Բիզնես գրանցելը հեշտացել է

29/03/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր բոլոր համաքաղաքացիները, ովքեր երբեւէ առիթ (կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ դժբախտություն) են ունեցել անցնել բիզնես գրանցելու ահավոր բյուրոկրատական պրոցեսի միջով, հիմա, թերեւս, կափսոսան, որ իրենց ժամանակ նման բան չկար։

Եվ այսպես, ի՞նչ էին անում ՀՀ օրինապաշտ քաղաքացիները, ովքեր ցանկանում էին պաշտոնապես գրանցել սեփական բիզնեսը՝ որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, եւ դառնալ հարկատու։ Նախ գնում էին պետական ռեգիստր, իմանում` ինչ փաստաթղթեր են պետք, հետո ընտրում ֆիրմային անուն, սպասում մի քանի օր՝ մինչեւ Մտավոր սեփականության գործակալությունը պատասխաներ՝ կարելի՞ է արդյոք տվյալ անվանումն օգտագործել, արդյոք այն արդեն գրանցված չէ՞ կամ շփոթության աստիճանի նման չէ՞ արդեն գրանցված մեկ այլ անվանմանը։ Հետո գնում էին բանկ, մուծում ֆիրմային անվանման պետական տուրքը։ Կտրոնը վերցրած` գնում էին Պետռեգիստր, այնտեղ պարզում, որ պետք է մուծել գրանցման պետական տուրք։ Մուծում էին, կտրոնը ձեռքին գալիս Պետռեգիստր, գրանցման հայտ ներկայացնում։ Դե, որպես կանոն, մի 2-3 հազար դրամ էլ մաղարիչ էին անում, որ գործը արագ լինի։ Եթե կանոնադրություն էլ էր պետք, մի քանի հազար դրամ էլ տալիս էին, որպեսզի Պետռեգիստրի աշխատողները ստանդարտ մի կանոնադրություն տան իրենց։ Բայց սա դեռ ամենը չէր։ Մի քանի օր հետո, երբ պետական գրանցման բաղձալի վկայականը պատրաստ էր, անհրաժեշտ էր այն վերցնել ու գնալ Պետական եկամուտների կոմիտե (Հարկային տեսչություն), դիմում գրել՝ հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար, հետո մի քանի օր անց նորից գնալ ՊԵԿ, վերցնել համարը։

Այս ամենը տեւում էր շուրջ 15 օր, որի ընթացքում քաղաքացին ոչ միայն ժամանակ ու գումար էր կորցնում այստեղից այնտեղ գնալու համար, այլեւ՝ իր նյարդերի մի մասը։

Կառավարությունը 3 օր առաջ ներկայացրեց «Մեկ պատուհանի» մեխանիզմը, համաձայն որի` քաղաքացին այլեւս ստիպված չի լինի Ռեգիստրում գրանցվելու համար մի քանի դուռ թակել, հավաքել անհրաժեշտ տեղեկանքներ ու փաստաթղթեր։ Համակարգի ներդրմամբ իրավաբանական անձի գրանցումը կատարվելու է «Մեկ պատուհանից»:

Այսինքն՝ գրանցվող գործարարը այլեւս չի գնա ՊԵԿ, հետո` Մտավոր սեփականության գործակալություն, առանձին վճարումներ չի անի։ Այդ ամենը կկատարվի մեկ տեղից։ Ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ծրագրի իրականացման համար միմյանց հետ համագործակցել են մի քանի կառույցներ, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի տարբեր գերատեսչություններից հավաքել տեղեկատվություն` ՀՀ-ում ձեռնարկություն գրանցելու համար։ «Վեց գերատեսչությունների տվյալների բազաներն այսուհետեւ համադրելի են, եւ այստեղ նստած մասնագետները հնարավորություն ունեն դրանք համադրելու, եւ քաղաքացու վրա լրացուցիչ բեռ չի դրվի»,- ասել է նա։

Այսինքն՝ նոր մեխանիզմն ապահովում է ՊԵԿ-ից հարկ վճարողի հաշվառման համարի ավտոմատ ստացում, ինչպես նաեւ՝ Մտավոր սեփականության գործակալությունից ֆիրմային անվանման ավտոմատ ստացում։ Անձնագրային տվյալներն էլ ստուգում են «Նորք» տեղեկատվական կենտրոնից՝ սոցիալական քարտի հիմնապաշարի միջոցով։ Բացի վերը նշված գերատեսչություններից՝ ցանկացած պետական մարմին հնարավորություն է ստանում էլեկտրոնային եղանակով օգտվել Ռեգիստրի հիմնապաշարից. այսինքն՝ վերանում է պետական գերատեսչությունների միջեւ անիմաստ տեղեկանքներ պահանջելու անհրաժեշտությունը։ Սակայն գործընթացն առավել հեշտ է հատկապես նրանց համար, ովքեր տիրապետում են ինտերնետից օգտվելու տարրական կանոններին։ Պարզապես հարկավոր է այցելել www.e-register.am ինտերնետային կայքը եւ օն-լայն՝ համակարգչի առջեւ նստած գրանցել բիզնեսը։ Սա հասարակ էլեկտրոնային հասցե գրանցելուց բարդ չէ եւ պահանջում է հաշված րոպեներ։ Ինչ վերաբերում է վճարումներին, ապա դրանք կարելի է կատարել արդեն ցանկացած սուպերմարկետում գտնվող վճարային տերմինալների միջոցով կամ, եթե բանկային քարտ ունեք, օնլայն փոխանցումով։

Եվս մի հանգամանք՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցելիս հնարավոր է նաեւ ձեռք բերել կառավարության կողմից հաստատված տիպային կանոնադրություն, եւ այլեւս փող չտալ Պետռեգիստրի աշխատողներին կանոնադրության համար։

Մի խոսքով, սա այն դեպքերից է, երբ լավին պետք է լավ ասել. իրոք շատ հարմար մեխանիզմ է ստեղծվել, որը խնայում է մարդկանց նյարդերը, ժամանակը եւ գումարը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` այս ծրագրի մասին հայտարարվել է դեռեւս անցած տարի, եւ սա ՀՀ արդարադատության նախարարության գերակա խնդիրներից մեկն է, որպեսզի ՀՀ կառավարությունը կարողանա որակյալ ծառայություններ մատուցել քաղաքացիներին։ «Սա ստեղծելու է ավելի բարենպաստ միջավայր ՀՀ-ում բիզնեսով զբաղվելու համար, քանի որ ձեռնարկության գրանցումից էլ հենց մեր քաղաքացիները մտնում են բիզնես դաշտ»,- նշել է վարչապետը։

Սակայն, որքան էլ վերը նշված նախաձեռնությունը դրական լինի, սա դեռ խնդիրները ամբողջությամբ չի լուծում։ Բանն այն է, որ բյուրոկրատական հիմնական քաշքշուկներն ու անախորժությունները սկսվում են հենց գրանցման պահից։ Քաղաքացին մտնում է հարկային դաշտ եւ միանգամից հայտնվում պետական բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում։

Այսինքն՝ սա շատ նման է հայտնի անեկդոտին, երբ մահացած մարդուն հնարավորություն են տալիս ընտրություն կատարել դժոխքի եւ դրախտի միջեւ։ Վերջինս դժոխքի շքեղ եւ լուսավորված դարպասները գերադասում է դրախտի ժանգոտված դռնակից եւ մտնում դժոխք։ «Գովազդի՞ն խաբվեցիր, միամիտ»,- ասում է սատանան եւ տանում իրեն համապատասխան կաթսայի մոտ։

Միգուցե դաժան համեմատություն է, բայց լավ կլիներ, որ բիզնեսի հետագա պայմանները լինեին այնպիսին, որ մեր քաղաքացին երբեք չափսոսեր իր 5 րոպե տեւած գրանցման համար։