Ղարաբաղում վերաբնակեցման անհրաժեշտության թեմային գնալով ավելի հաճախակի են սկսում անդրադառնալ: Վերջերս ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով ազատագրված տարածքների շուրջ ծավալված տարաձայնություններին, նշել է, որ տարածքների հարցով վիճելու փոխարեն` անհրաժեշտ է մտածել դրանց վերաբնակեցման մասին:
ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանի խոսքերով, հենց սկզբից էլ պետք է իրականացվեր վերաբնակեցման ծրագիրը, այն էլ` ավելի ակտիվ, քան հիմա է արվում. «Կարծում եմ, վերաբնակեցման շրջանակներն ընդլայնել է պետք, իհարկե՝ ոչ միայն պետական միջոցների հաշվին: Արցախի վերաբնակեցումը պետք է լինի ողջ հայության ուշադրության կենտրոնում եւ անհրաժեշտ է մեծ թափով աշխատանքներ իրականացնել՝ տարեկան վերաբնակեցնելով առնվազն 1000 ընտանիք»:
Արդեն մի քանի տարի է, Ղարաբաղում վերաբնակեցումն իրականացվում է ինչպես` պետական, այնպես էլ` հովանավորների միջոցներով: Այսինքն՝ վերաբնակեցումը կարեւորում են նաեւ Սփյուռքում ապրող որոշ մեր հայրենակիցներ, որոնց միջոցներով Արցախում կառուցվում են տներ, դպրոցներ, բուժկետներ, ճանապարհներ եւ այլն:
Ղարաբաղում հովանավորների շնորհիվ հիմնվել է նաեւ Շահումյանի շրջանի Քնարավան գյուղը, որտեղ կառուցվել է 10 տուն, իսկ այս տարի, վարչության պետ Պավել Նաջարյանի խոսքերով, բարերարների շնորհիվ սկսվել է Հադրութի շրջանում նոր գյուղի՝ Նորավանի հիմնումը: Գյուղում, որտեղ ներկայումս ապրում է 6 ընտանիք, նախատեսվում է կառուցել մոտ 20 բնակելի տուն:
Պետության միջոցներով ընթացիկ տարում վերաբնակեցվել են 100-ից ավելի ընտանիքներ, որոնց հիմնական մասն արդեն ապահովված է բնակարաններով: Մնացած բնակարանների շինարարությունը դեռ ընթացքի մեջ է, եւ մինչեւ տարեվերջ շինարարները շահագործման կհանձնեն ծրագրով նախատեսված 92-ը: Բնակելի տների շինարարությանը զուգահեռ` գյուղերում կառուցվում են նաեւ դպրոցներ, գյուղապետարաններ, բուժկետեր:
Վերաբնակեցման վարչությունից տեղեկացանք նաեւ, որ պետական միջոցներով 2006թ. նախատեսվում է վերաբնակեցնել շուրջ 200 ընտանիք, կառուցել թվով 150 տուն:
Պավել Նաջարյանի հավաստմամբ, աշխատանքներ կիրականացվեն նաեւ հովանավորների աջակցությամբ, որի համար լուրջ նախադրյալներ կան:
Հայտնի է, որ մեկ բնակելի տան կառուցման համար պետությունը նախատեսում է 6-8 մլն դրամ (2 սենյականոցի համար՝ 6 մլն, երեք սենյականոցի համար՝ 8մլն): Շինարարները բնակարանների կառուցման գործում հաճախ կանգնում են որոշ դժվարությունների առջեւ, քանի որ պետության կողմից սահմանված շինանյութերի գները չեն համապատասխանում շուկայական գներին: Կարելի է ենթադրել, որ շինարարների համար պետական միջոցներով շինարարություն կատարելն այնքան էլ ձեռնտու չէ: Հենց դա է պատճառը, որ շինարարները հաճախ, վարչության պետի խոսքերով, դժվարությամբ են համաձայնում ստանձնել շինարարական աշխատանքները: «Խնդրից խուսափելու համար սահմանված գների մեջ այս տարի կկատարվեն համապատասխան փոփոխություններ»,-ասաց Պ. Նաջարյանը: