Նոր փոփոխություններ

26/03/2011

Մեր տեղեկություններով` առաջիկայում լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում Հանրային ռադիոյի լրատվական ծառայության խմբագրությունում: Մասնավորապես` Կարեն Բեքարյանի փոխարեն` «Ռադիոլուրի» գլխավոր խմբագիր է նշանակվելու Հռիփսիմե Առաքելյանը, ով նախկինում «Հայ TV» հեռուստաընկերության լրատվական խմբագրության ղեկավարն էր: Վերջինիս համար հովանավորել է «Հ1»-ի գլխավոր պրոդյուսեր Գագիկ Բունիաթյանը: Նախագահականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Կ.Բեքարյանը տեղափոխվելու է նախագահի աշխատակազմ, որտեղ ղեկավարելու է արտաքին քաղաքական վերլուծություններով զբաղվող ինչ-որ կառույց: Հիշեցնենք, որ Բեքարյանը «Ռադիոլուրի» գլխավոր խմբագիր էր նշանակվել ընդամենը մի քանի ամիս առաջ: Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար Գայանե Գասպարյանը նշանակվելու է Ազգային ռադիոյում արտասահմանցիների համար պատրաստվող հաղորդումների խմբագրության ղեկավար: Նշենք, որ մոտ 1 ամիս առաջ այս խմբագրության ղեկավար է նշանակվել նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի նախկին օգնական Աստղիկ Ավետիսյանը: Մեր տեղեկություններով` այս փոփոխությունների հեղինակը Ս.Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն է, ով լրատվական խմբագրությունները նախապատրաստում է 2012 եւ 2013թ. խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Ի դեպ, այս փոփոխությունների արդյունքում Ազգային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի ազդեցությունը լրատվական ծրագրերի վրա հասցվել է զրոյի: