Պուտինը` սրբերի շարքո՞ւմ

29/03/2011

«religions.am» կայքի փոխանցմամբ` Նիժնի Նովգորոդի շրջանում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի երկրպագուների աղանդ է գործում: Դրա հետեւորդները Պուտինին համարում են Սուրբ եւ իրենց աղոթքներում նրան խնդրում են երկիրը փրկել վերահաս կործանումից: «ըՏսՖՔՏռ ՑՌՐՈՋ» էլեկտրոնային թերթը գրում է, որ այս աղանդի հետեւորդները պնդում են, թե նախկին կյանքերից մեկում Պուտինը Պողոս առաքյալն է եղել: Աղանդի հովիվը ոմն մայր Ֆոտոնիան է, ով Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով` հայտնի է որպես Սվետլանա Ռոբերտի Ֆրոլովա։ Նա ժամանակին երկաթգծի բաժնի վարիչ է եղել, իսկ 90-ականներին խարդախության համար բանտ է նստել: Ազատության մեջ հայտնվելուց հետո որոշել է զբաղվել հոգեւոր ամոքմամբ եւ տիեզերաէներգետիկայով: Հոգեւոր այդ կազմակերպության անունը «Հարություն տվող Ռուսաստան» է, սակայն հարեւան գյուղերի բնակիչները դրա անդամներին անվանում են պուտինաերկրպագուներ: Մայր Ֆոտոնիան պնդում է, թե Պուտինի հետ դեռ վաղուց հոգեւոր կապ ունի` նախկին կյանքում նա իշխան Վլադիմիրն է եղել, իսկ ինքը` իշխանուհի Օլգան: Այլ վերամարմնավորման ժամանակ էլ Պուտինը, իբրեւ թե, Սողոմոն թագավորն է եղել, իսկ Ֆոտոնիան` Սաբայի թագուհին: Աղանդի հետեւորդները համոզված են, որ իրենց ղեկավարին աջակցում է ինչպես անձամբ Պուտինը, այնպես էլ պատրիարքը: Այդ եկեղեցում մի թերթ է հրատարակվում, որտեղ տպագրվում են Պուտինի եւ պատրիարքի հետ Ֆոտոնիայի նամակագրությունները: