Մեր թերթի նախորդ համարներում մանրամասն ներկայացրել ենք Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կատարված սպանությունը եւ դրան հաջորդած հանցագործությունների շղթան, որը դեռեւս մնում է չբացահայտված:
Հիշեցնենք, որ Արտաշատի բնակիչ Արտակ Մանասերյանը դաժանաբար սպանել էր մորաքրոջը` նրա ունեցվածքին տիրանալու համար: Դեպքից հետո Ա. Մանասերյանի մայրը` Մարգարիտա Մարտիրոսյանը, եղբորորդուն` Նշան Հարությունյանին, խնդրել էր որդու բանկային հաշիվները փակելու հարցում օգնել: Մի խոսքով` սպանությանը հաջորդել են մի խումբ արտաշատցիների` խարդախության ճանապարհով իրարից գումար շորթելու ճանապարհով հանցագործությունների դեպքեր, որոնց առնչությամբ Արտաշատի ոստիկանության հարուցած գործերի քննությունը դեռեւս գտնվում է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: «168 Ժամ» թերթում տպագրված հոդվածների կապակցությամբ Արտաշատի բնակչուհի Մ. Մարտիրոսյանը հայց է ներկայացրել ինչպես Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության, այնպես էլ` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններ` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքել պարտավորեցնելու պահանջով: Նախ նշենք, որ այս ընթացքում տիկնոջ բազմաթիվ հայցերով ծանրաբեռնված են դատարանները, մասնավորապես նա դատի է տվել սեփական հարսին (ով հանդգնել էր ողջ ճշմարտությունը ներկայացնել թերթում եւ նրա կատարած անօրինական գործողությունների մասին վկայություն էր տվել), Արտաշատի բնակիչներ Վարազդատ Հակոբյանին, Արթուր Ջանյանին (որոնց հետ անօրինական գործարքների մեջ էր մտել), ինչպես նաեւ ՀՀ Արդարադատության նախարարության «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության» ներկայացուցչին: Այնպես որ, Հայաստանի դատարանները ստիպված են երկար ժամանակ Մ. Մարտիրոսյանի հայցադիմումները քննել: Մարտի 24-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում գտնվող դատական գործի նիստն` ըստ հայցի` Մ. Մարտիրոսյանն ընդդեմ Հռիփսիմե Կարապետյանի (հայցվորի հարսը), երրորդ անձ` «168 Ժամ» թերթի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Մ. Մարտիրոսյանն անձամբ չէր ներկայացել դատական նիստին, փոխարենը հանդես էր գալիս նրա ներկայացուցիչը: Ինչեւէ, քանի որ մենք դատարան չէինք ներկայացրել որպես երրորդ անձ` «168 Ժամ» թերթի անունից հանդես գալու լիազորագիր, ուստի դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրինք: Չնայած հայցվորի ներկայացուցչի առարկություններին` դատավոր Էդ. Ավետիսյանը բավարարեց միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգելու մասին հայտարարությամբ հանդես եկավ: Իսկ մինչ դատական հաջորդ նիստը փորձենք ներկայացնել այն փաստարկներն, ըստ որոնց` «168 Ժամ» թերթը Մ. Մարտիրոսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ չի հրապարակել: Նախ` այն, ինչ մենք հրապարակել ենք` Մ. Մարտիրոսյանի գործողություններից տուժած անձինք վաղուց արդեն իրենց վկայություններում ասել են Արտաշատի ոստիկանությունում: Նույն անձինք դիմել են Արտաշատի ոստիկանություն ահազանգով` Մ. Մարտիրոսյանի կողմից խարդախության, վաշխառության ճանապարհով իրենց ունեցվածքին տիրանալու կապակցությամբ հայտարարությամբ, որի շրջանակներում հարուցվել է քրեական գործ, եւ այն ներկայումս գտնվում է դատարանում: Մենք մանրամասն ներկայացրել էինք վերջինիս հարսի` Հռիփսիմե Կարապետյանի վկայությունն այն մասին, որ Մ. Մարտիրոսյանը փաստաթղթեր է կեղծել, մարդկանց շանտաժի է ենթարկել եւ հափշտակել է ուրիշների գումարները: Այդ վկայությունն ամրագրված է նաեւ Մ. Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերում: Այլ կերպ ասած` մենք կարող էինք ձեռք բերել քրեական գործի նյութերը եւ թերթում տպագրել այն, ինչն արձանագրված է Դատախազության մեղադրական եզրակացությունում: Վերջինիս հարսը` Հռիփսիմե Կարապետյանը, դատարանին կներկայացնի այն փաստարկներն, ինչը թերթում հրապարակվել է նրա անունից: Ինչ վերաբերում է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող միեւնույն հայցով դատական նիստին, ապա մենք դրան կմասնակցենք եւ այդ մասին կպատմենք առաջիկայում: Սակայն նշենք, որ պատասխանողներ Ա. Ջանյանը եւ Վ. Հակոբյանը նույնպես դատարան կներկայացնեն այն փաստարկներն, ինչը ներկայացրել ենք թերթում նրանց անունից: Վերջիններիս ձեռքի տակ է գտնվում մի խտասկավառակ, որտեղ Մ. Մարտիրոսյանը մանրամասնորեն ծրագրում է խարդախության ճանապարհով այս երկուսի համար ծուղակ նախապատրաստելու եւ «գործ սարքելու» գործողությունները: Հետաքրքիրն այն է, որ այս գործով կա այնպիսի վկա, ով դատարան կներկայացնի Մ. Մարտիրոսյանի կողմից կատարած եւս մեկ ապօրինություն. այն է` Մ. Մարտիրոսյանը որոշակի գումար խոստանալով` գործով վկային դրդել է Վ. Հակոբյանի բնակարանից գողություն կատարելուն: Ինչեւէ, հուսանք, որ հանցագործություններով հագեցած այս խճճված պատմությունները դատարաններում կբացահայտվեն: Նշենք միայն, որ «168 Ժամ» թերթը ներկայացրել է ողջ այն տեղեկատվությունը, որը շուտով կհնչի դատարաններում նույն այդ մարդկանց կողմից, ինչպես նաեւ` արձանագրված է քրեական գործի նյութերում: Ի դեպ, նաեւ նշենք, որ Մ. Մարտիրոսյանի վերաբերյալ հրապարակումները տպագրելուց առաջ մենք նաեւ զանգահարել ենք նրան, փորձել ենք լսել նաեւ նրա ներկայացրած փաստերը: Վերջինս, թեեւ մեզ խոստացել է փաստաբանի միջոցով պատասխանել, այդուհանդերձ, այդպես էլ չի կապվել մեզ հետ: