ր. Հովհաննիսյանը:

Մարտի 26-ին, ի դեպ, Ր. Հովհաննիսյանին է այցելել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Երկա՞ր եք մնալու, նայեք` առողջությանը չվնասեք: Ոստիկանների հետ հո խնդիր չկա՞»,- հետաքրքրվել է Ա. Սարգսյանը: «Էս վրանը գոնե տա՞ք է պահում»,- հարցրել է Ա. Սարգսյանը: «Լյուքս համար է»,- ի պատասխան` ասել է Ր. Հովհաննիսյանը: «Դե լյուքսը ո՞րն է, ինչո՞վ դա Ձեզ կօգնի»,- Ր. Հովհաննիսյանի պատասխանից տարակուսած` ասել է Ա. Սարգսյանը: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ էր Ոստիկանությունը խոչընդոտում Րաֆֆի Հովհաննիսյանի համար հրապարակում վրանի տեղադրումը, Ա. Սարգսյանը պատասխանել է. «Իմ հանդիպումից հետո` պատգամավորների հետ, ես թույլ տվեցի վրանը տեղադրել։ Իմ ամբողջ մտավախությունն այն էր, որ հրապարակը չվերածվի վրանների, մարդիկ, ամենքը չորոշեն իրենց վրանը տնից վերցնեն ու գան այստեղ նստեն։ Վերջը` քաղաքի կենտրոն է, մայրաքաղաք է, մարդիկ են նայում, ի՞նչ տպավորություն է ստեղծվում, բողոքի հազար ու մի եղանակ կա»: Նա նաեւ հավելել է, թե Ազատության հրապարակում վրանային ակցիա անելու փորձեր են լինում նաեւ այլ մարդկանց կողմից, ինչը, սակայն, ինքը կանխում է. «Որ Րաֆֆի Հովհաննիսյանն ակցիա է անցկացնում, բոլորս հասկանում ենք, բայց էնքան անկապ մարդիկ կան, որ նույնիսկ արդեն իրենց կուսակցությունների հորդորը չեն լսում, ոնց որ հսկողությունից դուրս են գալիս ու փորձում են ակցիաներ անցկացնել, որի նպատակը չկա: Ես չեմ տեսնում ամբողջ հրապարակը վրանների վերածելու նպատակը»:

Ի դեպ, այսօր` մարտի 29-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելելու Հայաստանի ավելի քան 25 դպրոցներից ընտրված աշակերտական պատվիրակությունը: Նրանք պատրաստվում են կոչ անել Ր.Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը եւ իր գործունեությունը շարունակել պետական եւ միջազգային այլ ատյաններում: