Պարտադրում են այգին աղբանոցի վերածել

26/03/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

87-ամյա Արտաշ պապը ԽՍՀՄ վաստակավոր ինժեներ է: Նա 3 տարի է` դարձել է նաեւ «վաստակավոր» նամակագիր: Պապը, այգու դարպասի խճճված երկաթյա շղթայի հետ կռիվ տալով, ձեռնափայտին հենված՝ պետական մարմիններին ուղղված «բացառիկ» նամակագրության մասին էր պատմում: Նա անգամ հաշվարկել է, թե պետությունն ինչքան ծախս է արել` իր նամակներին պատասխանելով. «Ամեն նամակին ամրացնում եք 300 դրամի մարկա, ցրիչին աշխատավարձ եք տալիս, որ ժամերով նամակներիս պատասխանի, քսերոքս եք անում, թուղթ եք փչացնում, փոստ եք զբաղեցնում: Ոչ ոք Ձեզ չի պարտավորեցնում, նստեք եւ այդ բոլորը հաշվեք, թե քանի՞ դրամ եք քամուն տալիս: Իսկ ես դիմում գրելու վրա մեծ ծախսեր չեմ անում»,- ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված նամակում գրել է Արտաշ Մաթեւոսյանը: «Հարգելի՛ պարոն Թովմասյան, 3 անգամ ես Ձեզ դիմել էի, ինձ պատասխանում եք, որ իրավունք չունեք դատական գործերին խառնվել, բա Դուք ի՞նչ գործերի կարող եք խառնվել, չէ՞ որ Դուք նրանց վերադասն եք»,- ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված նամակում գրել է Ա. Մաթեւոսյանը: Այս տարիների ընթացքում պապը հաշվարկել է իր գրած նամակները՝ շուրջ 400 դիմում-նամակ, որոնց պատասխանների համար պետությունը «քամուն» է տվել մոտ 200.000 դրամ: Իսկ այդ նամակների բուն թեման մեկն է՝ պապի գնած այգին, որը դատարանի վճռմամբ համարել են պետությունից զավթած՝ տուգանելով 200.000 դրամ: Բանն այն է, որ այգին գտնվում է Կարմիր բլրի լանջին: Դեռեւս 1960-ական թթ. հենց այս տարածքում մարդիկ հողեր են գնել, այգիներ մշակել, ինչի համար խորհրդային իշխանությունը որեւէ արգելք չէր դրել: 2007թ. Արտաշ պապը 500 դոլարով այդ այգիներից մեկը գնել է՝ դառնալով վերոնշյալ տարածքի 28 այգետերերից մեկը: «Առաջ էս այգու տեղը աղբանոց էր: Էս այգու տերը էդ աղբանոցը վերացրել ա, այգի ա տնկել: Էս այգու ծառերը 50 տարվա ծառեր են: Երբ ես էս այգին առա, անմիջապես դիմեցի Երեւանի քաղաքապետարան: Էն ժամանակ քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր: Նրանք ինձ պատասխանեցին. քանի որ այգին գտնվում է Զանգու գետի մոտ, օրինականացնել չեն կարող, վտանգավոր տեղ է, բարձր լարման հոսանք է անցնում»,- այգու տնակում պատմում էր 2-րդ կարգի հաշմանդամ պապը, ով 2007թ. մինչ օրս տարվա մեծ մասն անցկացնում է այգում: 87-ամյա ծերունին Ե. Զախարյանի պատասխանից հետո դիմել է Շենգավիթի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: Այստեղից իրեն պատասխանել են, որ հողը կօրինականացնեն միայն Կառավարության որոշմամբ: «Միառժամանակ անց դիմեցի Բեգլարյանին: Նա գրեց, որ հողը կօրինականացնեն միայն աճուրդով՝ հետեւեք մամուլին, աճուրդի օրը կգաք, կօրինականացնենք: Դրանից հետո քաղաքապետարանի մի խումբ աշխատողներ եկան, նայեցին, հարցուփորձ արեցին, թե` էս բույնն ով է սարքել, էս տունն ով է սարքել: Ես էլ ցույց տվեցի թուղթը, որ առել եմ: Գրեցին-մրեցին, հետո տվին Դատախազություն, որտեղից էլ ինձ հարցրեցին, թե` եթե օրինականացնենք, 3 տարվա տուգանքը կմուծե՞մ: Ասացի՝ հա»,- նշեց Արտաշ պապը: Դրանից 1 ամիս հետո 4 այգետերերին կանչել էին Երեւանի քաղաքապետարան՝ պետական հողը զավթելու համար տուգանելով 200.000 դրամի չափով: «Ով էստեղ էր՝ տուգանեցին, իսկ ով էստեղ չէր՝ ցուցակի մեջ չընկավ»,- նկատեց պապը՝ միաժամանակ փաստելով դատարանի սխալ վճիռը: «Զավթել նշանակում է` բռնի ուժով գրավել: Մենք բռնի ուժով չենք գրավել, չենք զավթել: Ես էս հողն առել եմ մի մարդուց, էդ մարդը՝ մեկ այլ մարդուց: Մեռածների հող են գնել: Ես բողոքարկել եմ այդ վճռի դեմ: Դրանից հետո ես քաղաքապետին գրեցի, ասացի՝ ես արդեն մեծ մարդ եմ, գնում եմ, հանձնում եմ ձեզ, եկեք տիրություն արեք: Նրանք ուղղակի պիտի ասեին՝ դուրս արի էս հողից, մի անգամ նախազգուշացնեին, մատ թափ տային: Ախր, ես ի՞նչ վնաս եմ տվել: Հոդվածի առաջին մասում գրել են՝ տուգանել 200.000 դրամ, իսկ 2-րդ մասում՝ վերացնել հետեւանքները, բերել նախնական տեսքի: Այսինքն՝ ես հետեւանքները ո՞նց վերացնեմ, էս ծառերը ո՞նց վերացնեմ: Գրել եմ քաղաքապետին, որ մի տրակտոր տա, տեխնիկա տրամադրի, որ էս ծառերը հանեմ, այգին հանեմ ու դարձնեմ աղբանոց: Եթե չանեմ, ինձ տուգանելու են 200.000-ի 2000 անգամի չափով: Դե մինչ էդ ես երեւի կմեռնեմ»,- ասաց պապը՝ հերթով թվարկելով այգու ծառերն ու անգամ նոր տնկիները: «Մենակ փշատենի չունեմ»,- տնկիներին հպարտությամբ նայելով՝ նշեց պապը: «Ախր, աղջիկ ջան, էդ վճիռը սխալ ա կայացվել: Զավթելն ի՞նչ ա: Ես էս հողը գնել եմ»,- բլրի դիմաց գտնվող սարալանջի աղբակույտերը մատնացույց անելով՝ ասաց պապը: Բլրի մոտ 49,7 հա, ըստ պապի, գտնվում է ՀՀ հուշարձանների պահպանության կոմիտեի ենթակայության տակ: «Նայիր, ա՜յ էնտեղ ուրարտացիների քաղաքն էր: Տեսնո՞ւմ ես՝ ինչքան աղբակույտ կա: Բեռնատարներով աղբ են թափում էստեղ: Ու սա համարվում ա պետական տարածք»,- հուզված ասում էր նա: Պետական տարածք համարվող այդ հողակտորը բացառապես ծառայում է շինարարական աղբի, մետաղական թափոնների «պատսպարման» համար: Տարածքում է գտնվում նաեւ ջրհան կայանը, որից միայն պատերն են մնացել: Կայանի բակում ներարկիչների մի ամբողջ քանակություն էր թափված, իսկ դրան կից անասնագոմն էր, որի բակում աթարի ուղղանկյունաձեւ կույտերն էին շարված: «Աղջի՜կ ջան, նախկինում էս ամբողջ տարածքում ծառեր էին աճում, անտառ էր: Էնքան սիրուն էր: Ջրհան կայանի միջոցով էլ ջրում էին ծառերը: Անկախացումից հետո ամեն ինչ անուշադրության մատնվեց»,- պատմում էր պապը: Իրավիճակը աբսուրդի է հասնում, երբ տեսնում ես բլրից որոշ հեռավորության վրա գտնվող խնամված գերեզմանատունը, ծառերի առատությունը եւ աղբավայրի վերածված այդ հատվածը, որը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության կոմիտեի ենթակայության տակ: