Երեւանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը եւ թատրոնի եւ կինոյի դերասան, ՀՀ ժողովրդական դերասան Ռաֆայել Քոթանջյանը երեկ ասուլիս էին հրավիրել` նվիրված մարտի 27-ին կայանալիք Թատրոնի միջազգային օրվան: Ասուլիսի սկզբում բանախոսներից` Ռ. Քոթանջյանին սխալմամբ ներկայացրեցին որպես վաստակավոր դերասանի: «Ոչ թե վաստակավոր, այլ ժողովրդական դերասան»,- ուղղեց Ռ.Քոթանջյանը: Ի պատասխան դերասանի անհանգստության, Ա. Գրիգորյանն ասաց. «Ռուսական ասացվածքն ասում է. «Ինչպես ուզում ես` ինձ անվանիր, միայն վառարան չմտցնես: Երբ ասում ենք` Ռաֆայել Քոթանջյան, արդեն իսկ պարզ է, որ դու եւ վաստակավոր ես, եւ ժողովրդական»:
Մարտի 27-ին ողջ աշխարհը նշում է Թատրոնի միջազգային օրը, որը հռչակված է եղել 1961թ. թատրոնի Միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի կողմից: «Այդ օրն ամբողջ աշխարհում` եւ դերասանները, եւ ռեժիսորները, եւ հանդիսատեսը տոնական տրամադրություն ունեն, թատրոնները հանդիսատեսի դատին են ներկայացնում իրենց լավագույն բեմադրությունները: Հայաստանում այդ օրը յուրահատուկ կերպ է նշվում` թատերական աշխարհի ներկայացուցիչներից լավագույններին հանձնվում է թատերական «Արտավազդ» մրցանակը: Անցյալ տարին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի համար բավականին բուռն էր, սակայն ես կուզեի խոսել ոչ թե անցյալից, այլ ապագա անելիքներից: Բոլորովին վերջերս մեր թատրոնի բեմ է բարձրացել նոր` «Մոլեռանդը» ներկայացումը, որի պիեսի հեղինակն է Գանա Սլուցկերը: Ի դեպ, Գանան բոլորիս կողմից սիրված «3+2» ֆիլմի ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանի դուստրն է: «Մոլեռանդը» բարձրացնում է «ես»-ի կայացման, ինքնադրսեւորման հարցը»,- նշեց Ա. Գիրգորյանը:
Իսկ Ռ. Քոթանջյանն իր կատարած աշխատանքներից առանձնացրեց բենեֆիսային ներկայացումը, որտեղ նրա հերոսը 8 կերպար է մարմնավորում: Կերպարներ, որոնք, ըստ դերասանի, որքան էլ անցանկալի է, այնուամենայնիվ, գոյություն ունեն մեր իրականության մեջ: Ռ. Քոթանջյանը նշեց նրանցից մի քանիսին. «Մամա Ռոզան, ով ներկայացնում է աշխարհի ամենահին մասնագիտությունը` պոռնկությունը: Կերպարների մեջ նաեւ հոմոսեքսուալ կա, ով ասում է բառացիորեն հետեւյալը. «Վայ, ի՞նչ հետաքրքիր բան ստացեց, ամբողջ Եվրոպան իմ հետեւն ա: Իմ փոքր հետույքում` մեծ Եվրոպա»: Հաջորդ կերպարն ասում է. «Ես ներկայացնում եմ գողական աշխարհը, պլյուս ստվերային տնտեսությունը»: Կերպարներ, որոնք, ցավոք, կազմում են մեր իրականության պատկերը: Այդ բացասական կերպարները բավականին ծավալուն են եւ երկարատեւ են բեմի վրա: Իսկ, երբ վերջում հանկարծ հայտնվում է մտավորականի կերպարը, որն, ի տարբերություն բացասական «հերոսների», այդքան երկար ներկա չի լինում բեմում, դուք չեք պատկերացնում, թե ինչպես է ընկալվում նրա յուրաքանչյուր խոսքը հանդիսատեսի կողմից: Նրա արտահայտած յուրաքանչյուր միտք ծափահարության է արժանանում: Եվ դա հրաշալի է: Նշանակում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ հասարակությունը դեռ ի զորու է տարբերելու` վատը լավից: Ավելին` հասարակությունը կարիք ունի դրական կերպարների այս իրականության մեջ»,- նշում է Ռ. Քոթանջյանը:
Քննարկվեց նաեւ այն հարցը, թե որքանով է թատրոնում փոխվել հանդիսատեսի տեսակը: Ռ. Քոթանջյանը ցավով նշեց, որ հանդիսատեսն այցելելով թատրոն, «շովու» է ուզում բեմում տեսնել, քանի որ այսօր միայն շոուներն են դահլիճները լեփ-լեցուն պահում: Միեւնույն ժամանակ, դերասանը նշեց, որ վատ չէր լինի, եթե հանդիսատեսը կարողանար հասկանալ, որ թատրոնը շոու չէ:
Ի տարբերություն Ռ. Քոթանջյանի, Ա. Գրիգորյանն այդ հարցում բացասական կարծիք չուներ. «Մեր թատրոնի դահլիճը միշտ էլ հանդիսատես ունեցել է եւ ունի: Եվ ասեմ, որ բավականին կիրթ հանդիսատես է դիտում մեր ներկայացումները: Երիտասարդների կողմից ակնհայտ ձգտում կա դեպի թատրոն, ինչը չի կարելի անտեսել»,- նշեց Ա. Գրիգորյանը:
Չնայած, որ ասուլիսը նվիրված էր թատրոնի միջազգային օրվան, լրագրողներից մեկին հետաքրքրեց նաեւ, թե ինչպիսի արդյունքներ են ակնկալում Ռ. Քոթանջյանն ու Ա. Գիրգորյանը` «Հայաստան-Ռուսաստան» ֆուտբոլային հանդիպումից: Այդ հարցին Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Մի անգամ, երբ Ռուսաստանում էի, ռուս կոլեգաներիս հետ շախմատ խաղացի եւ հաղթեցի: Այդ ժամանակահատվածում մեր հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ` ռուս շախմատիստի հանդեպ: Եվ իմ ռուս ընկերներն ինձ ասացին. «ԹՈՔՌ վՈՎ ՉՏՑՍվցսՌ»: Հուսով եմ, ֆուտբոլային այս հանդիպումից հետո, երբ կրկին վերադառնամ Ռուսաստան, կլսեմ նույն արտահայտությունը: Սակայն, եթե անկեղծ` միայն հուսով եմ»:
Այս առիթով Ռ. Քոթանջյանը զվարճալի մի անեկդոտ հիշեց. «Երբ այլմոլորակայինները պատահաբար տեսնում են, թե ինչպես են մի խումբ մարդիկ վազում ընդամենը մի գնդակի հետեւից, չափազանց զարմանում են: Սակայն այդ տարօրինակ երեւույթն իրենց հետաքրքրում է, եւ նրանք որոշում են սովորել այդ խաղը: Որոշ ժամանակ անց տեղի է ունենում Հայաստան-այլմոլորակայիններ ֆուտբոլային հանդիպումը, որտեղ այլմոլորակայինները հաղթում են` 20։0 հաշվով, սակայն, չգիտես ինչու, տխրում են: Խաղի ավարտին պարզվում է նրանց տխրության պատճառը.«Հայերը 20 անգամ գոլ խփեցին, քսանն էլ` շտանգա: Իսկ մենք գոնե մի անգամ այդ շտանգային չկպանք»,- ասում են այլմոլորակայինները: Հուսով եմ, գոնե շտանգային խփած գոլեր կունենանք: Սակայն, եթե ավելի երազկոտ լինեմ, ապա կասեմ, որ 1։0` օգուտ մեզ խաղ եմ ուզում տեսնել: Բայց, ինչպես ռուսն է ասում. «Մեչտատ նե վրեդնո»: