«Ներում չի լինելու»

26/03/2011

Երեւանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ներսես Նազարյանը երեկվա ասուլիսում հաստատել է, որ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում հունվարի 10-ին հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւ նրա նկատմամբ նախօրեին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորում: «Այդ չարաբաստիկ քրգործի շրջանակներում ես հրավիրվել եմ Հատուկ քննչական ծառայություն` վկայի կարգավիճակով, եւ բացատրություն եմ տվել: Իսկ ինչո՞ւ պետք է չտամ բացատրություն: Բոլորին էլ պետք է լսել, որպեսզի քրեական գործի շրջանակներում կարողանան լիարժեք քննություն վարել»,- ասել է Ն. Նազարյանը` հավելելով, թե նախաքննության պատճառով չի կարող այլ պարզաբանումներ տալ: Միաժամանակ նա հայտարարել է, որ ինքը նման դեպքերի հետ առնչություն չունի, եւ իր դեմ նման մեղադրանքներ չեն կարող ներկայացվել։ «Աստված հեռու տանի»,- ասել է Ն. Նազարյանը: Նրա խոսքով` Թամամյանի գործընկերները պետք է բացատրություն տան, իսկ մեղավորները պետք է պատժվեն եւ պատժվում են։ «Մեղավորները պատժվում են եւ էլի պատժվելու են, ինչի մասին հանրությունը կտեղեկացվի: Մեղավորների նկատմամբ ներողամտություն լինել չի կարող: Ներում չի լինելու ոչ մեկին: Այդ թվում` ես էլ եմ հասկացել, որ նման դեպքերը երբեք ղեկավարության կողմից չեն ներվելու եւ չեն անտեսվելու»,- հավելել է Ն. Նազարյանը: Հարցին էլ, թե ինչո՞ւ տեղյակ չի եղել Հովհաննես Թամամյանի արարքից, Ներսես Նազարյանը պատասխանել է, թե տվյալ գործն իր վարույթում չի եղել: «Ինձ համար հաճելի չէ, ամեն դեպքում իմ գործընկերն է եղել նա, եւ ի պաշտոնե գեղեցիկ չէ խոսել այդ մասին»,- հավելել է Ն. Նազարյանը:

Անդրադառնալով Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին վրան տրամադրելու վերաբերյալ հարցին, Ն. Նազարյանն ասել է, թե վրանը ոչ թե օրենքով, այլ իր հրամանով է արգելվել տեղադրել Ազատության հրապարակում: Հիշեցնենք, որ նախօրեին Ազատության հրապարակում Ր. Հովհաննիսյանի համար վրան է տեղադրվել, ինչը, սակայն, ըստ Ն. Նազարյանի` պետք է հեռացնել: Նա հայտարարել է, թե ինքն անձամբ է խոսելու Ր. Հովհաննիսյանի հետ, որպեսզի այնտեղից վրանը հանվի. «Այս անգամ ուժ չենք ուզում կիրառել, ինքը շատ բարեկիրթ մարդ է»: Նա չի մեկնաբանել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե` «այդ վրանների ներսում ինչեր ասես կարող են կատարվել», միաժամանակ ընդգծել է, թե 2008թ. մարտի 1-ին «վրանների մեջ եւ զենք է եղել, եւ զինամթերք»: Հարցին, թե` արդյո՞ք այդ գործողություններով Ոստիկանությունը փորձում է կանխել հերթական Մարտի 1-ը, Ն. Նազարյանը պատասխանել է. «Մարտի 1-ը մոռացեք, նման բան չի լինելու»: Անդրադառնալով Ոստիկանության համակարգում նկատվող կադրային տեղափոխություններին, Ներսես Նազարյանը նշել է, թե կադրերի տեղաշարժը ապահովում է աշխատանքի արդյունավետությունը. «Նույն տեղում երկար աշխատելը շատ դժվար է: Երկար ժամանակ նույն բաժինը ղեկավարելը նպատակահարմար չէ: Հաճախ են լինում նման բաներ, որ տեղաշարժը արդյունավետ է լինում աշխատանքի համար: Նոր ղեկավարի կողմից նոր պահանջներ են դրվում, նոր պետի գալով` մարդիկ ավելի շատ են ձգվում: Նմանատիպ բաներ նախորդ տարիներին էլ են եղել, եւ արդյունավետությունը շատ է»: