Նորից թանկանալու է

29/03/2011

Հայաստանում սպասվում են բենզինի եւ դիզվառելիքի հերթական եւ, ամենայն հավանականությամբ, ոչ վերջին թանկացումները: Մարտի 26-ին` օրվա երկրորդ կեսին, գրեթե բոլոր բենզալցակայաններում 1 լ բենզինը թանկացել է եւս 10 դրամով. «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է արդեն 430 դրամով: «Սիթի պետրոլ գրուպում» (բենզինի շուկայում մասնաբաժինը` 41,76%) Tert.am-ին ասել են, որ առաջիկայում բենզինը նորից թանկանալու է. «Մենք արդեն ներկրել ենք ավելի թանկ բենզին, եւ առկա պաշարները ներկայիս գներով իրացնելուց հետո, թանկ բենզինը ավելի բարձր գնով պետք է իրացնենք»,- ասել են ընկերությունում` հավելելով, թե իրականում «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը պետք է վաճառվի 450 դրամով: Ընկերությունում տեղեկացրել են նաեւ, որ արդեն երկու ամիս է, ինչ դիզվառելիքն իրացվում է ինքնարժեքից ցածր գներով. «Աշխարհում դիզվառելիքը ավելի թանկ է, քան բենզինը, եւ, եթե վաճառեին իրական գներով, ապա 1 լիտրի գինը կլիներ ոչ թե 420 դրամ, այլ 430-440 դրամ»: «Սիթի պետրոլ գրուպի» ներկայացուցչի խոսքով` բենզինի եւ դիզվառելիքի գների բարձրացումը առաջին հերթին ձեռնտու չէ շուկայի մասնակիցներին, քանի որ գնի բարձրացման արդյունքում կրճատվում են սպառման ծավալները, բացի այդ` վարորդները հրաժարվում են բենզինից եւ որպես վառելիք` օգտագործում են գազ, որը ավելի էժան է: Բենզինի վերջին թանկացումը 10 դրամով արձանագրվել էր մարտի 12-ին։ Այս ժամանակահատվածում Նյու Յորքի ապրանքային բորսայում 1 տոննա բենզինի գինը $957-ից հասել է $978-ի: