«Մեկ հետաքրքիր փաստ` խոսվեց մեծամասնական-համամասնական ընտրակարգերի մասին, եւ մեր հարգարժան ընդդիմախոսներից ասում էին, թե մեծամասնականը Հայաստանի համար շատ կարեւոր է: Բա մեր խեղճ ժողովուրդն ո՞ւմ զանգի, եթե խնդիր ունենա»,- երեկ հայտարարեց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն` անդրադառնալով Ազգային ժողովում ընտրական երկու օրինագծերի քննարկմանը: «Հիմա մի փոքր ստատիստիկա` մենք ունենք 41 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր: Սրանցից 29-ը ծպտուն չեն հանել ընտրվելու պահից: Իսկ նրանք մի քանի խորհրդարան ընտրված են: Ոչ հարց են տվել, ոչ հայտարարություն են արել, ոչ գրավոր հարցումով են դիմել, ոչ էլ ելույթ են ունեցել որեւէ հարցի վերաբերյալ, որն անմիջականորեն վերաբերել է իրենց իբր թե ընտրողներին: 7-ը համեմատաբար ակտիվ են, անունները հավանաբար ձեզ հայտնի են: 5-ը հանել են 1-2 ծպտուն: Օրինակ, հարց են տվել, թե այսինչ գյուղում ջրատարը կամ դպրոցի տանիքը…, եւ այլն: Հիմա տեսնենք, թե այս 41-ի էֆեկտիվությունը որն է: Ժողովրդի հավատն այս մարդկանց նկատմամբ ինչո՞վ պիտի պայմանավորված լինի, նրանց ծպտունների քանակո՞վ: Եթե այդպես է, ապա նրանք ընդհանրապես պառլամենտական կյանքում չկան»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
Ընտրական օրենսգրքի ու ընտրությունների թեմայի շրջանակներում էլ Վ.Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ մեռյալ թոշակառուներին: Նրա կարծիքով` այդ տասնյակ-հազարավոր մահացած մարդիկ, ովքեր թոշակ են ստացել, նաեւ ընտրությունների են մասնակցել: «Հարգարժան վարչապետն արդարացի զայրույթով խոսում էր կեղծ թոշակառուների հետ կապված փաստաթղթերը Դատախազություն ուղարկելու մասին: Նաեւ խոսեց այդ կեղծիքներով զբաղվող խմբի մասին` ում ձեռքում են այդ կեղծ թոշակառուների ցուցակները: Եվ սրանց գործերն իսկապես պետք է ուղարկել Դատախազություն: Բայց հասկանալի է, չէ՞, որ այդ ցուցակները օպերաբիլ են եղել նաեւ ուրիշ հարցերում: Հիշո՞ւմ եք, երբ սոցապ համակարգից հեռացվածները ցույց էին անում կառավարության շենքի առաջ, դժգոհությամբ ասում էին, թե` էս ինչ է կատարվում, մեզ գործից հանում են, բայց չէ՞ որ մենք ՀՀԿ-ին այդքան ձեներ էինք բերել: Ի՞նչ ձեներ էին բերել նրանք ՀՀԿ-ին: Այդ մեռած թոշակառուների ձայներն էին դրանք: Այդ ձեւով էին նվաճվում մեծամասնությունները Հայաստանում, սա է, որ ընդունելի չէ: Եվ ես կարծում եմ, որ եթե վարչապետն իսկապես Դատախազություն ուղարկի այդ գործը, հետաքրքիր է, Դատախազությունը կունենա՞ այս գործը մինչեւ վերջ քննելու խիզախություն: Ոչ միայն, թե ինչպես են մեռյալ հոգիները թոշակ ստացել, բայց նաեւ` ինչպես են նրանք քվեարկել: Եվ ես կարծում եմ, որ դժվար չի լինի սա, որովհետեւ մարդիկ գրեթե պատրաստ են այդ ցուցմունքը տալու»,- ավելացրեց նա:
Վ.Հովհաննիսյանը նաեւ պատասխանեց մեր մի քանի հարցերին:
– Նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումները տարբեր պաշտոնյաների հետ, հանձնարարությունները, խոստումները, այցելությունները գյուղական շրջաններ դեռ տնտեսական ու սոցիալական առումով դրական արդյունք չեն տալիս: Անցած տարեվերջին էլ նախագահը բազմաթիվ նման հայտարարություններ, նույնիսկ փոփոխություններ կատարեց, բայց դրանց ազդեցությունը դեռ չի զգացվում: Որեւէ ոլորտում ծանր վիճակը չի թեթեւանում:
– Չի թեթեւանում, դրա համար էլ մենք համարում ենք, որ այնուամենայնիվ իշխանափոխությունն անհրաժեշտություն է: Եթե փոխվեր` մեր դիրքորոշումն էլ կփոխվեր, բայց ես համաձայն եմ, այո, չի թեթեւանում, չի փոխվում, որովհետեւ կառավարությունը չի փոխում իր կուրսը:
– Բայց գլոբալ փոփոխությունների պատասխանատուն կառավարությո՞ւնն է, թե՞ նախագահը: Չէ՞ որ կառավարությունն իրականացնում է նախագահի ծրագիրը, եւ կառավարության ոչ մի անդամ առիթը բաց չի թողնում եւ անընդհատ կրկնում է, թե սա արվում է նախագահի հանձնարարականով:
– Իշխանությունը Հայաստանում մի ընդհանուր համակարգ է: Ովքեր Ազգային ժողովում հլու- հնազանդ կերպով կոճակ են սեղմում` այդ կուրսը հաստատող օրենքներն ընդունելով, դրանք էլ նույն չափով մեղավոր են: Հիմա չառանձնացնենք: Մի դեպքում` մի նախարար ավելի մեղավոր է, մի դեպքում` ավելի մեղավոր է նախագահը, բայց մենք ինչո՞ւ ենք սա առանձնացնում: Առանձնացնելու պարագաներ եղել են: Օրինակ, երբ խոսքը գնում էր հայ-թուրքական արձանագրությունների մասին, մեզ շատ հստակ էր, որ, ասենք, գյուղատնտեսության կամ սոցապ նախարարներին այս հարցում մեղադրելն իմաստ չունի: Այո, ամբողջ կառավարությունը պատասխանատու է, բայց առաջին հերթին` արտաքին գործերի նախարարը, որի զեկույցների հիման վրա ձեւավորվել է նախագահի քաղաքականությունը, որը սխալ քաղաքականություն է եղել: Բայց սա լոկալ դեպք է: Երբ հարցը վերաբերում է տնտեսական եւ սոցիալական խնդիրներին, այդպիսի պատասխանատուների թիվը կտրուկ աճում է:
– Ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ն իշխանություններին, արտահերթ ընտրությունների, իշխանափոխության եւ բազմաթիվ այլ պահանջներ է ներկայացնում: Նույնն անում է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` գնալով ծայրահեղ քայլի` Ազատության ծոմ պահելով: Նույնանուն խմբակցությունը բոյկոտեց ԱԺ նիստերը: ՀՅԴ-ն իրեն ընդդիմադիր համարելով` ինչո՞ւ է մեղմ դիրքորոշում որդեգրել: Նման խիստ պահանջներ չի ներկայացնում եւ իր պահանջները ներկայացնելու համար խոշոր ակցիաներ չի կազմակերպում:
– Դա մեղմ դիրք չէ, դա գործնական դիրք է: Մենք ռեալիստ ենք, մենք հասկանում ենք, որ կուսակցություններ, տարբեր քաղաքական անձինք, որոնք փոփոխություններն անպայման ուզում են տեսնել իրենց քաղաքական կարիերայի ընթացքում, դրանք կարող են նաեւ սխալվել: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այն փոփոխությունները, որոնք մենք ենք ուզում, կարող է պատահել, որ ես չհասցնեմ տեսնել, բայց պետք է այնպես անեմ, որ դրանք անխուսափելիորեն գան: Իսկ միտինգներով եւ տարբեր ցնցող գործողություններով ոչ մի երաշխիք չկա, որ դրան կհասնեն: Կարող են հասնել շատ ավելի վատ բանի` իշխանության կարող է այնպիսի մի ուժ գա, որ ափսոսանքով հիշենք այս օրերը: