Երեւանի «Շիրակ» հյուրանոցում տեղավորված մի խումբ իրանցի զբոսաշրջիկներ տաքսիով ժամանել են հյուրանոց եւ փորձել խլել տաքսու վարորդի բջջային հեռախոսը: NEWS.am-ի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին` ժամը 00:20-ի սահմաններում, հենց «Շիրակ» հյուրանոցի դիմաց: Տաքսու վարորդի պատմելով` իրանցիները հյուրանոցի մոտ իջնելու եւ մանրը ստանալու ժամանակ պահանջել են 1000 դրամ ավելի տալ, ինչին վարորդն ընդդիմացել է: «Երբ ես վերադարձնում էի իրանցի զբոսաշրջիկների ուղեվարձի մանրը, նրանցից մեկը պահանջեց, որ իրեն 1000 դրամ ավելի վճարեմ, սակայն ես մերժեցի: Այդ պահին իրանցի զբոսաշրջիկը արագ վերցրեց իմ բջջային հեռախոսը եւ փորձեց հեռանալ: Ես բռնեցի նրա թեւն ու ստիպեցի վերադարձնել հեռախոսը»,- պատմել է վարորդը` շեշտելով, որ իրանցիները մի քիչ զգաստացան, երբ շուրջն անցորդներ հավաքվեցին եւ սկսեցին հետաքրքրվել տեղի ունեցածով: Իրանցի զբոսաշրջիկները հասկանալով իրենց քայլի հետեւանքները` վերադարձրել են հեռախոսը եւ արագ մտել են հյուրանոց: