Դատարանը տնակից դուրս եկավ

01/11/2005

Այսօր դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում տեղի կունենա Շիրակի մարզի Գյումրի քաղաքի առաջին ատյանի դատարանի շենքային համալիրի բացման արարողությունը: Նախկին դատարանի շենքն էապես վնասվել էր 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով: 1988թ. ի վեր ՀՀ Շիրակի մարզի դատարանը, իսկ հետագայում նաեւ՝ ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրի քաղաքի նստավայրը, շուրջ 17 տարի տեղակայված է եղել ժամանակավոր տնակ-կացարաններում՝ յուրաքանչյուր դատավորին մեկ շարժական տնակ սկզբունքով։ Այդ տնակում դատավորը եւ դատարանը աշխատակազմը ստիպված էին աշխատել եւ քննել դատական գործերը: Նորակառույց այս շենքում կտեղակայվեն Շիրակի մարզի (Գյումրի քաղաքի) առաջին ատյանի դատարանը, Շիրակի մարզը (Գյումրի քաղաքը) սպասարկող Տնտեսական դատարանի նստավայրը, ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային ստորաբաժանումը,ՀՀ ԱՆ Ձեռնարկությունների պետական ռեգիստրի Գյումրիի բաժինը, Քրեակատարողական տեսչության Շիրակի մարզի Գյումրիի բաժանմունքը, «Գյումրի» նոտարական գրասենյակը: Դատարանի շենքում կգործեն թվով 9 դատական դահլիճներ: Սահմանափակ գոտում գտնվող դատավորների բոլոր աշխատասենյակները տեղակայված են երեք մասնաշենքերի 2-րդ եւ 3-րդ հարկերում եւ ունեն առանձնացված մուտք եւ ելք՝ առանց հանրության հետ շփվելու հնարավորության: Ամբաստանյալների ժամանակավոր պահպանման խցերը տեղակայված են 4-րդ մասնաշենքի կիսանկուղային հարկում:

Ծրագրի կողմից շենքի կառուցման նպատակով ծախսված պայմանագրային գումարը կազմել է 1216,085 հազար ԱՄՆ դոլար: Շինարարության ֆինանսավորումն իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից հատկացված վարկային միջոցներով (90%) եւ ՀՀ կառավարության պետական բյուջեի միջոցներով (10%):