«Հանրային հեռուստաընկերությունը» հոկտեմբերի 23-ին հեռարձակել է ընդհանուր 128 րոպե, այսինքն` 2 ժամ 15 րոպե տեւողությամբ գովազդային հոլովակներ: Նույն օրը «Հ2» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների հեռարձակած գովազդային հոլովակների ընդհանուր տեւողությունը եղել է համապատասխանաբար՝ 3 եւ 2,5 ժամ: Գրեթե նույն պատկերն է նաեւ մյուս օրերին: Գովազդի մասին ՀՀ օրենքը հեռուստաընկերություններին (ՀԸ) թույլատրում է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ տեղադրել մինչեւ 10 րոպե տեւողությամբ գովազդային հոլովակների բլոկներ, այսինքն՝ յուրաքանչյուր 1 ժամից` 20 րոպեն: Այս երեք հեռուստաընկերությունների եթերային ժամը սկսվում է առավոտյան 8.00-ին եւ ավարտվում գիշերը ժամը 3-ին՝ մոտ 17 ժամ: Պատկերացնո՞ւմ եք, այս հեռուստաընկերություններից յուրաքանչյուրն իրավունք ունի օրական հեռարձակել մոտ 5,5 ժամ ընդհանուր տեւողությամբ գովազդային հոլովակներ: Բարեբախտաբար, այս երեքն էլ գովազդին հատկացվելիք իրենց ժամերն ամբողջությամբ չեն օգտագործում:
«Հեռուստադիտողի համար ի՞նչ վատ է, որ քիչ գովազդներ ենք տեղադրում»,- այսպես պատասխանեց մեզ «Հ1»-ի գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը:
Բայց չէ՞ որ որքան շատ գովազդ, այնքան շատ փող, չէ՞որ «հեռուստատեսային փողի» մի ստվար մասն էլ այս գովազդներն են ապահովում: «Մենք նախընտրում ենք «քիչ, բայց լավ գովազդ՝ շատ փող» տարբերակը»,- ասաց Ա. Արզումանյանը:
«Գովազդ պիտի լինի, որ տեղադրեն»,- ասաց «Պարադիզ» ընկերության գովազդային բաժնի պետ Ժորա Լազյանը:
Գովազդատուներից ոմանք ասում են, որ իրենց որքան անհրաժեշտ է, այդքան էլ պատվիրում են, իսկ շատերն էլ ուզում են ավելի շատ գովազդ պատվիրել, բայց բարձր գների պատճառով չեն կարողանում: Այսօր Հայաստանում գովազդային հոլովակի 1 րոպեի գինը տատանվում է 25-180 դոլարի սահմաններում: Ի տարբերություն գովազդատուների, գովազդ պատրաստող եւ հեռարձակող ընկերությունները գտնում են, որ 180 դոլարը 1 րոպեի համար նույնիսկ շատ էժան է:
«Հարեւան Վրաստանում 1 րոպեի միջին արժեքը 500 դոլար է,- ասում է «Շարմ» հոլդինգի փոխտնօրեն Կարեն Ղազարյանը: -Ռուսաստանում հասնում է մինչեւ 50-60 հազար դոլարի: Մեզ մոտ չկան հեռուստաընկերությունները ռեյտինգավորող ընկերություններ, ամեն ինչ արվում է աչքաչափով ու անկանոն: Մեզ մոտ այս ամենը միաձուլված է. պատրաստողը եւ՛ տեղադրող է, եւ՛ ռեյտինգավորող, եւ՛ հեռուստաընկերության գովազդաժամերի գնորդ։ Դրա համար էլ այդ ոլորտը զարգացած չէ»:
Մասնագետները գտնում են, որ մեր գովազդային ոլորտի թույլ լինելը պայմանավորված է հիմնականում մեր թույլ տնտեսությամբ ու կենսամակարդակով, մեր մենթալիտետով ու թույլ վերահսկողությամբ:
«Հայաստանում գովազդների 70 տոկոսն անորակ է եւ նպատակին չի ծառայում»,- ասում է Կ. Ղազարյանը:
Օրինակ, դժվար է ասել «Giani» ոսկու սրահն իր զարդե՞րն է գովազդում, թե՞ ամուսնական մի զույգի արտամուսնական կապը: Հյուրանոցային համալիրը գովազդող տիկինը հեռախոսով ամուսնուն ասում է, թե «մամայենց յանն է», բայց շոգեբաղնիքում շոյում է այլ տղամարդու մերկ մեջքը: Նա համոզված է, որ իր «ֆունդիկը կամանդիրովկայում է», այնինչ «ֆունդիկն» էլ հյուրանոցի այլ սենյակում է իր ընկերուհիների հետ զվարճանում:
«Դա ընդամենը գովազդ է»,- ասում է ոսկու սրահի տնօրեն Մարինե Մարկոսյանը:
Իսկ գովազդները նայում են նաեւ երեխաները:
«Գովազդատուները չգիտեն եւ չեն էլ ուզում իմանալ, թե որ ծրագրում է ավելի հարմար ներկայացնել իրենց ապրանքը կամ ծառայությունը,- ասում է Կ. Ղազարյանը: -Հեռուստաընկերությունն էլ հոլովակը տեղադրում է այնտեղ, որտեղ որ գովազդատուն ուզում է»:
«Արդյունքում` լրատվական ծրագրից անմիջապես առաջ գնում է մանկական զվարճանքի կենտրոնի գովազդը, իսկ մանկական հաղորդումն ընդմիջվում է կանացի հիգիենիկ պարագաների գովազդով»,- ասում է «Մեդիագրուպի» տնօրեն Կարեն Համբարձումյանը:
Հայաստանում այս ոլորտը չի զարգանում նաեւ այն պատճառով, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ունի գովազդ պատրաստող իր սեփական ընկերությունը, ու իր «լավ» ժամերը հիմնականում նրան է վաճառում: Այսինքն, գովազդից եկած գումարները շրջանառվում են նույն հեռուստաընկերության շրջանակներում: Օրինակ, «Հ1»-«Կայմ», «Արմենիա»-«Մեդիա TV», «Հ2»-«Պարադիզ» եւ այլն: Հեռուստաընկերությունները կարող են չհամաձայնել մեզ հետ, թե կապ ունեն պատրաստող ընկերությունների հետ, բայց բոլորն էլ՝ գովազդատուն, պատրաստողն ու հեռարձակողը համաձայն են, որ մատուցվում է ցածրորակ ծառայություն:
«Այրեքսը» մտադրություն ունի Հայաստան ռեյտինգավորող կազմակերպություն բերել, ասում է «Մեդիագրուպ» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը: -Բայց ես չեմ հավատում, թե նրանք ճիշտ ռեյտինգ կանեն: Որ հեռուստաընկերությունը որ շատ փող տվեց, նրան էլ ամենաբարձր ռեյտինգը կտան, եւ արդյունքում, այդ հեռուստաընկերության գովազդային գները կբարձրանան: Եվ հետո, այդ ծառայության գինն էլ շատ բարձր է, կարծեմ՝ ամիսը 1800 դոլար: Այդ ո՞ր հեռուստաընկերությունը դրա համար տարեկան մոտ 20.000 դոլար կտա: Ես չեմ հավատում նաեւ, թե Հայաստան բերվող տեխնոլոգիաները հնարավորություն ունեն ճիշտ ռեյտինգավորում կատարել»:
Իսկ մինչ այդ հայ գովազդատուն, հեռուստադիտողն ու սպառողը ստիպված կլինեն նյարդայնանալ անորակ գովազդներից: Եվ մեր գովազդատուն ու հեռարձակողը, պատահաբար թե գիտակցաբար, դեռ երկար մեզ կմոլորեցնեն իրենց «աննախադեպ», «կրքոտ» ու «բացառիկ» ծառայություններով: