Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոալիցիոն խմբակցությունների մի քանի պատգամավորների ուղեկցությամբ այցելել է Ազատության հրապարակում արդեն 12 օր հացադուլ հայտարարած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին: Այցելել են ու հորդորել` դադարեցնել հացադուլը եւ վերադառնալ խորհրդարան: Զուտ մարդկային առումով շատ հուզիչ տեսարան էր: Հատկապես, երբ հացադուլավորին են այցելում այն իշխանության ներկայացուցիչները, ում ծառայող Ոստիկանությունը մեկ շաբաթից ավելի` արգելում է հացադուլավորին վրան տեղադրել Ազատության հրապարակում: Սակայն, քաղաքական առումով, Հ. Աբրահամյանի եւ իշխանական պատգամավորների այցն անհասկանալի էր գրեթե այնքան, որքան Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պահանջները: Րաֆֆի Հովհաննիսյանն «ընդհանուր առմամբ» պահանջում է իշխանափոխություն, իշխանություններն էլ «ընդհանուր առմամբ» նրան հորդորում են դադարեցնել հացադուլը: Մյուս կողմից` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը որպես PR որակող նույն իշխանություններն այն օգտագործեցին սեփական PR-ի համար` հասարակությանը ցույց տալով ոչ միայն իրենց «մարդասիրությունը», այլ նաեւ այն, որ այդպիսին չէ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ոչ միայն հացադուլը դադարեցնելու կոչ չարեց, այլ նույնիսկ չբարեւեց «Ժառանգության» առաջնորդին: