Աստված հեռու պահի

26/03/2011

Երեկ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հաստատել է լուրը, որ նախօրեին իրեն հրավիրել են ՀՔԾ հարցաքննության: Նա հերքել է լուրերը, թե ինքն առնչություն ունի այն գործի հետ, ինչի պատճառով ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը կալանավորվել է: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` նա հերքել է այն լուրերը, թե Ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ Վարազդատ Ադամյանը իր ցուցմունքներում, բացի Հ. Թամամյանից, նաեւ իր անունն է տվել: «Աստված հեռու պահի նման բաներից: Երեւան քաղաքի ոստիկանության ձեր պետը նման դեպքերի հետ ոչ մի առնչություն չունի, եւ, փառք Աստծո, յոթ տարի իրար հետ աշխատում էինք, դուք չեք լսել, որ մասնակիցը լինեմ նման որեւէ հնչեղություն ունեցող քրեական գործերի կամ ինչ-որ օրինազանցությունների»,- ասել է

Ն. Նազարյանը: Խոսելով մարտի 3-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, Ն. Նազարյանն ասել է. «Եթե մարդը պատգամավոր է, դա դեռ չի նշանակում, որ կարող է վիրավորել ոստիկաններին»: Ըստ նրա` «Ժառանգության» պատգամավորները ոչ միայն չեն փորձել դադարեցնել ցուցարարների արտահայտությունները կառավարության անդամների նկատմամբ, այլեւ իրենց «լկտի են պահել»: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա Ն. Նազարյանն ասել է. «Եթե հիմա նրանք իրենց լավ են պահում, դա չի կարելի չնկատել»: