Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կոալիցիայի եւ ՀՅԴ-ի կողմից ներկայացրած նախագծերին, ասել է. «Այս Ընտրական օրենսգիրքը, որը կոալիցիան հրապարակեց, որակում եմ` որպես քաղաքական աճպարարություն, քաղաքական աչքակապություն, իշխանագողության նախապատրաստում` հատկապես ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը նայելով: Դաշնակցական եղբայրների առաջարկած տարբերակը որակում եմ որպես ուտոպիզմ` ռուսական նարոդնիկական ոճի, այն էլ` քաղաքական իդիոտիզմի աստիճանի»: Մարքսիստի կարծիքով` ընտրական իրավունքի իրացման համար հարկավոր էր կատարել հետեւյալ փոփոխությունները. «Նախագահի թեկնածուն պետք է մեկ տարի առաջ լքի պետական մեքենան, ընտրական հանձնաժողովները պետք է ձեւավորվեն ոչ թե վերեւից, այլ ներքեւից, այսինքն` պետք է դրանցում ապահովվի գրանցված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությունը: Սա էլ երկրորդ ավազակությունն է»: Ըստ նրա` պետք է ԸՕ-ում այնպիսի փոփոխություն մտցնել, որով կարգելվի գործարարների մուտքը ԱԺ. «Պետք է ամեն ինչ անել, որ բիզնեսը չհայտնվի խորհրդարանում, ինչը սահմանում է Սահմանադրության 65-րդ հոդվածը: ԿԸՀ ամբողջ անձնակազմը գլխատվում, կախաղան է հանվում, եթե կոխկրտվում է 65-րդ հոդվածը»,- ընդգծել է մարքսիստ Հակոբյանը: Այնինչ առաջարկվող փոփոխությունները, ըստ նրա` կոսմետիկ էին, իմիտացիոն. «Բավական գումարներ խժռեցին այդ գործընթացում: Իշխանություններն իզուր են հույսեր փայփայում, թե կարողանալու են պահպանել ընտրական իրավունքը»: Դիտարկմանը, թե միջազգային կազմակերպությունները դրական եզրակացություն են տվել ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին կոալիցիայի ներկայացրած նախագծին, Դ. Հակոբյանը պատասխանել է, թե Եվրոպայում «իշխանագողություն» տեղի չի ունենում ընտրությունների ժամանակ: Նաեւ հայտարարել է, թե միջազգային փորձագետները շահագրգռված չեն Հայաստանում ժողովրդավարության հաստատմամբ. «Ծերակույտը գալիս, մեզ քարոզներ է կարդում: Գալիս, Ծաղկաձորում կաշառքները ստանում, գնում են»,- ասել է Դ. Հակոբյանը: