Արդեն մեկ տարի է, ինչ հանրապետության ֆինանսական համակարգի մասնակից մի շարք բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետեւ` կառավարության) կողմից մշակված եւ կարգավորվող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիփոթեքային/վարկային ծրագիրը:
Պետք է նշել ծրագրի կարեւորությունը եւ երկար սպասված լինելու հանգամանքը, ինչը եւ պայմանավորեց ծրագրի նախապատրաստական փուլում բոլոր մասնակից կողմերի` գերատեսչությունների, մամուլի, ազգաբնակչության խանդավառությունը եւ անթաքույց ուրախությունը: Վերջապես կազմակերպվեց հրապարակայնորեն բաց, թափանցիկ, շոշափելի, չափելի եւ հասցեավորված մի պետական ծրագիր, որը կնպաստի երիտասարդ ընտանիքների կայացման խնդրին, մասնավորապես դրա նյութական բաղադրիչին աջակցության եւ հոգսի թեթեւացման ճանապարհով:
Սակայն ծրագրի անմիջական կիրառման փուլը որոշակի սթափություն բերեց բոլորին: Ծրագրի, մի շարք օբյեկտիվ պատճառներով թելադրված եւ նախապես լավ մտածված լինելու դեպքում, նաեւ կանխատեսելի դժվար ընթացքը (որը շարունակվում է մինչ օրս) պատճառ հանդիսացավ մեկնաբանությունների, բացատրությունների ու արդարացումների մի շարանի, որոնք հանգեցրեցին ծրագրում որոշակի պայմանների եւ մոտեցումների վերանայման: Վերջինս նույնպես էականորեն չփոխեց ծրագրից առկա դժգոհությունների պատկերն ու իրավիճակն, ընդ որում, դժգոհություններ հնչեցին ինչպես վերեւից` կառավարությունից` ծրագիրն իրականացնող ֆինանսական հաստատություններից, այնպես էլ ներքեւից` ներկա եւ պոտենցիալ սպառողներից: Սակայն այս ամենի մասին` ըստ հերթականության:
Գաղտնիք չէ, որ կառավարությունը դժգոհ է ծրագրի իրականացման տեմպից, դրա ծավալներից, հետեւաբար եւ` արդյունավետությունից: Առկա են որոշակի ֆինանսական միջոցներ, դրանց, ըստ անհրաժեշտության կամ ինչ-որ չափով հետագա ավելացման աղբյուրներ, սակայն դանդաղում է այդ միջոցների իրացումը, եւ գոհացնող չէ դրանց պահանջարկի մակարդակը:
Ծրագրի իրականացման գործում ներգրավված ֆինանսական հաստատությունները դժգոհում են, շատ դեպքերում, ցածրաձայն, որպես կանոն` հետեւյալ խնդիրներից. ծրագիրը բարդ է վարչարարության տեսակետից, մասնավորապես. ա) տեղաբաշխման փաստացի ծավալների եւ ապահովվող հասույթի համեմատ ծանր են գործող հաշվետվական մեխանիզմները, բ) առկա են համակարգչային-ծրագրային դժվարություններ սուբսիդավորման գումարների, վաղաժամկետ մարումների, վերահաշվարկների, դրանցից բխող նոր հաշվետվությունների հետ կապված (ակնհայտ է, որ այն նախագծվել է ոչ ֆինանսական ոլորտի մասնագետների կողմից), գ) ընդհանուր առմամբ գործընթացը ռեսուրսատար է եւ ժամանակի, եւ մարդկային ռեսուրսների` վերջին հաշվով` նյութական/ֆինանսական առումով: Եթե նույնիսկ մասնակից բանկի համար ծրագիրը ծախսածածկվում է, ապա ամենաբարձր արդյունավետությունը չի բերում` բանկի այլ վարկատեսակների համեմատ: Այս հանգամանքներով էլ բացատրվում է բանկերի կողմից նշված ծրագրի շրջանակներում ցածր գովազդային ակտիվությունը կամ դրա բացակայությունը, կամ նույնիսկ, իրենց վեբ-կայքերում ծրագրին իրենց մասնակցության մասին չհիշատակելը, եւ ծրագրում, ուղղակի իրենց նոմինալ մասնակցությունը պահպանելը:
Դժգոհ են նաեւ վերջնական սպառողները: Նրանք, ովքեր արդեն հասցրել են օգտվել ծրագրից, այսինքն` հիփոթեքային վարկի միջոցով ձեռք են բերել բնակարան, ներկայումս ունեն դժվարություններ` նախկինում, իրենց կողմից, իրենց ընտանեկան բյուջեների պլանավորման ժամանակ ապագայի հնարավոր գնաճային երեւույթները ճիշտ չգնահատելու եւ ներկայումս փաստացի ֆինանսական դժվարություններ ունենալու պատճառով: Չէ՞ որ հիփոթեքային վարկ վերցնող երիտասարդ ընտանիքը այդ քայլն անում է միայն ապագայի լավատեսական սպասումների դեպքում եւ դրա հիման վրա (իհարկե, տվյալ պահին, բանկի կողմից համակողմանիորեն ուսումնասիրվող ընտանիքի ֆինանսական դրությունը` որպես հիմնավորում վարկի տրամադրման): Եվ, որպես կանոն, վարկերը տրամադրվել են այդ ընտանիքներին հասանելիք առավելագույն ֆինանսական միջոցների սահմաններում, շատ դեպքերում նաեւ` հարազատների այլ ֆինանսական հնարավորությունները հաշվարկներում որպես լրացուցիչ եկամուտներ ներառելու միջոցով: Այս պայմաններում, նույնիսկ նվազագույն մակրոտնտեսական գնաճային երեւույթները ծրագրի շահառուներին գցում են դժվար ֆինանսական կացության մեջ, որը եւ նախապես ակնկալվող երախտագիտության զգացողությունները վեր է ածում դժգոհության: Չանդրադառնալով արդեն իսկ վերանայված ծրագրի առանձին դրույթներին, նշենք, որ ծրագրի պոտենցիալ շահառուներին նորից մտահոգում են ծրագրի այս կամ այն պայմաններին իրենց դժվար համապատասխանելիությունը եւ ընդհանուր առմամբ ծրագրի դժվար մատչելի լինելը:
Կատարելով սույն վերլուծությունը, բոլորովին մտադրություն չունեմ քարկոծելու կառավարությանը ծրագրի կապակցությամբ: Թեեւ ինքս, ծրագրի գործող դրույթների պայմաններում, չեմ համապատասխանում ծրագրի շահառուի չափանիշներին, մինչեւ այժմ խանդավառված եմ ծրագրի անհրաժեշտության եւ առկայության գաղափարով, թեեւ համոզված եմ, որ այն կարող է ավելի արդյունավետ ճարտարապետություն ունենալ: Որոշ ժամանակահատված ներգրավված լինելով ծրագրի իրականացմանը եւ տեղյակ լինելով որոշ գործընթացների, իրականացման փուլում անմիջապես շփվելով առկա խնդիրների հետ, իմ պարտքն եմ համարում վեր բարձրացնել դրանք եւ փորձել նպաստել դրանց լուծմանը: Իսկ լուծումն, իմ կարծիքով, կայանալու է կրկին անգամ ծրագրի վերանայման մեջ, բայց ոչ թե դրա որոշ մակերեսային պայմանների, այլ խորքային հիմնադրույթների եւ գաղափարական ուղղվածության:
Միմիայն ծրագրի համապատասխանեցումը մեր ազգային մարտահրավերներին եւ դրանց լուծման նախապատվություններին կարող է այն դարձնել արդյունավետ, իսկ որոշակի մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկայի դեպքում` նաեւ մասսայական եւ շոշափելի:
Ըստ իս, ծրագիրը բավարար հասցեական չէ, այն ընդհանուր հասցեավորված է որոշակի չափանիշներից ելնելով «երիտասարդ ընտանիքների» սահմանմանը բավարարող մի խավի, ինչը եւ սահմանափակում է ծրագրի արդյունավետությունը: Մասնավոր դեպքում, նշված ծրագրի շահառու է դարձել, օրինակ, երիտասարդ նորապսակ զույգը, որը դեռ չունի երեխաներ, երկու ամուսիններն էլ զբաղված են բարձր վարձատրվող աշխատանքներում, ունեն հաջող կարիերա եւ չունեն ներկա կամ ապագա կանխատեսվող վճարունակության որեւէ խնդիր: Իրենց փաստացի վճարունակությամբ պատրաստ լինելով հիփոթեքային վարկ վերցնել գործող շուկայական 12-18% պայմանով, իրենք, անկասկած, առավել շահեկան դիրքում հայտնվեցին, 8% տոկոսադրույքով վարկային առաջարկ ստանալով, ինչն ավելի ամրապնդեց նրանց ընտանեկան ֆինանսական կայունությունը: Եթե նույնիսկ հաշվի առնենք տարածված վիճակագրական փաստն առ այն, որ կարիերայի առումով նման հաջողակ ընտանիքներում 1 կամ 2 երեխաներից ավելին չեն ունենում, դրանով հանդերձ էլ, ես բնավ դեմ չեմ, որ այս երիտասարդ ընտանիքն օգտվի այս ծրագրի տեսքով պետական աջակցությունից: Սակայն մտահոգիչն այն է, որ կան շատ ընտանիքներ, որտեղ արդեն իսկ մեծանում են կամ պլանավորվում են 2-3 եւ ավելի երեխաներ, ունեն որոշակի վճարունակություն, ունեն բնակարանային ապահովման խնդիր, բայց կհամապատասխանեին ծրագրի շահառու լինելու պայմաններին սահմանված 8%-ից փոքր-ինչ ցածր տարեկան տոկոսադրույքի դեպքերում: Հետեւաբար` ծրագրի որդեգրած ընդհանուր մոտեցումն ապահովում է ակնկալվածից համեմատաբար ցածր, բնականաբար, անբավարար սոցիալական արդյունք:
Ամբողջ խնդիրը նրանում է, որ ճիշտ չեն դրված ծրագրի շեշտադրումները, դրանք չեն համապատասխանում մեր ազգի առջեւ ծառացած մարտահրավերներին, այն է, կյանքի պայմանների բարելավման ճանապարհով ժողովրդագրական իրավիճակի դրական տեղաշարժ խթանելուն եւ երկարատեւ հեռանկարում ազգային անվտանգության հիմնական խնդիրներից մեկի (գուցե ամենակարեւոր խնդրի) լուծումն ապահովելուն: Պետք չէ մոռանալ, որ մեզ թշնամաբար տրամադրված հարեւան երկրում վերջերս նշեցին տասմիլիոներորդ բնակչի ծնունդը: Բնավ էլ չեմ կարծում, որ մեր ազգային անվտանգության հիմնաքարը հանդիսանում է որեւէ մեծ տերության հետ ռազմավարական դաշինք կնքելը եւ ապահովվածության պատրանք ստեղծելը: Պատմականորեն հայտնի է, որ մեծ տերություններում էլ լինում են հեղաշրջումներ, անկայուն եւ անվերահսկելի իրավիճակներ, ֆինանսական ճգնաժամեր, որոնց ընթացքում ոչ միայն չեն պաշտպանվում դաշնակից փոքր պետությունների անվտանգության խնդիրները, այլ դրանք նույնիսկ թշնամաբար տրամադրված երկրներին ուղղված սակարկությունների ու նվիրատվությունների առարկա են դառնում: Այս համատեքստում կարելի է նշել Մոսկվայի եւ Կարսի պատմական տխրահռչակ պայմանագրերի շուրջ քննարկումները վերջերս տեղի ունեցած հայտնի պետական պաշտոնյաների հանդիպումների եւ տնտեսական պայմանագրերի կնքման արդյունքում: Այսպիսով, առկա բյուջետային կամ դոնորային ծագում ունեցող սուղ ֆինանսական միջոցներն ուղղելը ծրագրերի, որոնց հիմնական շեշտադրումն այլ է, քան ժողովրդագրական վիճակի բարելավումը եւ ազգային անվտանգության խնդիրների լուծումը, կարծում եմ, կարելի է կանխավ համարել այդ միջոցների ցածր արդյունավետ ներդրում: Գործող պայմաններով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը կշարունակի իր նվազագույն ազդեցությունն ունենալ հիփոթեքային շուկայի վրա, որն էլ, ասես թե, իր հիմնական նպատակն է դարձել: Ծրագիրն ընդամենը կարող է որոշակի չափով ուղղակիորեն նպաստել անշարժ գույքի երկրորդային շուկայում աշխուժության առաջացմանը եւ անուղղակի կերպով նաեւ առաջնային շուկայի խթանմանը: Բայց չէ՞ որ այս նույն խթանները, որպես հավելյալ արդյունք, կաշխատեին ավելի մեծ չափերով, եթե ծրագրի հիմքում դրվեին եւ շեշտադրվեին վերը թվարկված արժեքները:
Վերջերս, ՀՀ նախագահի եւ կառավարության ԶԼՄ-ներով լայնորեն լուսաբանված հանդիպման համատեքստում, կարեւոր եմ համարում, որ կառավարությունը ընդունի նաեւ այս սխալի առկայությունը եւ արմատապես բարեփոխի ծրագրի կառուցվածքն ու ուղղվածությունը: Հակառակ դեպքում, ո՞վ պետք է ստանձնի ծրագրի դանդաղ տեմպի, փոքր ծավալների, ծրագրի ձախողմանը հավասարազոր ցածր արդյունավետության պատասխանատվությունը: Մասնավորապես, ռազմավարական եւ սոցիալական առումներով նպատակահարմար եւ ողջունելի եմ համարում ծրագրի հետագա պոտենցիալ շահառուների (երիտասարդ ընտանիքների) դիվերսիֆիկացումը` կախված ընտանիքում մեկ շնչին բաժին հասնող համախառն եկամուտից եւ ծնողների անմիջական խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաների քանակից: Իսկ շահառուների կողմից վճարվող (սուբսիդավորումից դուրս) արտոնյալ տոկոսադրույքները, գործող 6% եւ 8%-ի փոխարեն, կարող են սահմանվել, օրինակ, տարեկան 4-10%-ի կամ կառավարության ու դոնորների համար ընդունելի այլ սահմաններում: Շեշտադրումների այսպիսի փոփոխության դեպքում նպատակահարմար կլինի նաեւ «երիտասարդ ընտանիքի» տարիքային շեմի փոփոխությունը, օրինակ` մինչեւ 40 տարեկան, ոչ միայն այն պատճառով, որ շատերի համար դա նույնպես վերարտադրողական տարիք է, այլ նաեւ` որ այդ տարիքում շատերն արդեն ունեն 1,2,3 անչափահաս երեխաներ կամ գուցե պետության կողմից արձակվող դրական ազդակների պարագայում` կունենային հերթական երեխան: Նշվածը նպատակահարմար կլիներ նաեւ ֆինանսական համակարգի կայունության տեսակետից, քանի որ այդ տարիքային սեգմենտում գտնվողները, որպես կանոն, արդեն աշխատանքային փորձ, կայուն վաստակ եւ եկամուտներ ունեցող, բանկերի համար ցանկալի հաճախորդներ են, ովքեր այսօր ստիպված են ինքնուրույն լուծել իրենց եւ իրենց առկա երեխաների բնակարանային խնդիրներն ու իրականացնել իրենց ընտանիքի պլանավորումն, առանց պետական որեւէ աջակցության: Բոլոր փոփոխություններով էլ հանդերձ, ծրագիրը, բնավ էլ չի վերածվում որեւէ սոցիալական-բարեգործական միջոցառման, քանի որ շահառուների համապատասխանության հիմքում շարունակելու է մնալ բավարար եկամուտների առկայության` վճարունակության չափանիշը: Իսկ ծրագրի արդյունավետությունը կաճի այնքանով, որքանով, առանց ֆինանսավորող աղբյուրների համար եկամտաբերության մակարդակի նվազեցման, այն հասանելի կլինի ավելի մեծ թվով պոտենցիալ շահառուների համար` ի հաշիվ ավելի հասցեավորված մոտեցման:
Բանկերի համար, ծրագրի գրավչությունը բարձրացնելու տեսանկյունից` նույնպես կարելի է իրականացնել որոշ փոփոխություններ, օրինակ, գուցե յուրաքանչյուր վարկային պայմանագրի գծով սուբսիդավորման առանձնացված հաշվառման փոխարեն` ներմուծել տեղաբաշխված վարկային պորտֆելի կամ ստացված տոկոսային եկամուտների ծավալներին համամասնական սուբսիդավորում: Համոզված եմ, որ կառավարության կողմից ճկուն մոտեցման դրսեւորման դեպքում կլինեն նաեւ այլ առաջարկներ: Ամփոփելով, ուզում եմ հույս հայտնել, որ բարի ցանկություններից սկիզբ առած «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիփոթեքային ծրագիրը կլինի պետական այն նախաձեռնություններից, որն իր արձագանքները կունենա նաեւ տարիներ անց, կլինի շարունակական, դինամիկ եւ, որն ամենակարեւորն է, արդյունավետ:
Վարդան ՄԱՐԳԱՐՅԱՆ