Մարտի 25-ին Ոստիկանության Սեւանի ձերբակալվածների պահման վայրից Ոստիկանություն է տեղափոխվել «Գարբատ» մականվամբ, 26-ամյա Վահրամ Հայրոյանը, ով ծեծել է տաքսու վարորդին եւ փախցրել նրա մեքենան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` Հայրոյանն աշխատում է «Հայփոստի» Սեւանի մասնաճյուղում` որպես ինկասատոր: Գ. Շամշյանի փոխանցմամբ` մարտի 25-ի կեսօրին Հայրոյանը նստել է Սեւանում գործող «Միլենա» տաքսի ծառայության «ՎԱԶ-21010» մակնիշի Տ 5238 համարանիշի ավտոմեքենան, եւ վարորդ Գարուշ Գեւորգյանին պատվիրել վարել: Հասնելով Շիրազի փողոցի վրա գտնվող նախկին ուսումնարանի մոտ` վարորդը դիմել է Վահրամին ու նրա հետ գտնվող անծանոթ ուղեւորին` խնդրելով կոնկրետ երթուղի հայտնել։ «Սա տաքսի, է, ոչ կարուսել»,- ասել է վարորդը: Վահրամ Հայրոյանը իր ձեռքին եղած գարեջրի շշով հարվածել է վարորդի գլխին: Տեղի է ունեցել ծեծկռտուք, վարորդը դիմել է փախուստի, իսկ Հայրոյանը մեքենան փախցրել է եւ Սեւանի շուկայի մոտ բախվել այնտեղ կայանված նույն «Միլենա» տաքսի-ծառայության մեկ այլ` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ապա` «Volkswagen» մակնիշի մեքենային: Դրանից հետո, նա մեքենան թողել է վթարի վայրում եւ դիմել փախուստի: Քիչ անց, երբ Սեւանի ոստիկանները օպերատիվ աշխատանքներ են սկսել կատարել դեպքի վայրում, Հայրոյանը վերադարձել է եւ հեռվից սկսել դիտել Ոստիկանության աշխատանքը: Իրավապահների մոտ կասկած է առաջացել, եւ նրանք ձերբակալել են Հայրոյանին: Ոստիկանության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրգործ ՀՀ քր.օր.-ի 183 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (մեքենային ապօրինաբար տիրանալը` առանց հափշտակելու մտադրության, կյանքին ոչ վտանգավոր բռնություն գործադրելով):