Բողոքի ակցիա՝ Հրազդանում

29/03/2011

Մարտի 31-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել քաղաքում երկաթի հանքի բացման առիթով: Հանքը գտնվում է քաղաքից` 800 մետր, Սեւան-Հրազդան ջրանցքից՝ 600 մ, իսկ Հրազդան գետից` ընդամենը 1500մ հեռավորության վրա: Բլրի ուղիղ լանջերին են գտնվում Բանավան, Վանատուր եւ Ախպարա թաղամասերը: Հանքին մոտ են գտնվում Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ գյուղերը: Իսկ օրեր առաջ անհայտ անձանց կողմից հանքի շահագործումը սկսելու համար ստորագրահավաքը դադարեցվել է: Ստորագրություններ հավաքողները ոչ միայն թակել էին բնակելի տների, այլեւ տեղի թիվ 13 դպրոցի դռները: «Ոմն անձանց կողմից ստորագրահավաք է սկսվել, մտնում են դպրոցներ ու համոզում են ստորագրել իրենց պապական տներից տեղահան անելու միտումով: Փոխարենը՝ մարդկանց առաջարկում են վարձով սենյակ, մինչեւ իրենց համար մեկ այլ տեղ տուն կկառուցեն եւ կտեղահանեն»,- ասվում է Հրազդանի մի խումբ բնակիչների կողմից մեր թերթին հասցեագրված նամակում: Երեկ Հրազդանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լրատվամիջոցների արձագանքից հետո անհայտ անձանց կողմից սկսած ստորագրահավաքը միանգամից դադարեցվել է: «Դա շատ կասկածելի է»,- ասաց Ա. Մնացականյանը՝ նշելով նաեւ, որ իրենց կողմից սկսած ստորագրահավաքը՝ հանքի շահագործման դեմ, դեռ շարունակվում է: Հետաքրքիրն այն է, որ մինչ օրս տեղի բնապահպաններն այդպես էլ չեն իմացել հանքի համար ստորագրահավաք անցկացնող անձանց ինքնության կամ որեւէ ընկերության պատկանելության մասին: Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի երկաթի հանքերից մեկի մասին է, որը պատկանում է «Նագին» ընկերությանը: Ընդ որում՝ այս ընկերությունն իրավաբանական հասցե չունի եւ գրանցվել է Վ. Այվազյանի` Չարենցավանում գտնվող բնակելի տան հասցեով՝ որդու՝ Գագիկ Այվազյանի կնոջ՝ Մարիամ Գինոսյանի, եւս 2 անձանց անուններով: Ինչեւէ, հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 28-ին չինական «Ֆորչուն օյլ» ընկերությունը օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների միջոցով ձեռք է բերել հայաստանյան 3 հանքերի շահագործման, ավելի ճիշտ՝ խոշորածավալ ներդրումներ անելու իրավունքը: «Հրազդանում մեր ներդրումները հասնում են մինչեւ 110 մլն դոլար: Աբովյանում մեր ներդրումների ծավալը կազմում է 400 մլն դոլար: Այսինքն, ընդհանուր ստացվում է շուրջ 500 մլն դոլար: Այս ներդրումներն արվելու են 5-6 տարիների ընթացքում: Հրազդանում 2-3 տարվա ընթացքում կունենանք 2մլն տոննա երկաթի խտանյութի արտադրություն, իսկ Աբովյանում՝ 5-6 տարվա ընթացքում արտադրության ծավալները կհասնեն մոտ 8 մլն տոննայի: Նախ ՝ մենք պետք է հորատենք հանքը, որից հետո կուսումնասիրենք խտանյութի բնույթը, եւ, հավանաբար, 2012թ. Հրազդանում գործարան կկառուցենք»,- հայտարարել էր չինական ընկերության ղեկավար Թի Քիամ Փունը: