Հորդորել են դադարեցնել

26/03/2011

Երեկ ԱԺ կոալիցիոն խմբակցությունների որոշ պատգամավորներ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել են Ազատության հրապարակում արդեն 12 օր հացադուլ հայտարարած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին: Հ.Աբրահամյանի հետ Ր.Հովհաննիսյանին այցելել են ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանը, ՕԵԿ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարներ Հեղինե Բիշարյանն ու Գալուստ Սահակյանը, իսկ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց գործընկերոջն այցելել էին դրանից մի քանի ժամ առաջ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու փոխնախագահ Սամվել Բալասանյանը փորձում էին համոզել Ր. Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը, քանի որ դա վտանգավոր է առողջության համար, սակայն վերջինս հրաժարվել է` նշելով, թե երբեմն սկզբունքային որոշումներ են լինում, որոնցից չի կարելի հրաժարվել: Երեկ առավոտյան լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե հացադուլը կդադարեցնի երկու դեպքում. եթե Աստված իրեն ասի, որ բավ է, այսքանով պիտի բավարարվես, եւ երկրորդ, եթե ՀՀ նախագահը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա մոտենա իրեն եւ ներկայացնի արմատական լուծումներ, որոնք ներառում են նաեւ արտահերթ ընտրությունների անցկացումը: «Ամբողջ իշխանության նորովի, արտահերթ եւ օրինավոր ձեւավորում»,- ասել է նա` հավելելով, թե դա ոչ թե իր, այլ` ժողովրդի պահանջն է: «Սա ժողովրդի պահանջն է, եւ ես շատ փոքր եմ, որ պաստառ կպցնեմ եւ ասեմ, որ սա իմ պահանջն է: Որպեսզի իշխանությունը վերադարձվի ժողովրդին, անհրաժեշտ է գործող իշխանության գիտակցություն, ինչպես նաեւ` ժողովրդի ոգի եւ վճռականություն»,- նշել է Ր. Հովհաննիսյանը` եւս մեկ անգամ կրկնելով, որ ոչ մի պահանջ կամ դրա բավարարումը չի բերելու իր` հացադուլից դուրս գալու որոշմանը:

Ի դեպ, երեկ Ր. Հովհաննիսյանը հայտարարել է, թե նախօրեին, երեկոյան իրեն է մոտեցել մի երիտասարդ եւ, ներկայանալով որպես ՀՀ նախագահականի աշխատակից, ասել է, թե ՀՀ նախագահի ցուցումով իրեն ուզում է հանդիպել նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը եւ առանձնազրույց ունենալ: Ի պատասխան, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե պատրաստ է ցանկացած օր, ցանկացած ժամի ընդունել Յու. Վարդանյանին, բայց մեկ պայմանով, որ հանդիպումը լինելու է ոչ թե «փակ»` առանձնազրույցի ֆորմատով, այլ բաց` ի տես հանրության: «Ասացի, որ պատրաստ եմ ընդունել նրան հանրային իմ նստարանի վրա»,- ասել է նա` մատնանշելով այն նստարանը, որի վրա նստած էլ հացադուլ է անցկացնում: Սակայն երեկ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել է, թե ՀՀ նախագահը որեւէ մեկին չի հանձնարարել այցելել Ր. Հովհաննիսյանին: