Արաբկիրում կատարված սպանության գործը, որի կապակցությամբ պաշտոնից ազատվեց եւ այնուհետեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորվեց ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը, նախօրեին ուղարկվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում ասված է. «Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2010թ. մայիսի 12-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 17-րդ եւ 19-րդ շենքերի մոտ Վռամ Բաղդասարյանի կողմից ապօրինի կերպով կրվող հրազենի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու եւ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու, մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաեւ` խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասերով: Զենքի եւ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելուն դրդելու համար Դավիթ Սանդալջյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 4-րդ մասով»: