Այսօր կայանալիք «Հայաստան-Ռուսաստան» ֆուտբոլային հանդիպմանը անհամբերությամբ են սպասում թե՛ ֆուտբոլասերները, թե՛ ֆուտբոլով առանձնապես չհետաքրքրվողները։ Երկարատեւ ընդմիջումից հետո մերոնք վերջապես սկսել են նորմալ ֆուտբոլ ցուցադրել եւ խաղադաշտ են դուրս գալիս ոչ թե խոշոր հաշվով չպարտվելու, այլ հաղթելու համար։
Իսկ խաղն իրոք կարեւոր է։ Հաղթելու դեպքում Հայաստանը Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու մեծ շանսեր կունենա։ Սակայն, անգամ հաղթանակ տանելու դեպքում ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինելու։ Խմբի առաջատար Ռուսաստանն ունի 9 միավոր, Հայաստանը, Սլովակիան եւ Իռլանդիան՝ 7-ական միավոր, Մակեդոնիան՝ 4, իսկ Անդորրան դեռ ոչ մի միավոր չունի։ Սլովակներն այսօր մրցելու են Անդորրայի հետ, եւ չնայած խաղը լինելու է Անդորրայում, սակայն ոչ ոք չի կասկածում, որ Սլովակիան այդ հանդիպումից հետո 3 միավոր կվաստակի։ Բուքմեյքերները սլովակների հաղթանակը գնահատում են 1.03 գործակցով, Անդորրայինը՝ 36։ Իռլանդացիները սեփական հարկի տակ ընդունելու են Մակեդոնիային։ Այս դեպքում մեզ ավելի ձեռնտու է մակեդոնացիների հաղթանակը, որպեսզի Իռլանդիան շատ առաջ չանցնի, սակայն իռլանդացիների հաղթանակն ավելի հավանական է, բուքմեյքերների կարծիքով՝ 1.43։
Փաստորեն, եթե, ֆուտբոլային լեզվով ասած, անակնկալներ չլինեն, ապա Սլովակիան եւ Իռլանդիան այսօրվա հանդիպումներից հետո կունենան 10-ական միավոր։
Ռուսաստանի հետ հաղթանակը մեզ պետք է՝ նրանցից ետ չմնալու համար. այդ դեպքում մենք եւս կունենանք 10 միավոր եւ կամրապնդենք Եվրո-2012-ի ուղեգիր նվաճելու հույսերը։ Հակառակ պարագայում՝ ոչ-ոքիի կամ պարտության դեպքում, կարող ենք հայտնվել նախավերջին հորիզոնականում, հնարավորությունները կնվազեն՝ հաշվի առնելով, որ մրցակցի հարկի տակ մենք դեռ պետք է խաղանք ռուսների եւ սլովակների հետ։ Եթե նախորդ տարվա սեպտեմբերի 7-ին Մակեդոնիայի հետ խաղում մեր թիմը վերջին րոպեին հաղթանակը ձեռքից բաց չթողներ, մեր շանսերն այսօր ավելի մեծ կլինեին։ Ամեն դեպքում եղածը եղած է, եւ մակեդոնացիներից 3 միավորը կարելի է խլել սեփական հարկի տակ։
Մի խոսքով, այսօրվա հանդիպումը բեկումնային է։ Հենց այդ կարեւորությունն էլ իր դերն ունեցավ, որ մամուլում հրապարակումներ եղան «խաղը ծախելու» վերաբերյալ։ Անկեղծ ասած, դա բացասական նստվածք թողեց, սակայն մյուս կողմից՝ այս ասեկոսեները կստիպեն մեր ֆուտբոլիստներին ավելի պատվախնդիր գործել, ապացուցելու համար, որ նման բան չկա։ Ի դեպ, այս խոսակցությունները նոր թափ առան երեկ, այն բանից հետո, երբ հայ եւ ռուս ֆուտբոլային երկրպագուները Երեւանում բարեկամության երթ կազմակերպեցին՝ «Կհաղթի համերաշխությունը» կարգախոսով։ «Խաղ ծախելու» կոպիտ որակավորմանը փոխարինեց «բարեկամական ոչ-ոքիի մասին պայմանավորվածության» մեղադրանքը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի երեկվա ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են՝ այդ ակցիան չի՞ նշանակում արդյոք, որ արձանագրվելու է ոչ-ոքի։ Մարզիչը պատասխանել է՝ «Տեսեք դրսում ինչ լավ եղանակ է, ինչո՞ւ եք փորձում փչացնել տրամադրությունը»։
Ի դեպ, տրամադրության մասին։ Խաղի շուրջ առկա մեծ հետաքրքրությունն ու «Հանրապետական» մարզադաշտի տեղերի սահմանափակ քանակն արդեն իսկ հասցրել են գցել շատերի տրամադրությունը։ 3000-7000 դրամ արժողությամբ բոլոր տոմսերը մի քանի օրում սպառվեցին, եւ ովքեր «ոտքերը կախ էին» գցել՝ մնացին առանց տոմսի։ Սպեկուլյացիաներից խուսափելու համար տոմսերը վաճառվում էին անձնագրով, յուրաքանչյուրին` 4 տոմսից ոչ ավելի։ Արդյունքում, տնտեսագիտորեն ասած, պահանջարկը մի քանի անգամ գերազանցել է առաջարկը եւ երեկվա դրությամբ` ֆուտբոլասերներ կային, ովքեր պատրաստ էին մինչեւ 40 հազար դրամ վճարել մեկ տոմսի համար։
Փչացել է նաեւ մի քանի ռուս երկրպագուների տրամադրությունը. նրանք, ամենայն հավանականությամբ, չեն կարող ներկա գտնվել հանդիպմանը, չնայած տոմս էին գնել եւ օդանավով ժամանել Հայաստան։ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մարտի 25-ին, ժամը 03:30-ին, ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան թիվ 191 չվերթի օդանավում խուլիգանություն է կատարվում: Ռուս ուղեւորները, որոնք, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլային ֆանատներ են, հայհոյել են միմյանց ու հարվածներ հասցրել։ Ոստիկանության ծառայողներն օդանավի վայրէջքից հետո, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ` 41-ամյա Անտոն Վ.-ին, 31-ամյա Բոգդան Ա.-ին, 31-ամյա Սերգեյ Ս.-ին, 29-ամյա Սերգեյ Պ.-ին, 36-ամյա Դմիտրի Կ.-ին եւ 31-ամյա Միխայիլ Գ.-ին: Հարուցվել է քրեական գործ։
Չնայած վերը նշված բարեկամության ակցիային` Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման ընթացքում Ոստիկանությունն աշխատելու է խստացված ռեժիմով։ Այս մասին երեկ ասել է Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը` նշելով, որ նման խստացված վերահսկողություն չի սահմանվել անգամ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ընթացքում։ Դա բավականին դժվար է լինելու, քանի որ ռուս ֆանատները վերջին շրջանում իրենց բավականին ագրեսիվ են պահում։ Իսկ երեկվա դրությամբ 1500 ռուս երկրպագու արդեն ժամանել էր Հայաստան։ «Մենք կանենք այնպես, որ մարդկանց չվիրավորենք, բայց անելու ենք այնպես, որ մարդիկ այդ տոնը չվերածեն անկարգությունների… Բոլորս էլ հասկանում ենք, որ նրանք երկրպագուներ են եւ աչքի են ընկնում։ Մենք Ռուսաստանի իրավապահների հետ համագործակցության եզրեր ենք փնտրել, իրենք մեզ զգուշացրել են իրենց ֆանատների կատարած հանցագործությունների տեսակների մասին»,- նշել է Ն.Նազարյանը` հավելելով, որ ռուս երկրպագուները խաղի ժամանակ նստելու են առանձին տրիբունաներում, որպեսզի հայ երկրպագուների հետ քիչ շփվեն։ Անվտանգության միջոցառումները շարունակվելու են նաեւ խաղից հետո։
Ինչեւէ, սրանք ֆուտբոլային կրքեր են, եւ չնայած հարուցած դժվարություններին՝ հաճելի է, որ կրքերն այդպես եռում են։
Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա մեր հավաքականի շանսերն իրոք բարձր են։ Թեպետ բուքմեյքերները մեր թիմի շանսերը գնահատում են ցածր՝ 7 գործակցով, մենք այս դեպքում հակված ենք բուքմեյքերներին չհավատալու։ Այն, որ բոլոր շանսերն ունենք խաղաքարտերն իրար խառնելու համար, խոստովանում են անգամ մեր մրցակիցները։ «Հայաստանի հավաքականը հրաշալի թիմ է, որը ցուցադրում է ժամանակակից, վառ ֆուտբոլ` հիմնված բարձր արագությունների եւ մեկ հպումով խաղի վրա»,- ասել է Սլովակիայի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսը։ Նա առանձնացրել է նաեւ մեր թիմի առաջատարներին. «Սլովակիայի հավաքականի հետ խաղում հրաշալի հանդես եկան Հայաստանի հավաքականի 2 ամենավառ ֆուտբոլիստները` ձմռանը Ռուսաստանի Պրեմիեր լիգա տեղափոխված Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարից» եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը: Վերջինս եվրոպական մակարդակի ֆուտբոլիստ է: Կան նաեւ հետաքրքիր կատարողներ միջին գծում: Նաեւ ես անպայման կնշեի թիմի դարպասապահ եւ ավագ Ռոման Բերեզովսկուն: Նույնիսկ 36 տարեկանում նա հրաշալի է հանդես գալիս եւ իրավամբ հանդիսանում է թիմի ոգին»։
Իսկ հայտնի ֆուտբոլային մասնագետ Եվգենի Լովչեւն ասել է. «Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո Հայաստանի հավաքականն ամենավառն է ետխորհրդային տարածքում։ Վարպետների ներկայիս կազմը թերեւս ամենաուժեղն է 1973 թվականից հետո»։
Անկախ մեր ֆուտբոլիստների մարզավիճակից, ռուսները նշում են, որ դժվար է լինելու թեկուզ այն պատճառով, որ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրները Ռուսաստանի հետ առանձնահատուկ եռանդով են խաղում։ Դա սկզբունքային հանդիպում են համարում եւ գործում են ուժերի բարձրագույն լարումով։
Ուշագրավ մի հանգամանք. եթե ՌԴ հավաքականի գործող ֆուտբոլիստները հարգանքով ու պատասխանատվությամբ են խոսում մեր թիմի մասին, ռուսական թիմի մի քանի ֆուտբոլիստներ արդեն հասցրել են որոշ անտակտ եւ մեծամիտ արտահայտություններ անել։ ԲԿՄԱ-ի նախկին պաշտպան Օլեգ Կորնաուխովն, օրինակ, ասել է. «Մեզ համար դեռ շուտ է հավասարվել Հայաստանի մակարդակի հավաքականի հետ։ Դեռ այդ աստիճանի չենք ընկել»։ Իսկ ՌԴ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Պանովն ասել է. «Անկեղծ ասած, կարծում եմ, մենք վախենալու ոչինչ չունենք, քանի որ մեր ֆուտբոլիստների մակարդակը շատ ավելի բարձր է։ Իհարկե, Իրանի կամ Հայաստանի պես հավաքականներին պարտվելն արդեն չափից դուրս շատ կլինի»։
Այնպես որ, այսօրվա հանդիպումը զուտ մարզական տեսակետից բացի՝ բարոյահոգեբանական առումով շատ կարեւոր է պոռոտախոսների բերանը փակելու համար։ Սա սպորտ է, եւ ռազմավարական գործընկերությունն ու դարավոր բարեկամությունը ոչինչ չեն նշանակում։ Այս դեպքում կարեւորը միայն եւ միայն հաղթանակն է։