Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով` այսօր հասարակության կողմից որպես ազդեցիկ առաջնորդներ` ընկալվում են եւ՛ Սերժ Սարգսյանը, եւ՛ Ռոբերտ Քոչարյանը, եւ՛ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նրանցից յուրաքանչյուրին պետք է դիտարկել որպես առանձին սեգմենտների առաջնորդներ: «Իսկ ընդհանրապես, մենք` հայերս, եկել-հասել ենք մի հանգրվանի, երբ քաղաքական առաջնորդ կոչվածին չենք առասպելականացնում, նրան ավելի պրագմատիկ ենք վերաբերվում»,- ասել է նա: Իսկ հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ` այսօր Հայաստանում ակնհայտ փայլուն խարիզմայով գործիչներ այլեւս չկան. «Եթե առաջ խոսում էինք Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի մասին, ապա դեռ 2008-ին նրա խարիզման ավելի ազդեցիկ էր գործում, սակայն ներկայումս միայն խարիզմայով մարդկանց չես կարող հետեւիցդ տանել»,- ասել է նա` միաժամանակ չբացառելով, որ նոր գործընթացների արդյունքում մոտ ժամանակներս կարող են ի հայտ գալ նոր, ազդեցիկ առաջնորդներ: