Մարտի 27-ին Երեւանը միանգամից երկու մրցանակաբաշխություն անցկացրեց` պատվելով ու մեծարելով թատրոնի եւ երաժշտական դաշտում աշխատող անձանց:
«Արտավազդ» ոսկեզօծ թատերական վկայագրերն ու Ազգային երաժշտական մրցանակաբաշխության աստղակուռ արձանիկները առատորեն բաժանվեցին: Որպես ընդհանուր մեկնակետ, կարելի էր նշել երկու իրադարձությունների մեջ ընդգրկված անվանակարգերի աներեւակայելի քանակը: Ինչպես ասում են` նպատակ էր դրվել որակը փոխարինել քանակով (դե, որպեսզի նախ` ոչ մեկին չնեղացնեն, եւ հետո էլ` շարժի, եռուզեռի, ակտիվ միջոցառման պատրանք ստեղծվի): Երկու իրադարձություններն էլ շտապել են որքան կարելի է շատ նոմինանտներ «պեղել», եւ դա այն դեպքում, երբ թատրոնն ու փոփ-բեմը բնավ լի չեն եղել իրադարձություններով: Նույնիսկ կարելի է ասել, որ թատրոնն այսօր Հայաստանում ամենահետամնաց արվեստի ճյուղն է, քանի որ թատերական լեզուն եւ բեմականացման մաներան ոչ միայն վաղուց չեն վերանայվել, այլեւ` տարիներ շարունակ «զմռսված» մնալով խորհրդային պաթետիկ մոդելի մեջ` նեխել են: Իսկ երբ խոսք է գնում հայրենական շոու-բիզնեսի մասին, ապա միանգամից աչքի է զարնում այն երեւույթը, որը կոչվում է «ինքնասպառում»: Մեր շոու-բիզնեսն ինքն իրենից հոգնել է, եւ ինքն իրեն նույնիսկ վերարտադրել չի կարող։ Նորածին «հանրային անձերը» իրենց կալիբրով շատ ավելի թույլ են, քան նախորդները (ովքեր, ի դեպ, հերթով հրաժարվում են մասնակցել այդ շքահանդեսին), նրանք գոնե կարողանում էին աստղերին վայել ինտրիգներ ու ինքնագովազդային ակցիաներ սարքել, երբեմն էլ՝ երգել: Իսկ նորերն անգամ խոսել չգիտեն։ Այսօր Ազգային մրցանակաբաշխությանը ներկայացված երգիչների ցանկը համալրված էր մարդկանցով, ովքեր նույնիսկ իրենք էլ չգիտեին, որ երգիչ են (էլ ո՞ւր մնաց` հանդիսատեսը ճանաչի):
Ընդհանրապես, ո՞ւմ եւ ինչի՞ համար են մրցանակաբաշխությունները։ Դասական պատասխան կա՝ դրանք արվում են, որպեսզի որոշ մարդկանց հաճելի լինի։ Արձանիկները, պատվոգրերն ու մեդալները ոչինչ չեն ավելացնում` դեր, ներկայացում, երգ կամ կտավ ստեղծողների հեղինակությանը (Հայաստանում այդպես է)։ Ոչ էլ օգնում են, որ նրանց թողարկած արտադրանքն ավելի լավ «վաճառվի» եւ դրամարկղային հաջողություն ունենա։ Եվ, առավելեւս, չեն կարող հանդիսատեսի համար ուղղորդող դեր կատարել՝ հուշելով, որ կան արժանի մարդիկ եւ ստեղծագործություններ, քանի որ լավագույնների ընտրությունը սաստիկ կասկածելի եղանակով է արվում։ Մրցանակաբաշխությունները մի խումբ մարդկանց համար ինքնասպասարկման օբյեկտներ են (մենք ասում, մենք լսում, մենք էլ՝ ուրախանում ենք)։ Եվ ցանկացած կազմակերպիչ, ով մրցանակ է հիմնում, եւ՛ հովանավոր է գտնում, եւ՛ մրցանակաբաշխության բյուջե, եւ հավակնորդների ցուցակ է կազմում, բնավ էլ չի մտահոգվում գեղարվեստական հարցերով, այլ պարզապես սեփական (որոշ դեպքերում՝ նաեւ սեփականաշնորհված) դաշտում գործունեության պատրանք է ջանում ստեղծել։ Եթե հակառակը լիներ, ապա կազմակերպիչներն առաջին հերթին անձնական գեղարվեստական հիգիենան պահպանելով կզբաղվեին։ Իսկ դա նշանակում է` գեղարվեստական ճաշակ, «հոտառություն» եւ, վերջիվերջո, ազնվություն ունենալ՝ անելու համար այն գործը, որն անում ես։ Առանց այդ էլ մեր կյանքը լցված է փնթի, հակահիգիենիկ մշակութային իրադարձություններով, որտեղ ցանկացած էսթետիկա անկասելիորեն ֆարսի է վերածվում, քանի որ ցանկացած գաղափար, որը հավակնում է անաչառ ու մասնագիտական լինել, բայց իրականում ինքնասպասարկման համար է արվում, դատապարտված է մնալ լոկ գավառային միջոցառման շրջանակներում։ Եվ թատրոնի միջազգային օրն անցկացրած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը հենց այդպիսի գավառական միջոցառումների շարքից է։ Մեր թատրոնն ու թատրոնի միջավայրը այնքան վաղուց նոր աղբյուրներից սնունդ չեն ստացել, որ կանգ են առել զարգացման մեջ։ Եվ այն լճացման փուլը, որի մեջ հայտնվել ենք, կարող է արժեւորել միայն այն գործերն ու անձանց, որոնք լավագույնս սատարում են լճացման պրոցեսի խորացմանը։ Նման կոմունիստական լեքսիկոնը իզուր չէ, քանի որ «Արտավազդը» հիշեցնում էր բրեժնեւյան տարիների լավագույն լճացման ավանդույթները, որոնք, չգիտես ինչո՞ւ, որոշվել էր այսօր վերակենդանացնել փոքր արվարձանային հարթակի վրա։ Բեմի վրա շղարշե վարագույրներ էին սասանվում (ձեւավորման այդ էսթետիկան այնքան հին է, որ դրանից ոչ թե նավթալինի, այլ արդեն դամբարանի հոտ է գալիս), իսկ վարողների այն կատակները, թե ինչի՞ց է սկսվում թատրոնը (դե պարզ չէ՞, որ պիտի ասեին՝ կախիչից), ուղղակի զավեշտալի էին։ Դրան գումարվում էին նաեւ քաղաքական շեշտադրումները (ամեն երկրորդ ելույթ ունեցողը շնորհակալություն էր հայտնում դահլիճում նստած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին)։
Ավելի հին ու պիտանելիության ժամկետն անցած էսթետիկական եւ կազմակերպչական մոդել մոգոնելն ուղղալի անհնարին էր։ Եթե, օրինակ, «Արտավազդի» կազմակերպիչները հատուկ մրցանակ են հանձնում ներկայացման լավագույն ձեւավորման համար, սակայն իրենց տոնական բեմի տարածքը չեն կարողանում պատշաճ կերպով կառուցել, ապա դա առնվազն թատրոնի մասնագետների հանդեպ ունեցած անհարգալից վերաբերմունքի նշան է։ Չէ՞ որ «Արտավազդի» հեղինակները գիտեին, որ բեմի վրա պիտի էկրան գործածվի (էկրանին ցուցադրվում էին ոչ միայն նոմինանտները, այլեւ հայ բեմի մեծ վարպետ Խորեն Աբրահամյանին նիրված ֆիլմը), եւ ուրեմն այդ էկրանը իրավունք չուներ հեռուստացույցի էկրանի չափ լինել, քանի որ, եթե բան ես ցուցադրում, բարի եղիր այնպես անել, որ հանդիսատեսը դա տեսնել կարողանա։
Խորեն Աբրահամյանի կերպարը շատ սիմվոլիկ դեր կատարեց «Արտավազդ-2011»-ում։ Բեմի արքան, ում 80-ամյա հոբելյանն ենք տոնում, դարձավ թատերական մրցանակաբաշխության հերոսը։ Նրա գեղեցիկ ու առնական դիմանկարը հայտնվել էր միջոցառման ձեւավորման մեջ` որպես պարծանք։ Եվ միաժամանակ` որպես ահազանգ։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ որպես մեր արդի թատրոնի ինքնազգացողությունը (հենց հիգիենան) ստուգող «լակմուսի թուղթ»։ Խոսքը գեղարվեստական արժեքների մասին է, որոնք վերջին տարիների ընթացքում գրեթե անհետացել են մեր թատրոնի բեմերից՝ թողնելով միայն թատրոնի կոսմետիկ վերանորոգված ֆասադը, որի ետեւում դատարկություն է եւ այդ դատարկությունը թաքցնելու պատրաստակամություն։
«Արտավազդի» հիմնադիր, Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն իր ելույթում նշեց, որ ժամանակին անհասկանալի պատճառներով չնշվեց Խ. Աբրահամյանի 70-ամյակը, եւ հիմա այդ բացը լրացնելու ժամանակն է եկել։ Եվ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է նա փորձում դա անել։ Նա բեմ է հրավիրում ՀԹԳ միության աշխատակից, խորհրդային տարիներից ծանոթ, արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովային, ով երկար ու ձիգ (իրականում` ոչինչ չասող) ճառ է ձոնում Խ. Աբրահամյանին։ Եվ կես ժամ շարունակ չի ուզում բեմից հեռանալ, նույնիսկ այն դեպքում, երբ նրան թեւանցուկ փորձում են տանել բեմից։ Ընդհանրապես արժանավայել հեռանալ կարողանալը (եւ բեմից, եւ ասպարեզից) մարդկային շատ թանկ հատկություն է։ Խ. Աբրահամյանը դա կարողացավ (եւ երբ աշխատելու գնաց Լենինականի թատրոն, եւ երբ նրան ստիպեցին հեռանալ Սունդուկյանի թատրոնից)։ Թատրոնի արժեքներն այնքան են խեղաթյուրվել, որ հիմա արդեն հնարավոր չէ ապացուցել երիտասարդներին, որ Խորեն Աբրահամյանն իրականում ոչ թե մտերմիկ ընկեր է եղել բոլոր բեմ բարձրացողների համար (կամ էլ դատարկ խոսքերով փառաբանվող կուռք), այլ՝ ստեղծագործական ու մարդկային շփման դիստանցիան միշտ զատել կարողացող մի հսկա։ Նա բեմի արքա էր, որին իր գահից տապալեցին փոքրոգի, բայց գործունյա միջակությունները։ Եվ եթե, ըստ Հ. Ղազանչյանի՝ հիմա եկել է հենց այդ հսկային մեծարելու ժամանակը, ապա դա պիտի անեն առնվազն Խ. Աբրահամյանին համարժեք անհատներն ու ստեղծագործությունները։ Իսկ ովքե՞ր են դրանք։ Դա հաստատ «Գոյա» ներկայացումը չէ, որին Խ. Աբրահամյանի անվան հատուկ մրցանակ են շնորհում (այդ փաստով «Արտավազդը» մեծ դերասանին դարձնում է ֆարսի մասնակից)։ Միանշանակ է նաեւ, որ
Խ. Աբրահամյանին մեծարելու գործը չպիտի հանձնվի այն անձին, որը նրա կործանման պատճառ դարձավ, իսկ հիմա անհասկանալի հպարտ կեցվածքով «տարվա լավագույն ռեժիսոր» է հռչակվում ու բեմից խոսում է Խորենի տաղանդի ու վաստակի մասին։ Դժվար է պատկերացնել, որ մարդկային հիշողությունից այդքան արագ են ջնջվում պատմության դրվագները։ Եվ եթե իրոք ԹԳՄ-ն եւ ՀՀ Մշակույթի նախարարությունը համարում են, որ լավագույն ռեժիսորական աշխատանքը ստեղծել է Վահե Շահվերդյանը, ապա մենք իրոք արժանի ենք այն հակահիգիենիկ իրավիճակին, որը տիրում է մեր թատրոնում։ Մի մոռացեք, որ իջեցնելով գնահատողի ներքին արժեքային ցենզը, մենք նաեւ հենց գնահատվողին ենք նսեմացնում։ Եթե
Վ. Շահվերդյանի Վանաձորում արված «Լիր արքան» արժանի է լավագույնի տիտղոսին, ապա հենց ռեժիսորն ինքը պիտի ընդունի, որ կեղծ գործերով եւ մրցանակներով պատմության մեջ չես մտնի։ Լիր արքան, օրինակ, ամեն ինչի համար հատուցեց…
Խոսելով Խ. Աբրահամյանի մասին, դերասան եւ ռեժիսոր Արմեն Էլբակյանը շատ դիպուկ ձեւակերպում արեց։ «Խորիկը կռիվ ուներ աշխարհի հետ»,- ասաց նա։ Եվ դա իրականում շատ լավ բնութագրում է թատրոնին ծառայող մարդկանց։ Պարզապես պետք է հասկանալ, որ կռիվը ոչ թե կողքիններիդ շնորհքի դեմ է, այլ՝ հենց քեզ հետ։ Դա կռիվ է հանդիսատեսից յուրաքանչյուրի հետ անհատական դիալոգի իրավունք վաստակելու համար։ Եթե անդրադառնանք «Արտավազդի» այլ մրցանակներին, ապա ավելի շատ հարցեր կծագեն։ Եվ լավագույն դերասան(ուհի)ների, եւ ներկայացումների ընտրությունը վիճելի է։
Տարվա ամենալավ աշխատանքները թատրոնում արել են ռեժիսորներ Նարինե Մալյանը, Վահան Բադալյանը, Սերժ Մելիք-Հովսեփյանը, նաեւ՝ Արմեն Մազմանյանը, սակայն նրանք նոմինանտների շարքում չկան, փոխարենը` լավագույն ներկայացման հեղինակներ են դառնում միանգամից կռահելի ու վերջիվերջո՝ նոր դիալոգ ստեղծելու նպատակ չունեցողները։
Եվ տպավորություն է ստեղծվում, որ մրցանակաբաշխություններն էլ հենց նրա համար են արվում, որ հերթական անգամ ոմանց (շատ նեղ շրջանակի) հաճելի լինի։ Հաջորդ տարի էլ նույնը կլինի։ Եթե ոչ` ավելի վատ։