Դպրոցներում «Գրականություն» առարկայի ծրագիրն այնպես է կազմված, որ աշակերտի գիտելիքները սկսվում են Մաշտոցից եւ ավարտվում Հրանտ Մաթեւոսյանով: Այսինքն` ժամանակակից հայ գրականության մասին անգամ տարտամ պատկերացում դպրոցներում ստանալ հնարավոր չէ: Գուցե պատճառն այն է, որ, ըստ գրականության ծրագրեր կազմողների, ժամանակակից գրողներն այնքան էլ արժեքավոր գործեր չունեն, հետեւաբար` նրանց արվեստին ծանոթանալն աշակերտի համար ժամանակի զուր վատնո՞ւմ է: Սակայն բանասիրական գիտությունների թեկնածու (բ.գ.թ.) գրականագետ Անի Փաշայանն ու բ.գ.թ.4, գրականագետ, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ Արքմենիկ Նիկողոսյանն ունեն այլ տեսակետ:
Ա.Փ. – «Հայոց լեզու» եւ «Գրականություն» առարկաները հատկապե՛ս պիտի լինեն ամենասպասված առարկաները: Արդե՛ն գրականությունն իր ենթատեքստով, իր գոյությամբ առաջիններից է: Այստեղ առաջնային է ուսուցչի հարցը. ո՞վ է ուսուցիչը, ո՞վ է մատուցում առարկան, եւ որքանո՞վ է նա պատրաստ: Հնարավոր չէ «Գրականություն» առարկայի ուսուցումը կապել միայն դասագրքի որակի հետ. աշակերտը պետք է հետաքրքրություն ունենա առարկայի նկատմամբ, եւ այդ հետաքրքրությունը ձեւավորվում է դասի ընթացքում: Ինչ վերաբերում է գրքի բովանդակությանը, գրականության դասագրքերի հեղինակները հեղինակություններ են. նրանք հայտնի գրականագետներ են, մեծ փորձ ունեն: Եվ ասել, թե գրքերն անորակ են, սխալ է:
– Գրականության դասագիրքը չի կարող անորակ լինել միայն այն հիմնավորմամբ, որ մատուցվող նյութը` գրականությունը, որպես կանոն, լավն է: Այլ խնդիր է, որ դասագրքերում պահպանելով ժամանակագրությունը` ստացվում է այնպես, որ Նարեկացի, Շնորհալի անցնում են երկու դասարան ավելի շուտ, քան, դիցուք, Շիրազ:
Ա.Ն. – Խորհրդային կրթական համակարգում գրականության դասագրքերը մինչեւ 8-րդ դասարան փոքր-ինչ այլ կառուցվածք ունեին. դրանք ընդհանուր դասընթացներ էին, ուր ներառված էր բազմաբնույթ գրականություն, ուր ժամանակագրությունն այնքան էլ էական չէր: Ընտրվում էր տարիքին համապատասխան, մատչելի նյութ: Սկսած 8-րդ դասարանից` երեխան ծանոթանում էր «Հայ գրականության պատմություն» առարկային` արդեն հեղինակների ստեղծագործության վերլուծությամբ, ժամանակագրությամբ: Այժմ էլ, կարծում եմ, գրականության պատմության կարեւոր սկզբունքը դասագրքերում պահպանված է` ընթացքին ծանոթանալ ժամանակագրական կարգով: Այլ բան է, որ մեզ մոտ քարացած են սկզբունքները. չենք կարողանում ձերբազատվել որոշ հեղինակություններից: Խոսքը ոչ թե դասագրքից այդ մարդկանց անունները ջնջելու մասին է, այլ` նրանց ընդհանուր ակնարկային կարգով անդրադառնալու: Օրինակ` կարծում եմ, հատկապես 8-9-10-րդ դասարաններում, երբ դպրոցում լավ չի դրված անգամ մայրենիի ուսուցման խնդիրը, այսօրվա գրական հայերենը աշակերտները հազիվ են յուրացնում, եւ ընդարձակ կերպով ներկայացնել ողջ միջնադարյան գրականությունը` դասական ուղղագրությամբ, միջին հայերենով, աշակերտներին անմատչելի է մնում: Նկատել եմ, որ նրանք այդպես էլ Նարեկացի չեն մարսում:
– Աշակերտնե՞րը:
Ա.Ն. – Նաեւ ուսուցիչները: Եթե ինձ վերապահվեր դասագիրք գրելու իրավունքը, միջնադարյան գրականությանը կանդրադառնայի ակնարկային ձեւով, եւ շատ ավելի տեղ կբացվեր այլ հեղինակների, հատկապես` ժամանակակիցների համար: Վերջին 20-30 տարիներին Հայաստանում ստեղծվել են արժեքներ, որոնք արժեն դասագրքերում լինելուն: Մյուս կողմից` եթե ուզում ենք, որ գրականության ուսուցումը համապատասխանի ժամանակի պահանջին, աշակերտը սիրի գրականությունը, դասագրքերի միջոցով նրան անհրաժեշտ է մատուցել ժամանակակից գրականություն, ուր արտացոլված է հենց ի՛ր ժամանակը:
– Այնուամենայնիվ, ժամանակակից գրականությունը դպրոցում ներկայացված չէ: Վերջին հեղինակը, ում ծանոթանում է աշակերտը դպրոցում, Հրանտ Մաթեւոսյանն է: Գուցե այնքան էլ մեծ կորուստ չէ՞ չիմանալ ժամանակակից ստեղծագործողներին:
Ա.Փ. – Այո, «կորուստ» բառը տեղին է: Աշակերտը չի պատկերացնում, որ այսօր կարող է փողոց դուրս գալ ու գրողի տեսնել: Նրա կարծիքով` վերջին գրողը Հովհաննես Թումանյանն էր: Ուսուցիչների անտեղյակությունը դիտարկենք` քանի՞ ժամանակակից գրողի անուն կարող են նրանք տալ: Քանի՞ գրող գիտեն, որ այսօր ստեղծագործում են, ապրում են մեր կողքին ու տառապում: Տառապում են, քանի որ գրողները սիրում են, երբ իրենց ճանաչում են, իրենց ստեղծագործությունները կարդում են: Համոզված եմ` ցանկացած աշակերտ մեծ բավականություն կստանա, եթե իր ուսուցիչն ամեն դասի մի փոքր ժամանակ հատկացնի ժամանակակից գրականությանը, հյուր կանչի որեւէ գրողի: Իհարկե, չեմ կարծում, որ 7-րդ դասարանցին պատրաստ է կարդալ Լեւոն Խեչոյանի գործերը, սակայն նրա անունը գիտենալ պարտավոր է:
Ա.Ն. – Իմ ուսումնասիրությունների արդյունքում ցավալի հետեւության եմ եկել. գրականության ուսուցիչների մեծ մասն անգամ մինիմալ չափանիշներին չի համապատասխանում: Ամենազարհուրելին այն է, որ ուսուցիչները չեն վերապատրաստում իրենք իրենց: Նախարարության կողմից կազմակերպվող վերապատրաստումները սիմվոլիկ են: Տարիներ շարունակ նրանք ամրագրել են նույն մտքերը: Օրինակ` «Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում, շինական Վարդանի ընտանիքում»: Այնինչ գրականագիտությունը վաղուց արդեն փաստել է, որ Մաշտոցն այնքան էլ շինականի զավակ չէր, եւ այդ շինական ասվածը խորհրդային գաղափարախոսության մասն էր: Եվ եթե այս տարրական բանը ուսուցիչը չի յուրացնում, խոսել, որ նա կարդա ժամանակակից գրականություն եւ այն մատուցի երեխաներին, ծիծաղելի է: Բայց մենք էլ ծալած ձեռքերով չենք նստում. արդեն 4-5 տարի է` բազմաթիվ այցելություններ ենք արել դպրոցներ, անգամ անվճար խորհրդատվություն ենք իրականացրել: Այսօր էլ ՀԳՄ-ն ամիսը մեկ-երկու անգամ հրավիրում է բոլոր ուսուցիչներին, եւ այսօրվա գրականագետները ներկայացնում են, թե արդի գրականության մեջ ինչ նորություն կա:
– Ժամանակակից գրողների ցանկը մեծ է, սակայն գրողների վերաբերմունքը միմյանց հանդեպ, որպես կանոն, բարեկամական չես համարի: Քանի դեռ գրողը ողջ է, եւ դրան գումարած` նաեւ տաղանդավոր, նրա մասին լավ խոսքեր ասելը չի ողջունվում:
Ա.Ն. – Գրողների նախանձի, չարության թեման հավերժական է: Աբովյանին, Նալբանդյանին չե՞ն հալածել:
Ա.Փ. – Խորենացուն…
Ա.Ն. – Ես չէի ուզում այդքան հեռու գնալ: Թումանյանին չէի՞ն հալածում: Մեծարենցի կյանքը չկերա՞ն, Չարենցին չսպանեցի՞ն: Սեւակին ուտում էին: Մաթեւոսյանին… Դա, գիտե՞ք, թող զարմանալի չթվա, նորմալ պրոցես է, եւ գրականությունը դրանից երբեմն շահել է: Շատ գրողների հռչակը պայմանավորված է եղել իր ժամանակի կռիվներով: Նույն պատկերն այսօր է: Ասել, որ միմյանց հանդեպ գրողների չարությունն է պատճառը, որ հասարակությունը չի ճանաչում գրողին, սխալ է, որովհետեւ, եթե հասարակությունն իր գրողին չի ճանաչում, ուրեմն հասարակությունը վատ հասարակություն է:
– Իհարկե, դժվար չէ մեղքը բարդել հիվանդ հասարակության վրա: Սակայն այնքան էլ տրամաբանական չէ սոցիալական լարված վիճակում գտնվող մարդուց ակնկալել, որ նա` հանապազօրյա հացի փնտրտուքից անմիջապես հետո, սկսի նոր հեղինակներ փնտրել` արդեն գրախանութներում:
Ա.Փ. – Մարդը մեղավոր չէ, եթե հիվանդանում է: Այդպես էլ հասարակությունը: Եթե հիվանդ է, ուրեմն` նրան պետք է «բուժել»…
– Եթե խոսքը գրականությամբ բուժելու մասին է, այդ դեպքում, որպես գրականագետ, առաջարկեք` ո՞ւմ խորհուրդ կտայիք ընթերցել:
Ա.Փ. – Մարդն ուտում է այն ժամանակ, երբ քաղցած է: Նրան զոռով տանել բուտերբրոդի մոտ եւ առաջարկել, թե` պիտի սա ծամես, ճիշտ չէ: Գրականությունը հոգեւոր սնունդ է, եւ մարդը դրա պահանջը պետք է զգա: Ավանդույթ պետք է ձեւավորվի` ներկայացնել գրականությունը: Դա եւ՛ դյուրին է, եւ՛ բարդ: Դյուրին է, որովհետեւ կան դրա համար հատուկ մասնագետներ, ովքեր կարող են ըստ արժանվույն գրողին ներկայացնել: Երբ այսօր երգչուհին ցատկոտում է բեմում, օբյեկտիվն անմիջապես որսում է նրա դեմքի ամեն ժեստը: Ուզում եմ գրողի դեմքը, ժեստերը եւս տեսնել, սակայն ոչ այդպես: Հասարակությունն իր գրողներին պետք է դեմքով ճանաչի: Գրողներին այսօր պատկերացնում են առանց դեմքի` տխուր, վատ հագնված, չսափրված: Այդպես չէ:
Ա.Ն. – Վերջին մեկ-երկու տարում այնքան հայ գրականություն է թվայնացվել եւ դրվել ինտերնետում, որ մեծ գիտելիք կարելի է քաղել: Հատկապես, որ ինտերնետն այսօր հասանելի է շատերին: Այսօր կան բազմաթիվ կայքեր, որոնք ժամանակակից գրականություն են ներկայացնում: Պետք է փոխվի մեր ուսուցիչների մտածողության որակը, նրանք պետք է հասկանան` ինչ ժամանակի մեջ են ապրում: Կարողանան դիմանալ ժամանակի տեմպին, հակառակ դեպքում` պետք է ոլորտից հեռանան: Ինչ մնում է գրողի կերպարին` ժամանակակից գրողն այլեւս թոքախտավոր, մորուքավոր, վաղամեռիկ չէ, բոհեմի ժամանակներն էլ անցել են: Այսօրվա լավ գրողը կիրթ, մաքուր հագնված, ներկայանալի անձնավորություն է, ով նաեւ տաղանդավոր է եւ ստեղծում է արժեքներ:
– Էկրաններից երեւում են հիմնականում 50-ը, 60-ն անց գրողները, թեեւ հիմնականում բոլոր գրողները ստեղծագործել են երիտասարդ հասակում: Դուրյան, Մեծարենց, Լերմոնտով, Պուշկին, Արթյուր Ռեմբո… Հայ ժամանակակից երիտասարդ գրողների մասին առհասարակ չենք խոսում: Չեմ տեսել 20-ամյա մեկին, ում գրական աշխարհն ընդունի այնպես, ինչպես, դիցուք, Դուրյանին: Հետմահու, հասկանալի է: Ստացվում է այնպես, որ երիտասարդ տարիքում ընդունվելու, ճանաչվելու համար պետք է թոքախտից մեռնե՞լ:
Ա.Ն. – Մինչ երիտասարդներին դասագրքերում տեսնելու պատնեշը հաղթահարելը, պետք է հաղթահարենք այն պատնեշը, որը դրվել է Հրանտ Մաթեւոսյանից հետո: Նրանից հետո ծրագիր կազմողներն այլ գրող չեն տեսնում: Վստահ եմ, եթե նրանք հաղթահարեն այդ պատնեշը, դասագիրք գրողներն էլ սիրով կընդգրկեն նաեւ այլ հեղինակների: Օրինակ` Սերգեյ Սարինյանը, ով դպրոցական դասագրքի հեղինակ է, վստահ եմ` մեծ սիրով կանի դա: Ինչ վերաբերում է երիտասարդ գրողներին, վերջին 5-6 տարում ունենք 25-35 տարեկան գրողների այնպիսի խումբ, որ հայ գրականության ոչ մի շրջանում չի եղել: Կան երիտասարդ գրողներ, ովքեր ունեն ֆանատներ, նրանցից ինքնագրեր են խնդրում: Արամ Պաչյանը, Կարեն Անտաշյանը, Հրաչ Սարիբեկյանը, Մհեր Բեյլերյանը, Հասմիկ Սիմոնյանը, Աշոտ Գաբրիելյանը շատ ճանաչված են Հայաստանում, եւ ոչ միայն ինտերնետային տարածության մեջ:
– Այն, որ ժամանակակից գրողներին չեն ճանաչում կամ ժամանակ չունեն ճանաչելու, կարծում եմ, այլ պատճառ էլ ունի: Համաշխարհային գրականությունն այնպիսի գործեր է առաջարկում, որոնց փոքր մասն անգամ ողջ կյանքի ընթացքում ֆիզիկապես չես հասցնում ընթերցել: Եվ բնական ընտրության միջոցով` միշտ չէ, որ նախընտրությունը տրվում է ժամանակակից գրականությանը:
Ա.Ն. – Դա իմ ամենաչսիրած թեման է: Երբ մարդկանց հարցնում ես` ինչո՞ւ չես կարդացել Հրաչ Սարիբեկյանին կամ մյուսին, ասում է` արտգրակ եմ կարդում: Երբ հարցնում ես` ի՞նչ ես կարդում, չի կարողանում երկու անուն տալ:
Ա.Փ. – Ասում են` Ումբերտո Էկո, Պաոլո Կոելյո…
Ա.Ն. – Կամ էլ` Բալզակ: Դա նեղմտություն է ու արհամարհանք սեփական գրականության հանդեպ: Հրաչ Սարիբեկյանը «Գրանիշ» ամսագրում (granish.org) վեպից մի հատված է տպագրել, եւ այդ կտորն այսօր հանգիստ կարող եմ դնել ժամանակակից ցանկացած հզոր գործի կողքին եւ չամաչել: Պարզապես, կարծրատիպ կա` եթե գրել է ռուս կամ սերբ գրող, ավելի լավն է, քան մեր Հրաչ Սարիբեկյանը: Մարդն իր մեջ բնական հարցում պետք է ունենա` ես ապրում եմ այս ժամանակում, իմ ժամանակն ինչպե՞ս է գրականություն դառնում:
Ա.Փ. – Ժամանակի մեջ երեւույթների ընկալումը փոխվում է: Եվ երբ նույն դասագիրքը 10 տարի քայլում ու աշխատում է, ճիշտ չէ: Դասագրքերը պետք է շատ հաճախ թարմացվեն: Օրինակ` «Գիքորի» ընկալումը` որպես հանճարեղ ստեղծագործություն: Ինչպե՞ս ճիշտ մատուցել, որ ժամանակակից աշակերտը ճիշտ ընկալի: Ինչպե՞ս այսօր կընկալվի «Ռուզան» դրաման: Այժմ բուհ ընդունված ուսանողների մի մասը, եթե առաջ գիտեր Րաֆֆու «Սամվելը», որը հետո «դարձրեց» Սամվելի «Րաֆֆին», այսօր ո՛չ Րաֆֆուն գիտեն, ո՛չ Սամվելին:
Ա.Ն. – Աշակերտը, կրկնեմ, չպետք է մնա չգիտեմ որ դարում:
– Այս կամ այն դարում մնալու խնդիր չկա: Երբ Շեքսպիր ես կարդում, քեզ 16-րդ դարում չես զգում: Կա գրականություն` տարածության եւ ժամանակից դուրս, դա դասական գրականությունն է: Երբ ընթերցողն ունի անպատասխան հարցեր եւ դրանք կարողանում է գտնել անտիկ շրջանի կամ 19-րդ դարի գրականությունում, ապա ինչի՞ մասին է խոսքը:
Ա.Ն. – Դա բացառված չէ, սակայն ընթացիկ կյանքը, ինչպես ընթացիկ գրականությունը, պրոցես է. այնտեղ այն, ինչ լավ է այսօր, վաղը կարող է անկարեւոր, անարժեք ընկալվել: Սակայն, երբ ժամանակակից մի հեղինակին ես մատուցում, ժամանակի հետ պարզվում է, որ նա վատն է, դրանով զտման պրոցեսն ես կանոնակարգում, մարդու մեջ ճաշակ ես ձեւավորում, վատը լավից տարբերակելու խնդիր ես լուծում:
Ա.Փ. – Եվ հետո, ժամանակակից աշակերտը կոնկրետ խնդիր ունի` նա պիտի իր համար պարզի` ինչո՞ւ կարդալ այս կամ այն գործը, ի՞նչ օգուտ ունի այն ընթերցելուց, եւ ուսուցչի խնդիրն է պարզաբանելը, որ գրականությունը ճանաչելով` կարող ես փոխել կյանքիդ որակը, այն ավելի լավը դարձնել:
Ա.Ն. – Օրինակ` Կիլիկիայում Լեւոն Բ թագավորը ոչ մի պարտադրող, հարկադրող օրենք չէր ընդունում: Միայն` զարկ էր տալիս մշակույթի զարգացմանը: Ինքն անձամբ էր մանրանկարների մատյաններ պատվիրում: Եվ երբ մշակույթը զարգացավ, հայ մարդիկ Կիլիկիայում մտան մշակութային գիտակցության մեջ, սկսեցին մտածել իրենց հայրենիքի մասին: Եթե մենք այսօր ունենանք աշխարհի ամենահզոր բանակը, ուր բարոյալքություն է տիրում, այդ բանակը հզոր զենքով անգամ չես կարող թշնամու դեմ հանել: Սակայն միշտ ունեցել ենք հակառակ օրինակը, երբ փոքրաթիվ զորքով, քաղցած հաղթել ենք թշնամուն: Ինչպես` Արցախյան պատերազմում: