Նորածնի մահվան մեջ մեղադրվող բժիշկը վերադարձել է

29/03/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2010թ. նոյեմբերի 27-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում (նախկին Հանրապետական հիվանդանոցն է) 5 օրական նորածին մի երեխա էր մահացել:

Դեպքը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել: Իսկ օրեր առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 5 օրական այդ նորածնի ծնողները ստացել են նորածնի մահվան փաստի առթիվ անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Նորածնի հոր՝ Ալբերտ Աբգարյանի հավաստմամբ՝ եզրակացության համար հիմք է հանդիսացել բացառապես կեղծ բժշկական պատմությունը: «Նախքան եզրակացությունը հրապարակելը հանդիպել եմ նաեւ հանձնաժողովի հետ՝ ներկայացնելով իրական պատմությունը, որը կեղծել էին: Իրենք, իհարկե, անհիմն, առանց պատճառաբանելու` նշեցին, որ իրենց մոտ ելակետային փաստերն ուրիշ են, եւ իրենք պետք է հիմնվեն դրանց վրա: Սկսած 2010թ. սեպտեմբերից` բժշկական ամբողջ պատմությունը կեղծված է: Այնտեղ նույնիսկ անալիզների պատասխաններ էին վկայակոչված, որոնք ընդհանրապես չեն տրվել: Իրենք գրել են, թե իբր դատաբժշկական քննության ժամանակ ինֆեկցիա է հայտնաբերվել: Մինչդեռ այդ ինֆեկցիան հայտնաբերելու համար պետք է անալիզ տրվեր, իսկ իրականում այդպիսի անալիզ չի տրվել: Այսինքն՝ իրենց հորինած պատմությունը հիմնավորելու համար հիմքեր են ստեղծել»,- երեկ մեզ հետ զրույցում նշեց նորածնի հայրը: Այլ կերպ ասած՝ փորձաքննությունը հաստատել է հիվանդանոցի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի տեսակետը, թե իբր նորածնի մահվան հարցում մասնագետները մեղավոր չէին: Փոքրիկ երեխայի հոր համոզմամբ՝ փորձաքննության անկողմնակալ անցկացման համար կարեւոր էր նաեւ ձեւավորված հանձնաժողովի կազմը, որի անդամները Ռազմիկ Աբրահամյանի մտերիմներն էին:

Փոքրիկ տղայի ծնողները մինչ օրս շարունակում են պնդել, որ երեխան մահացել է բժիշկների անփութության եւ անգործության հետեւանքով: «Եթե իմ ծննդաբերական ցավերը բավարար չէին, իսկ արհեստական ցավերն անթույլատրելի էին, ապա պետք է միանշանակ որոշեին կեսարյան հատում անել, եւ ոչ թե վերջում, երբ որեւէ տարբերակ այլեւս չկար, ասեին, որ կեսարյան հատում պետք է արվեր: Եթե հակացուցված էին արհեստական ցավերը, ապա նա իրավունք չուներ այդ ցավերն առաջացնող դեղեր ներարկել»,- նշել էր երեխայի մայրը՝ կատարվածի համար մեղավոր համարելով ծնունդն ընդունած բժշկին՝ Դավիթ Աբովյանին: «Երկուշաբթի առավոտյան գնացի հիվանդանոց: Բժիշկ Աբովյանը ներզննում կատարեց՝ նշելով, որ դրանք այն ցավերը չեն, որպեսզի բացվածք առաջանան: Ժամը 9-12-ը նա այդպես էլ ոչ մի որոշում չկայացրեց: Միայն ժամը 12-ի կողմերը բուժքրոջն ուղարկեց, որպեսզի սիստեմա միացնի: Ես բուժքրոջն ասացի, որ հնարավոր չէ բժշկի նման կարգադրությունը, քանի որ արհեստական ցավերն անթույլատրելի են մեծ պտղի դեպքում»: Դ. Աբովյանն իր հերթին պատասխանել էր, թե բժիշկների համար ավելի հեշտ է կեսարյան հատում անելը, որն ավելի քիչ ժամանակ է պահանջում: «Կեսարյան հատում լինում է այն դեպքում, երբ կան դրա ցուցումները, որոնք այս դեպքում հարաբերական են: Խնդիրն այն էր, որ սկզբից չունեինք կեսարյան հատման ցուցում: Ծննդաբերությունը մինչեւ վերջ նորմալ էր ընթացել: Մենք խնդիր չենք ունեցել»,- նշել էր ծնունդ ընդունած Դ. Աբովյանը: Ընդ որում՝ այդ օրերին Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ճիշտ չէ երեխայի մահվան պատճառ դիտարկել մասնագետներին: «Բնական է, որ Ռազմիկ Աբրահամյանն իր հիվանդանոցի պատիվը բարձր պահելու համար պետք է նման բան ասեր: Չէ՞ որ վարկաբեկվում է նրա հիվանդանոցի անունը: Եվ նա ամեն բան կանի, որպեսզի պաշտպանի»,- ամիսներ առաջ մեզ հետ զրույցում ասել էր Ծ. Ղամբարյանը՝ պնդելով, որ Դ. Աբովյանին պետք է աշխատանքից ազատել: Որպես «պատիժ»՝ ՀՀ Առողջապահության նախարարը խիստ նկատողություն տվեց բժշկին, իսկ Ռ. Աբրահամյանն էլ բժշկին գործուղեց Ալավերդու հիվանդանոց: Դեկտեմբերի 10-ին նորածնի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասով, ըստ որի՝ եթե բժշկական օգնություն իրականացնողը թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է 2-6 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում՝ պաշտոնից ազատում առավելագույնը 3 տարի ժամկետով: Ինչեւէ, նորածնի ծնողները ոչ միայն դժգոհ են դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից, այլեւ նախաքննության ընթացքից: Փոքրիկ տղայի հոր կարծիքով՝ քրեական գործի նախաքննությունը եւս կողմնապահորեն է անցկացվում: «Ես բազմիցս ասել եմ, որ կեղծված են փաստաթղթերը, իսկ փաստաթղթերի կեղծ լինելն ապացուցելու համար քննչական որոշակի գործողություններ են անհրաժեշտ»,- ասաց Ա. Աբգարյանը: Նախաքննությունն ընթանում է Մաշտոցի քննչական բաժանմունքում, եւ գործը վարում է Գեւորգ Գենջոյանը: Նորածնի ծնողները միջնորդություն են ներկայացրել դատաբժշկական փորձաքննության եզրակացության համար հիմք հանդիսացող փաստերը ստանալու համար: Ծնողների վստահեցմամբ՝ իրենք գիտեն կեղծված փաստերի միայն մի մասը: «Կեղծիքները շատ են: Օրինակ, ծննդաբերության օրը պացիենտը հիվանդանոցում էր 8:00-8:30 ժամանակահատվածում, իրենք նշել են 10:30-11:00-ն ընկած ժամանակահատվածը: Ծնունդն իրականում արձանագրվել է երեկոյան 20:30-ին, իսկ իրենք արձանագրել են` 17:30: Այսինքն՝ իրենք ժամերը հնարավորինս քչացրել են, որպեսզի դա չդիտվի ուշացած ծնունդ, որպեսզի պարտավորված չլինեին կեսարյան հատում անելու»,- նկատեց Ա. Աբգարյանը՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ երեխան մահացել է բժշկի անփութության եւ սխալ գործողությունների հետեւանքով: «Եվ միանգամայն հասկանալի է, որ բժիշկները պահել են իրենց գործընկերոջը: Ավելին՝ փորձաքննության ժամանակ մեղադրյալը (նկատի ունի Դավիթ Աբովյանին.- Մ.Մ.) խոստովանել է որոշ փաստեր, հանձնաժողովը նույնիսկ իմ ներկայությամբ փորձում էր հերքել այդ փաստերը, քանի որ չգիտեին, որ նա խոստովանել է: Ծննդաբերման նախորդ օրը կինս զանգել էր բժշկին՝ ասելով, որ ցավեր ունի: Բժիշկը պատասխանել էր՝ «2 հատ նոշպա խմի, քնի, առավոտ կգաս»: Հանձնաժողովը նույնիսկ այս փաստն էր փորձում հերքել, երբ առերեսման ժամանակ բժիշկը խոստովանել էր դա: Բժիշկը խոստովանել էր նաեւ, որ ստիմուլյացիա էր արել, այնինչ` անթույլատրելի էր պտղի մեծ չափերի դեպքում ստիմուլյացիա անելը»,- պատմեց փոքրիկ տղայի հայրը՝ ավելացնելով, որ իրենք շարունակելու են պայքարել վերոնշյալ կեղծիքների դեմ, եւ թույլ չեն տա, որ նման բժիշկները շարունակեն իրենց գործունեությունը: Ըստ զրուցակցիս՝ մարտի 15-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է վերադարձել Ալավերդի գործուղված բժիշկ Դավիթ Աբովյանը: Երեկ այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում` դա հաստատեց նաեւ Դ. Աբովյանը, ըստ որի՝ իր եռամսյա գործուղումն ավարտվել է, եւ դա որեւէ առնչություն չունի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ: «Իրենց բախտն ուղղակի չի բերել, որ ես մասնագիտությամբ իրավաբան եմ, եւ շատ լավ հասկանում եմ գործի բոլոր նրբությունները: Իրենք նույնիսկ ապօրինի կերպով մերժում են իմ միջնորդությունները, թեեւ առերես փորձում են վստահեցնել, որ ամեն բան անում են: Այժմ անգամ քննչական գործողությունները չեն նորմալ կատարվում: Ես պահանջում եմ ՀՀ ոստիկանապետից եւ ՀՀ գլխավոր դատախազից` հսկողություն այս գործի նկատմամբ»,- նշեց Ա. Աբգարյանը։