Գերմանիայում եւ Հայաստանում նկարահանված «Եվրատեսիլ 2011»-ի ՀՀ ներկայացուցչի` Էմմիի «Boom-boom» երգի տեսահոլովակի հերոսի դերում կնկարահանվի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Երեկ մամլո ասուլիսի ժամանակ Էմմին եւ «Եվրատեսիլ 2011»-ի մասնակից եւս երեք երկրների ներկայացուցիչներ` Սենիթը` Սան Մարինոյից, Գլենը` Մալթայից, եւ Միկա Նյուտոնը` Ուկրաինայից, անվերջ երգում էին Էմմիի «Boom-boom»-ը, «Քոչարի» պարելու փորձեր անում, գովեստի խոսքեր ուղղում հայկական խոհանոցին: Ինչո՞վ է կարեւոր «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը. այս հարցին Սան Մարինոյի ներկայացուցիչ Սենիթը պատասխանում է. «Ինձ համար «Եվրատեսիլը», միջազգային մակարդակի երաժշտական տոն լինելուց բացի, նաեւ հիանալի հնարավորություն է` կարճ ժամանակահատվածում բազում երկրների երաժշտությանն եւ մշակույթին ծանոթանալու համար: Էմմիի երգն, իրոք որ, «boom-boom» է, եւ ես, իբրեւ մրցակից, փոքր-ինչ վախենում եմ, քանի որ այն չափազանց հիշվող եւ հետաքրքիր կատարում է: Եթե Էմմիի երգի ժամանակ ակամայից ուզում ես վեր կենալ նստածդ տեղից եւ «boom-boom, chaka-chaka» անելով` պարել, ապա իմ երգը լսելիս` սիրահարվելու, իրար հպվելու ցանկություն է առաջանում»:
Մալթայի անվերջ ժպտացող ներկայացուցիչ Գլենը, լրագրողների հարցերին պատասխանելուց բացի, փորձեց նաեւ «Քոչարի» պարել: Ի՞նչ պետք է անել, որպեսզի «Եվրատեսիլի» ժամանակ ոչ թե հարեւան երկրները քվեարկեն միմյանց օգտին, այլեւ հանդիսատեսը քվեարկի կոնկրետ կատարողի համար: Այս հարցին Մալթայի մասնակիցը կատակով պատասխանեց. «Մալթան հարեւան երկրներ չունի: Մենք միայն ձուկ ունենք: Ինչպես գիտեք` ձկները դժվար թե քվեարկեն մեր օգտին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարծում եմ, որ իսկապես ժամանակն է, որ կայանա ոչ թե «աշխարհագրական» քվեարկություն, այլ անհատական: Դրա համար անհրաժեշտ է, որ մասնակիցն իր երկիրը ներկայացնելիս հանդես գա արտիստական իր կարողությունների ողջ փաթեթով` հրաշալի եւ հիշվող երգով, որակյալ կատարմամբ, բեմական ճիշտ ընտրված կերպարով եւ գրագետ շոու ծրագրով: Կարծում եմ, որ այս գործոնների դեպքում յուրաքանչյուրը կքվեարկի իր նախընտրած կատարողի համար` անտեսելով ազգություն, հարեւանություն ասվածը»: Շատերը կարծում էին, թե հոր` քանդակագործ Դավիթ Բեջանյանի մահից հետո, հնարավոր է, որ Էմմին հրաժարվի «Եվրատեսիլ 2011»-ին մասնակցությունից: Սակայն նա ուժ գտավ իր մեջ, եւ արդեն իսկ ակնհայտ է, որ պատրաստ է գնալ մինչեւ վերջ: «Հայրիկիս մահից հետո, իրապես, մի շրջան եղավ, երբ ինձ մոտ կասկածներ առաջացան` մասնակցե՞լ, թե՞ ոչ: Հանրային հեռուստաընկերության ղեկավարներն ինձ ասացին, որ ընտրությունն իմն է, եւ, որ ինչպիսին էլ լինի իմ կայացրած որոշումը, նրանք հարգանքով կմոտենան: Սակայն ես շատ լուրջ խոսակցություն ունեցա մորս եւ հորաքրոջս հետ, որից հետո ինձ համար լիովին պարզ դարձավ, որ պարզապես իրավունք չունեմ հրաժարվելու: Հայրս անչափ ուրախացել էր, երբ իմացել էր «Եվրատեսիլում» իմ մասնակցության մասին լուրը: Հանուն նրա` ես պարտավոր եմ մասնակցել: Սկսած Եվրատեսիլյան երգի հայկական նախընտրական փուլից, մինչեւ վերջին ելույթը` Գերմանիայում, ես նվիրում եմ հորս հիշատակին»,- ասաց Էմմին: